Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը իր Telegram-ի ալիքում տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնել է, որ մտածում է հրաժարական տալու մասին։
«Մենք՝ կովկասցիներս, չեչեններս, մի ասացվածք ունենք. «Հյուրը որքան էլ հարգված, սպասված լինի, եթե նա ժամանակին է հեռանում, ուրեմն ավելի հաճելի է»: Այս պատճառով, կարծում եմ, որ իմ ժամանակը նույնպես եկել է: Քանի դեռ ինձ չեն վտարել»,-ասել է Կադիրովը իր տեսաուղերձում և ավելացրել. «Ես սկսել եմ մտածել այդ մասին, փորձելու եմ ժամանակին հեռանալ»:
Իր ուղերձում նա նաև նշել է, որ արդեն 15 տարի է, ինչ ղեկավարում է Չեչնիան, և սա ամենաերկար ժամկետն է Ռուսաստանի տարածաշրջանների բոլոր ղեկավարների շրջանում։
Հատկանշական էր նաև տեսաուղերձի տակ տեղ գտած գրառումը. «Ինքս էլ եմ նկատել, որ երկար ժամանակ է, ինչ այս պաշտոնին եմ: Կարծում եմ, որ լիովին արժանի եմ անվերապահ և երկարատև արձակուրդի: Հուսով եմ, որ դուք կաջակցեք ինձ և կհասկանաք»: Այս խոսքերը Չեչնիայի ղեկավարը սակայն տեսաուղերձի մեջ չի ավելացրել:
Ընդգծենք, որ Կադիրովը, ով բավականին հաճախ հասարակությանը ներկայանում է, որպես օրինակելի հավատացյալ մուսուլման, նման հրապարկումը կատարում է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը, հիմնվելով Թաթարստանի Հանրապետության Լիշևսկի դատարանի՝ 2021 թվականին ընդունած և այս տարի գերագույն դատարանի կողմից հաստատված որոշման վրա, արգելված գրականության ցանկի մեջ էր ընդգրկել իսլամի սունի ուղղության հետևորդների համար առանցքային և Ղուրանից հետո գրեթե երկրորդ գիրքը համարվող «Սահիհ ալ-Բուխարին» կամ Ալ-Բուխարիի հադիսների ժողովածուն:
Մուհամմադ մարգարեի և իր ուղեկիցների կյանքն ու գործունեությունը ներկայացնող Ալ-Բուխարիի հադիսների ժողովածուի որպես «ծայրահեղական» գրականություն Ռուսաստանի տարածքում արգելելու հանգամանքին Կադիրովը արդեն արձագանքել էր՝ իր թելեգրամյան ալիքում գրելով. «Այսպես կոչված աստվածաբանների անգործությունն ու բացարձակ անտարբերությունը բերեցին նրան, որ դատարանն ի վերջո դիմեց ոչ կոմպետենտ փորձաքննության։ Եվ հիմա Ռուսաստանում միլիոնավոր մուսուլմաններ չեն կարող հասկանալ. ինչպե՞ս դավանել կրոնը, եթե երկրում արգելվում են կանոնական կրոնական հրատարակությունները»:
Նա իր քննադատական տեքստի մեկ այլ հատվածում էլ ավելացրել էր. «Եթե այս որոշումը չվերանայվի, և իրավասու փորձագետները չզբաղվեն կրոնական գրականության վերլուծությամբ, վախենամ, որ մուսուլմանները Ռուսաստանում չզգան իրենց ինչպես իրենց տանը: Եվ այստեղ արդեն կրոնը սահմանում է, որպեսզի մուսուլմանները գործեն լիովին այլ կերպ»:
«Համոզված եմ, որ պետության ղեկավարությունը և նախագահի աշխատակազմը ուշադրություն կդարձնեն դատարանի վճռին։ Կասկածից վեր է, որ իրավասու աստվածաբանների ներգրավմամբ ընդունված որոշումը վերանայելու հրատապ անհրաժեշտություն կա։ Բուխարիի հադիսների ժողովածուն հուսալի և վստահելի աղբյուր է, թե ինչպես է ապրել և ինչ է ուսուցանել սիրելի մարգարե Մուհամեդը: Նրա ապրելակերպն ու խոսքը մեզ համար օրինակ են և ուղեցույց»,-գրել էր Չեչնիայի ղեկավարը:
Կադիրովը ուղղերձում հիշել էր նաև Եվրոպան, որտեղ, ըստ նրա, մարգարեի ծաղրանկարներն ու հիջաբների դեմ ցույցերը հասարակության դեգրադացիա են առաջացրել «կենդանուց ցածր մակարդակի վրա»։
Չեչնիայի Հանրապետության ղեկավարը այս համատեքստում նաև բացատրել է, որ պատճառները, թե ինչու են հազարավոր մուսուլմաններ այժմ գտնվում «Ուկրաինայում Եվրոպայի հետ առճակատման ճակատներում», «սատանիզմի դեմ պայքարն է և կրոնական արժեքների պաշտպանությունը»։
Հավանական է, որ Կադիրովի հրաժարականի պատրաստման մասին նման հայտարարությունը կարող է մի կողմից լինել «Սահիհ ալ-Բուխարիի» արգելման հետ կապված դժգոհության արտահայտման քայլ, մյուս կողմից նաև միտված լինել Ռուսաստանի մուսուլմանների մոտ սեփական հեղինակությունը բարձրացնելուն:
Սակայն, Կադրիովի կողմից հեռանալու մասին այս հայտարարությունը իր պաշտոնավարման ընթացքում առաջինը չէ:
Օրինակ 2017 թվականին լրագրողների կողմից բարձրացրած այն հարցին, թե արդյո՞ք Չեչնիայի ղեկավարը պատրաստ է հրաժարական տալ, ասել էր. «Կարելի է ասել, որ դա իմ երազանքն է: Լինել շրջանի ղեկավար և Բարձրայալի, երկրի ղեկավարության և իհարկե ազգի առաջ պատասխանատվություն կրել հանրապետության համար, ժողովրդի համար դա շատ բարդ է: […] Ինչ որ ժամանակ անհարաժեշտ են եղել այնպիսիք, ինչպիսին ես եմ, որպեսզի պաքարեր և կարգ ու կանոն հաստատեր: Իսկ այսօր մենք հասարակության մեջ, Ռուսաստանում ունենք կարգուկանոն, հարգանք, ըմբռնում։ Նախ, որ մեզ ընկալում են որպես Ռուսաստանի քաղաքացի։ Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք փոփոխություններ անենք նաև Չեչնիայի Հանրապետությունում»
«Հաճույքով հեռանալու» և «իր ժամանակի գալու» մասին ևս մեկ հայտարարություն Կադիրովի կողմից հնչել էր նաև 2016 թվականին։
«Այժմ, որպեսզի ինձ չօգտագործեն, չօգտագործեն իմ անունը ընդդեմ իմ ժողովրդի, կարծում եմ երկրի ղեկավարությունը պետք է այլ մարդ գտնի: Իմ ժամանակը եկել է: Մարդը ժամանակային սահման ունի: Եվ հիմա, կարծում եմ, Կադիրովի համար պիկն է», հայտարարել էր Կադիրովը և ավելացրել, որ պատրաստվում է ժամանակը նվիրել ընտանիքին, անձնական կյանքին և իսլամի ուսումնասիրմանը, սակայն եթե պետք լիներ ինքը միշտ պատրաստ էր «ձեռքին բահ, ինքնաձիգ և ուսապարկ վերցնել»:
Նշենք նաև, 2016 թվականին Կադիրովի այս խսքերի հնչեցումից հետո, աշնանը Չեչնիայի Հանրապետությունում անցկացված ընտրություններում նա կրկին հաղթանական տարավ և շարունակեց պաշտոնավարել:
