Նախօրեին Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին նացիստական Գերմանիայի կողմից հարձակաման և Երկրորդ համաշխարահային պատերազմի մեկնակի 83-րդ տարելիցին նվիրված ելույթում հայտարարել էր, որ Վարշավան որոշել է Գերմանիայից ռեպարացիա և փոխհատուցում հայցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասի համար։ Ռեպարացիայի չափերը լեհական կողմի գնահատմամբ կազմում է 6,2 տրիլիոն լեհական զլոտի կամ 1,3 տրիլիոն դոլար:
«Գերմանիան երբեք պատասխան չի տվել Լեհաստանի դեմ գործած հանցանքների համար […]:Մենք պետք է ձգտենք վերականգնել գերմանացի ժողովրդի ինքնագիտակցությունը: [Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին] Գերմանական ագրեսիայի հետևանքով Լեհաստանի կրած կորուստների չափը կազմում է ավելի քան 6,2 տրիլիոն զլոտի»,- լեհական Bankier լրատվականի փոխանցմամբ հայտարարել էր Կաչինսկին՝ ներկայացնելով Լեհաստանի ունեցած կորուստները:

«Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին
Նա ընդգծել է, որ զեկույցի ներկայացումը ոչ միայն կատարված աշխատանքի և փաստաթղթավորման ցուցադրումն է, այլ նաև միջազգային մակարդակով փոխհատուցման հարցը բարձրացնելու որոշում, մասնավորապես լեհ-գերմանական հարաբերություններում։
«Փաստաթղթի էությունը կայանում է նրանում, որպեսզի երկար ու դժվարին դատական գործընթացների արդյունքում ստանանք փոխհատուցում այն ամենի համար, ինչ Գերմանիան, գերմանական պետությունը և գերմանացի ժողովուրդը արել են Լեհաստանում 1939-1954 թվականներին»,-ասել էր Լեհաստանի իշխող կուսակցության ղեկավարը և հավելել, որ ռեպարացիաների չափերը հետագա քննարկումների ընթացքում կարող է նույնիսկ էլ ավելի բարձրանալ:
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին էլ մեկանաբանելով ռեպարացիաների հետ կապված փաստաթղթային աշխատանքները լրագրողներին ասել էր. «Չորս տարի մենք շատ ընդգրկուն զեկույց ենք պատրաստում, որը պետք է ցույց տա գերմանացիների ոչ միայն ռազմական հանցագործությունների, այլեւ ավերածությունների մակարդակը։ Փաստն այն է, որ Լեհաստանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ամենաշատ տուժած երկրների թվում էր, որպես փոխհատուցում ստացել է նվազագույն միջոցներ։ Դժվար է դա նույնիսկ փոխհատուցում անվանել: Պատրաստվել է զեկույցը: Դա եռահատոր զեկույց է: Այս զեկույցի թարգմանությունը մի քանի լեզուներով այժմ մոտենում է ավարտին: Մենք ցանկանում ենք, որ աշխարհը ծանոթ լինի դրան: Մենք նաև ցույց կտանք բոլոր փաստաթղթերը, որոնք ներառում են և՛ լուսանկարներ, և՛ պատմական աղբյուրներ, և՛ շատ ճշգրիտ հաշվարկեր՝ հիմնված գիտականորեն ապացուցված հաշվարկի մեթոդների վրա՝ փոխակերպելով այն ժամանակվա կորուստները ներկայիս միջոցների»:
Լեհաստանի իշխանությունների կողմից հայտարարված 1,3 տրիլիոն դոլար գումարը հսկայական է։ Դա աշխարհի հինգ խոշորագույն տնտեսություններից մեկի՝ Գերմանիայի ընթացիկ տարեկան ՀՆԱ-ի գրեթե մեկ երրորդն է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամբողջ համաշխարհային ՀՆԱ-ն հազիվ հասավ հասնում էր 8 տրիլիոն դոլարի, որից Լեհաստանը ցանկանում է ստանալ գրեթե մեկ վեցերորդը։
Լեհ-գերմանական փոխհատուցումների պահանջների նախապատմությունը
1939-1945 թվականներին Լեհաստանի դեմ Նացիստական Գերմանիայի ագրեսիայի հետևանքով արդյուանբերության ոլորտում ավերածությունների ծավալները կազմում էին 62%, իսկ ենթակառուցվածքներինը՝ 84%: Ինչ վերաբերում է քաղաքացիների շրջանում զոհերի թվին, ապա դրա թիվը հասնում է մինչև 17.07%-ի: Միայն 1944 թվականին Վարշավայի հականացիստական ապստամբության ճնշման ժամանակ սպանված քաղաքացիների թիվը հասել էր 200 հազարի:

Ավերածությունները Լեհաստանում պատերազմի ժամանակ
1953 թվականի օգոստոսի 23-ին Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Խորհրդային Միության ճնշման և վերահսկողության ներքո, հայտարարել էր, որ 1954 թվականի հունվարի 1-ին միակողմանիորեն հրաժարվելու էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից պատերազմական ռեպարացիա ստանալու իրավունքից, քանի որ այն Արևելյան Գերմանիայի համար տնտեսական ծանր բեռ կարող էր լինել: Բացի այս Մոսկվան նաև ծրագրել էր Արևելյան Եվրոպայի բոլոր սոցիալիստական երկրներին մեկտեղել մեկ ընդհանուր տնտեսական և ռազմական փոխօգնության վրա հիմնված միջազգային բլոկի մեջ, որը և իրականացավ 1955 թվականին ի դեմս Վարշավյան պակտի: Հասկանալի է, որ նման բլոկի կայունացման ճանապարհին սոցալիստական Լեհաստանի և Արևելյան Գերմանիայի միջև չպետք է լիներ ոչ մի ռեպարացիոն «առևտուրներ»:
Այնուամենայնիվ, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը որոշակի փոխհատուցում արեց և դա եղավ Օդեր-Նեյսե գետերով անցնող ներկայիս սահմանների հաստատման տեսքով, որը մեկ քառորդով կրճատում էր 1937 թվականի դրությամբ, այսինքն մինչ հարձակողական պատերազմների ժամանակ, Գերմանիայի ունեցած արևելյան տարածքները՝ դրանք փոխանցելով Լեհաստանին ու ԽՍՀՄ-ին: Բացի այս ամենից Արևելյան Գերմանիան փոխահտուցում վճարեց Լեհաստանի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր փրկվել էին նացիստական ճամբարներում իրականացված բռնաճնշումներից և բժշկական փորձարկումներից: Այդ փոխհատուցումը Արևելյան Գերմանիան վճարեց 1972 թվականին:

Լեհաստանի «Միացիալ աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Էդուարդ Գերեկի և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Հելմուտ Շմիդտի հանդիպումը
Այնուհետև, 1975 թվականին Լեհաստանին հաջողվեց որոշակի փոխհատուցում ստանալ նաև Արևմտյան Գերմանիայից: Լեհաստանի այդ ժամանակվա առաջնորդ Էդուարդ Գերեկի և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (Արևմտյան Գերմանիա) ղեկավար Հելմուտ Շմիդտի կողմից ստորագրված համաձայնագրով նախատեսվում էր 1,3 միլիարդ գերմանական մարկ փոխհատուցում վճարել այն լեհերի համար ովքեր նացիստական օկուպացիայի ժամանակ վճարումներ էին կատարել Գերմանիայի սոցիալական ապահովության համակարգ, բայց թոշակ չէին ստացել։
1990 թվականին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության վերամիավորումից հետո Լեհաստանը փոխհատուցումների հարցը նորովի բարձրացրեց: Այն առաջ եկավ որպես Գերմանիայի փախստականների հարցերով կազմակերպությունների կողմից գերմանացի փախստականների ունեցվածքի և հողի փոխհատուցման, ինչպես նաև լեհական պետության տարածքներ՝ Օդեր-Նեյսե նոր սահմանների հաստատումից հետո բռնի տեղահանված գերմանացիների վերադարձի պահանջների պատասխանը: Առաջացած խնդիրները լուծելու համար 1992 թվականին երկու երկրների կառավարությունները ստեղծել էին «Լեհ-գերմանական հաշտեցման հիմնադրամը», որի արդյունքում Գերմանիան պատերազմի տարիներին տուժած լեհերին վճարեց 4,7 մլրդ լեհական զլոտի, որը ներկա փոխարժեքով կազմում է 7,97 մլրդ դոլլար: Նույն՝ 1992 թվականից մինչև 2006 թվականը Գերմանիան և Ավստրիան համատեղ փոխահտուցում վճարեցին պատերազմի ընթացքում Լեհաստանի ոչ հրեա տուժածներին, ովքեր ենթարկվել էին հարկադիր կամ ստրկական աշխատանքի: 1998-2002 թվականներին էլ նացիստական Գերմանիայի բռնություններից տուժած Լեհաստանի հրեաների և գնչուների համար փոխհատուցում էր վճարել «Հոլոքոստի զոհերի շվեյցարական հիմնադրամը»:
Միջազգային իրավունքի լեհ փորձագետների միջև գույություն ունի բանավեճ, թե արդյոք Լեհաստանը դեռ իրավունք ունի պահանջել պատերազմի ռեպարացիա: Նրանցից շատերը պնդում են, որ 1953 թվականի հռչակագիրը օրինական չէր, քանի որ Լեհաստանն ինքնիշխան պետություն չէր: Ավելին, նշվում է նաև, որ 1953 թվականի հռչակագիրը վերաբերվում էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությանը և Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությանը, որոնք, փաստացի, այլևս գոյություն չունեն:
2015 թվականին Լեհաստանում պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցության իշխանության գալուց հետո ռեպարացիաների հարցը կրկին բարձրացվեց: 2017 թվականին ստեղծվեց Գերմանիայից փոխհատուցում ստանալու հարցով հատուկ խորհրդարանական հանձնաժողով։ Ի պատասխան այս քայլի, Բեռլինը հայտարարեց, որ մտադիր չէ փոխհատուցում վճարել Լեհաստանին, քանի որ 1953 թվականին Վարշավան արդեն պաշտոնապես հրաժարվել էր ռեպարացիաներից։
Իսկ ահա 2020 թվականին Կաչինսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը, ինչպես և Գերմանիան, «պարտք են» Լեհաստանին, սակայն նշել էր, որ չի հավատում Մոսկվայի կարողությանը այս պատասխանատվությունը ստանձնելու համար։
Ի՞նչ է ասում Գերմանիան
Ինչպես արդեն ասացինք, փոխհատուցումների պատմությունը ձգձգվում է բավականին երկար ժամանակ։ Այսօրվա Գերմանիան կտրականապես հրաժարվում է Լեհաստանին փոխհատուցում վճարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ երկրին պատճառված վնասի համար, քանի որ կարծում է, որ 1953 թվականին Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունը պաշտոնապես հրաժարվել է փոխհատուցումներից։ Նման հայտարարություն է արել երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Դաշնային կառավարության դիրքորոշումն անփոփոխ է, փոխհատուցումների հարցը փակված է։ Լեհաստանը հրաժարվել է հետագա փոխհատուցումներից 1953 թվականին և բազմիցս հաստատել է այդ հրաժարումը: Սա կարևորագույն հիմք է այսօրվա եվրոպական կարգի համար։ Գերմանիան պատասխանատու է Երկրորդ համաշխարհային պատերազմի համար քաղաքականապես և բարոյապես»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ինչո՞ւ է Կաչինսկին հիմա բարձրաձայնում այս մասին:
Երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Քաղաքացիական պլատֆորմի» ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավայի կողմից հնչեցված պահանջները քիչ կապեր ունեն ռեպարացիաների և վնասի փոխհատուցման հետ։
«Սա ներքաղաքական քարոզարշավ է, և «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին չի թաքցնում, որ ցանկանում է այս կերպ բարձրացնել իշխող կուսակցության ժողովրդականությունը»,-ասել է Տուսկը։
Լեհաստանում կատարված սոցոլոգիական հացումները ցույց են տալիս, որ «Իրավունք և արդարություն» կուսակցությունը դեռևս առաջատր է համարվում երկրում, սալակն վերջին մի քանի ամիսների ընթացքում կուսակցության ժողովրդականությունը նկատելիորեն անկում է սկսել գրանցել:
«Իրավունք և արդարություն» կուսակցության և երկրի կառավարության վարկանիշային անկումը հիմնականում կապված է երկրի իշխանությունների կողմից գների արագ աճին դիմակայման կարողության և այդ ամենի ֆոնին լեհական տնտեսության աճի դանդաղման շուրջ հասրակության ներսում առաջ եկած դժգոհության հետ։
Այն, որ ռեպարացիաների ու փոխահատուցումների հարցը խիստ ներքին է, համամիտ են նաև վերլուծաբանները: Օրինակ, Դարմշտադի «Լեհ-գերմանական ինսիտուտի» փորձագետ Ագնեժկա Լադա-Քոնեֆալը գերմանակն Bild պարբերականին նշել է, որ իր գնահատմամաբ Լեհաստանի իշխող կուսակցությունը նման քայլ կատարում է 2023 թվականի աշնանը սպասվելիք ընտրություններին ընդառաջ:
«Կուսակցությունը ցանկանում է ձայներ վաստակել իր հիմնական ընտրողներից։ այնպես, որ այս ողջ պատմությունը ներքին է: «Իրավունք և արդարություն» կուսակցությունը միշտ է ցանկացել ներքին խնդիրները կապել ռեպարացիաների հարցի հետ և ողջ ուշադրությունը շեղել այլ հարցերի վրա»,-ասել է փորձագետը գերմանական պարբերականին և առավել քան մանրամասնորեն նկարագրել. «Լեհաստանում այս հարցի շուրջ բանավեճը շատ ավելի էմոցիոնալ է, բոլորն իրենց ընտանիքում ճանաչում են գոնե մեկին, ով եղել է պատերազմում կամ այնտեղ զոհվել է այդ տարիներին: Սպանված խաղաղ բնակիչներ, այրված տներ. Սա ակնկալիք է ծնում, որ խոսքը ոչ միայն իրավական կարգավորումների, այլ բարոյական ճանաչման մասին է: «Իրավունք և արդարություն» կուսակցության գործիչները խաղում են այս զգացմունքերի վրա: Նրանք փորձում են դա օգտագործել Լեհաստանում հակագերմանական տրամադրություններ ստեղծելու համար»:
Հասարակական կածիքի հետազոտման IBRiS ինսիտուտի կատարած հարցումները ցույց են տվել, որ Լեհաստանի բնակչության միայն չնչին մեծամասնությունն է՝ 51,1 %-ն է կողմ ռեպարացիաների պահանջին, իսկ 41,5 %-ը հերքել են նման պահանջի անհրաժեշտությունը:
Պահպանողական Rzeczpospolita թերթը նշել է, որ ռեպարացիաների պահանջի հիմնական աջակիցներն վատ կրթություն ունեցող և փոքր քաղաքներում բնակվող տարեց մարդիկ են , ովքեր համարվում են «Իրավունք և արդարություն» կուսակցության ընտրողները։

«Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկու հանդիպումը պատերազմը վերապրած տարեց լեհերի հետ
Այնուամենայնիվ, Լեհաստանի կողմից նման հարցի բարձրացումը կարող է չսահմանափակվել լեհական իշխանությունների կողմից միայն ներքին խնդիրները հարթելու ձգտումով, առավել ևս երբ նման ռեպարացիաների շուրջ հարցի բարձարցումը կարող է ուղղակի վատթարացնել Վարշավայի ու Բեռլինի հարաբերություները: Մյուս կողմից միջազգային դատարաններում նման հարցի բարձրացումը կարող է նաև իր պատասխանը գտնել Գերմանիայի կողմից՝ կրկին բարձրացնելով գերմանական արևելյան նախկին նահանգներ Պոմերանիայից, Սիլեզիայից և Արևելյան Պրուսիայից բռնի տեղահանված գերմանացիների փոխհատուցման հարցը: Ուստի առավել հավանական է, որ ներկա պահին նման հարցի բարձրացման թիրախային սլաքները նաև ունեն մեծամասամբ արտքին ուղղվածություն:

Լեհաստանին անցած տարածքների գերմանացի փախստականները
Հավանական է, որ Վարշավայի նման քայլը կարող է միտված լինել ցուցադրելուն, որ ռեպարացիաների ու փոխհատուցումների խնդիրները, որոնք չեն խնայում անգամ ՆԱՏՕ-ի և ԵՄ դաշանակցին, կարող է սպառնալ Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելուց հետո տեղ գտած որոշ իրադրաձությունների պատճառով:
Ընդգծենք, որ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո Լեհաստանը, ամիջական հարևան երկրներից, ամենաշատ ռազմական, հումանիտար և տեխնիկական աջակցությունն է ցուցաբերել Կիևին: Իսկ ուկրաինական օտարերկրյա լեգիոնի կազմում ռուսների դեմ մարտնչող օտարերկրացի զինվորականներից ամենշատը ներգրավվածը հենց լեհերն են:
