Ուսումնական տարվա սկիզբը խիտ կարեւոր է դպրոցականների համար: Արձակուրդից հետո անհրաժեշտ է, որպեսզի աշակերտները կարողանան նորից ուսումնական հունի մեջ մտնել, ակտիվություն ցուցաբերել: Իսկ ուղեղի ակտիվության, լավ աշխատանքի համար խիստ կարեւոր է երեխաների սննդակարգը:
Sputnik ռադիոկայանի հետ զրույցում բժիշկ-նյարդաբան Օլեգ Լենյովը նշել է, թե ինչպիսի մթերքներ պետք է ներառել դպրոցականների սննդակարգում, որպեսզի նրանք ավելի հեշտ ու արագ ինտեգրվեն ուսումնական գործընթացին:
Քանի որ արձակուրդներից հետո դպրոցականներին ուղեղի ակտիվություն է անհրաժեշտ, կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների ակտիվացման համար մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգ ընկույզ ներառել:
«Եթե հակացուցումներ չկան, ընկույզը նախընտրելի է մեղրի հետ տալ: Բացի այդ, կենտրոնական նյարդային համակարգը ակտիվացնելու համար անհրաժեշտ է սննդակարգ ներառել հնարավորինս շատ B խմբի վիտամիններ պարունակող մթերքներ»,- ասել է մասնագետը:
Նշենք, որ B խմբի վիտամիններ պարունակում են հետեւյալ մթերքները՝ կաթ, կաթնաթթվային մթերքներ, ձու, միս, կարտոֆիլ, բազուկ, ավոկադո, բանան, հատիկավորներ:
Նախընտրելի է դպրոցականների սննդակարգում ավելի շատ ներառել վերոնշյալ մթերքներից:
Ուսումնական տարվա սկզբին դպրոցականների սննդակարգում իդեալական է ներառել հատապտուղներ՝ հաղարճ, մորի, մոշ եւ այլն:
Ըստ մասնագետի՝ դրանք լավ ազդեցություն են թողնում ուղեղի աշխատանքի վրա:
Մասնագետները նշում են նաեւ, որ դպրոցականների ուղեղի արդյունավետ աշխատանքի համար կարեւոր է նաեւ, որպեսզի նրանք բաց չթողնեն նախաճաշն ու դպրոց հաճախելուց առաջ լավ սնվեն:
