Մեծ յոթնյակի՝ G7 խմբի անդամ երկրների ֆինանսների նախարարները սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Էլմաու քաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվածություն էին ձեռք բերել ռուսական նավթի արտահանման համար գների հստակ սահմանաչափ սահմանելու շուրջ, որի նպատակը կայանում է Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆինանսավորման Կրեմլի կարողությունը սահմանափակելու մեջ:
Մեծ յոթնյակի ֆինանսների նախարարների համատեղ հայտարարության 5-րդ կետում նշվում է. «Էլմաուում կայացած գագաթնաժողովում G7-ի առաջնորդները վերահաստատել էին համատեղ հանձնառությունը՝ կանխել Ռուսաստանի կողմից վարվող ագրեսիվ պատերազմից օգուտ քաղելը, աջակցել կայունությանը համաշխարհային էներգետիկ շուկաներում և նվազագույնի հասցնելու բացասական տնտեսական հետևանքները, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար: Այս պարտավորությունը կատարելու համար մենք այսօր հաստատում ենք մեր համատեղ քաղաքական մտադրությունը՝ ավարտել և իրականացնել ծառայությունների համապարփակ արգելքը, որը ողջ աշխարհով ռուսական հանածո նավթի և նավթամթերքի փոխադրման հնարավորություն էր տալիս»:
Վերոնշյալ հայտարարության 6-րդ կետով էլ ավելացվում է, որ իրենց կողմից գնային շեմի իջեցուման ծրագիրը մշակվել է հատուկ նրա համար, որպեսզի նվազեցվեն Ռուսաստանի եկամուտները և իր ագրեսիվ պատերազմը հովանավորելու կարողությունը, ինչպես նաև թույլ չտալ որպեսզի Ուկրաինայում ընթացող պատերազմը իր ազդեցությունը ունենա էներգակիրների համաշխարահային գների վրա՝ հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար: «Այսպիսով, այս միջոցը կհիմնվի և կուժեղացնի գործող պատժամիջոցների շրջանակը, մասնավորապես՝ ԵՄ-ի պատժամիջոցների վեցերորդ փաթեթը»,-ավելացվում է հայտարարության 6-րդ կետում:
«Երկրների տարբեր խմբի և հիմնական շահագրգիռ կողմերի հետ մեր լայնածավալ և շարունակական ներգրավվածությանը համահունչ՝ մենք բոլոր երկրներին հրավիրում ենք իրենց ներդրումն ունենալ գնի սահմանաչափի ձևավորման վերաբերյալ և իրականացնել այս կարևոր միջոցառումը: Մենք ձգտում ենք ստեղծել լայն կոալիցիա, որպեսզի առավելագույնի հասցնենք արդյունավետությունը, և կոչ ենք անում բոլոր երկրներին, որոնք դեռ ձգտում են ներմուծել ռուսական նավթ և նավթամթերք, պարտավորվել դա անել միայն գնի սահմանաչափից ցածր գներով: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառնությունը ռուսական նավթն ու նավթարտադրանքը մեր ներքին շուկաներից աստիճանաբար դուրս մղելու հարցում և ընդգծում ենք, որ գնի սահմանաչափի չափման միջոցը նպատակ ունի թուլացնել նավթի համաշխարհային գների վրա գործադրվող ճնշումը և աջակցել նավթ արդյունահանող աշխարհի բոլոր երկրներին […]»,-ասվում է G7-ի ֆինանսների նախարարների համատեղ հայտարարության 7-րդ կետում:
Նաև ընդգծվում է, որ նախնական գնային սահմանը կորոշվի մի շարք տեխնիկական տվյալների հիման վրա, որը իրականցվելու է G7-ի այս որոշմանը միացած երկրների կոալիցիայի կողմից յուրաքանչյուր իրավական գործընթացի շրջանակներում: Գների սահմանաչափը հրապարակայնորեն կհաղորդվի պարզ և թափանցիկ ձևով: Նշվում է նաև, որ գների շեմի արդյունավետությունն ու ազդեցությունը մանրակրկիտ մշտադիտարկվելու են, և անհրաժեշտության դեպքում գների մակարդակը կվերանայվի:
«Մենք նախատեսում ենք, որ գնային շեմի գործնական կիրառումը հիմնված կլինի հաշվառման և ատեստավորման մոդելի վրա, որը կներառի բոլոր համապատասխան տեսակի պայմանագրերը: Մենք նպատակ ունենք ապահովելու հետևողական իրականացում ունեցած բոլոր իրավասություններում: Իրականացման ընթացքում մենք նպատակ կունենանք սահմանափակել գների շեմի ռեժիմը շրջանցելու հնարավորությունները՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով շուկայի մասնակիցների համար վարչական բեռը»,-ասվում է հայտարարության մեջ և ավելացվում․ «Մենք նախատեսում ենք, որ կոալիցիան համագործակցության շրջանակ կստեղծի իրավասության շրջանների միջև, որպեսզի ապահովվի մոնիտորինգ և վերահսկում իրականացնելու համապատասխանությունը և հնարավորությունը»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր թվիթերյան գրառման մեջ ողջունել էր G7-ի երկրների կողմից նման որոշման ընդունումը՝ գրելով. «Գների շեմի G7-ի այսօրվա հայտարարությունը մեծ քայլ է նախագահ Պուտինիի եկամուտները մերժելու համար, որը ֆինանսավորում է Ուկրաինայում ընթացող նրա անհիմն պատերազմը, միաժամանակ նվազեցվում են էներգակիրների համաշխարհային գները, ինչը աներևակայելի կարևոր է էներգիայի աճող ծախսերից տառապող երկրների համար: Մենք շարունակում ենք պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկանաբանելով G7-ի այս որոշումը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ նման դեպքում Ռուսաստանը սահմանափակ ընտրություն հնարավորություն կունենա, և դա կլինի այն երկրներին շրջանցելը, որոնք մասնակցում են գների սահմանաչափի ներդրմանը, և փոխարենը կշարունակի վաճառել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը, որոնք էժան նավթի ծարավ ունեն:
«Մենք պարզապես չենք համագործակցի» այն երկրների հետ, որոնք կմիանան «Մեծ յոթնյակի» գնային շեմին «ոչ շուկայական սկզբունքներով», — ասել է Պեսկովը։
Նշենք, որ երբ G7-ի ղեկավարները հունիս ամսին հանդիպել էին Էլմաուում, պայմանավորվածություն էին ձեռք բերել դիտարկել այնպիսի միջոցներ, որոնք կխոչընդոտեին հստակեցված գնային սահմանից բարձր գներով ռուսական նավթի ներմուծմանը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտավախություն էր հայտնել, որ ԵՄ-ի կողմից ռուսական նավթի ամբողջական արգելքը կարող էր հանգեցնել նավթի գների աճի և այլընտրանքային մատակարարումների համար մղվող պայքարի, մինչդեռ գնի սահմանաչափը կօգնի պահպանել ռուսական նավթի հոսքը:
