Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության երկու աշխատակից, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Սեպտեմբերի 5-ին, Քաբուլի ժամանակով ժամը 10:50-ին, Քաբուլում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի անմիջական հարևանությամբ անհայտ զինյալը գործի է դրել պայթուցիկ սարք։ Հարձակման հետեւանքով զոհվել է դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակից, զոհեր կան նաև Աֆղանստանի քաղաքացիների շրջանում։ Դեսպանատունը սերտ կապի մեջ է Աֆղանստանի անվտանգության ծառայությունների հետ, որոնք իրականցնում են հետաքննություն»,-ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ մահապարտ-ահաբեկիչը իրեն պայթեցրել է դեսպանատան անմիջական հարևանությամբ։
Reuters-ը՝ հղում անելով աֆղանական ոստիկանությանը նշում է, որ Քաբուլում ՌԴ դեսպանատան մուտքի մոտ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 11 մարդ։
Associated Press-ն էլ նշում է, որ Քաբուլի ոստիկանապետի ներկայացուցչի խոսքերով առնվազն մեկ խաղաղ բնակիչ է զոհվել և ևս 10-ը վիրավորվել:
Ոստիկանության տվյալներով՝ դեսպանատան պահակները կրակ են բացել տղամարդու վրա, երբ նա մոտենալիս էր եղել դիվանագիտական ներկայացուցչության դարպասներին, որից հետո լսվել էր պայթունը:
Միջադեպի ականատեսների վկայությամբ՝ այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շատ մարդիկ են եղել, գրում է ռուսական «Интерфакс» լրատվականը։
Մեկ այլ ռուսական պաշտոնական լրատվական РИА Новости-ին էլ, հղում կատարելով անանուն աղբյուրի, նշել էր, որ պայթունի ժամանակ դեսպանատան աշխատակիցը դուրս էր եկել, որպեսզի վիզաների համար դիմած և հաստատված Աֆղանստանի քաղաքացիների անունները հայտներ:
Տեղի ունեցածը արդեն հասցրել է նաև մեկանաբանել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ով ասել էր. «Խոսքն իհարկե ահաբեկչության մասին է։ Մենք խստորեն դատապարտում ենք նման ահաբեկչական գործողությունները։ Եվ, իհարկե, հիմա գլխավորը, որ պետք է անել, տեղում տեղեկատվություն ստանալն է այն մասին, թե ինչ է կատարվել մեր ներկայացուցիչների, մեր դիվանագետների հետ»:
Ռուսաստանը այն սակավաթիվ երկրներից է, որը շարունակել էր պահել իր դեսպանատունը Քաբուլում, ավելի քան մեկ տարի առաջ թալիբների կողմից երկիրը գրավելուց հետո (մինչդեռ Թալիբանը շարունակում է մնալ ահաբեկչական և արգելված կազմակերպություն Ռուսաստանի իշխանությունների համար):
Թեև Մոսկվան պաշտոնապես չի ճանաչում թալիբների կառավարությունը, այնուամենայինիվ Կրեմլը բանակցություններ է վարում շարժման պաշտոնյաների հետ բենզինի և այլ ապրանքների մատակարարման համաձայնագրի շուրջ։
Նշենք նաև, որ ներկա պահին տեղեկություններ չկան, թե որ խմբավորումն է պայթունի կազմակերպման և իրականացման պատասխանատվությունը վերցրել իր վրա:
