-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2021թ. ՀՀ պետական մրցանակը շնորհվեց IBM ընկերության փոխնախագահ Լեոն Ստոկին
Այլ Լուրեր

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2021թ. ՀՀ պետական մրցանակը շնորհվեց IBM ընկերության փոխնախագահ Լեոն Ստոկին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական ամենամյա մրցանակաբաշխության նպատակը շատ կարևոր է՝ շեշտելու, որ այս ոլորտում Հայաստանը ասելիք և անելիք ունի: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, որի դերակատարումը հանգեցրել է հեղափոխական բնույթի զարգացումների:

2021 թվականի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի է արժանացել Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Ստոկը: Մրցանակը նրան շնորհեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Համոզված եմ որ այս պահին բոլորիս մեջ էլ հպարտության զգացում կա, որովհետև ամեն երկիր և ղեկավար չէ,  որ նման հնարավորություն ունի՝ պարգև  հանձնելու համաշխարհային դեր ու նշանակություն ունեցող ընկերության ներկայացուցչի: Լեոն Ստոկի հետ հանդիպմանս ես համոզվեցի, որ իրականում տաղանդավոր մարդիկ, ինչպես միշտ, լինում են համեստ, գիտեն իրենց գործը և լուռ անում: Իսկ մեր նման մարդիկ, պաշտոնյաները և նախաձեռնության հեղինակները իրենք են կարողանում այդ մարդկանց գտնել և ներկայացնել: Կարծում եմ իրականում սա մեծ պատիվ է և՛ ինձ համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար, այսօր հնարավորություն ունենալ մրցանակ հանձնելու Լեոն Ստոկին»,- ասաց Վահագն Խաչատուրյանը:

Նախագահն ընդգծեց, որ պետական մրցանակի բոլոր դափնեկիրներն էլ աշխարահռչակ մարդիկ են, և բոլորն էլ իրենց դերն ու մասնակցությունն են ունեցել ժամանակակից տեխնոլոգիական հեղափոխության մեջ, և ունեն   ընդհանուր գիծ, իրենք ուղղակի հեղափոխություն են արել իրենց բնագավառներում:

«Ես համոզված եմ, որ նման միջոցառոմների շարունակական իրականցումը մեր երիտասարդների մոտ էլ կառաջացնի ձգտում՝ այս ցուցակում հայտնվելու համար»,- եզրափակեց նա:

Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները կարգավորող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ ՏՏ աշխարհում բազմաթիվ խոշոր դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բացառիկ ներդրումներ են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով: Եվ այս ամենամյա մրցանակաբաշխության միջոցով կազմակերպիչներն ուզում են մեծարել նման անհատներին, ապա նաև հյուրընկալելով նրանց Հայաստանում՝ հաղորդակից լինել այդ հսկաների հետ:

Մրցանակի դափնեկիրը՝ Լեոն Ստոկը, իր հերթին շնորհակալություն հայտնեց մրցանակի համար՝ նշելով, որ դա մեծ պատիվ է ոչ միայն իր, այլև բոլոր այն մարդկանց համար, որոնք աշխատել են իր հետ:

«Շատ ուրախ եմ, որ այս մրցանակը ստանում են հենց Հայստանում, ես տեսա, թե ինչքան ժամանակ ու ռեսուրս եք դուք ծախսում կրթության և գիտության բնագավառը զարգացնելու համար: Այստեղ կարևորում  են շարունակական կրթությունը: Ես կես օր է Հայաստանում են, բայց շատ տպավորված եմ մարդկանցով, ովքեր շատ նվիրված են գիտությանը և կարողանում են ստեղծել հոյակապ մթնոլորտ: Հայաստանը կարող է գիտության և նորարարությունների ոլորտում շատ հետաքրքիր դեր ունենալ՝ լինելով մի քանի աշխարհամասերի խաչմերուկում: Ես անհամբեր սպասում եմ, որ Հայաստանը օգտվի այս նոր հնարավորություններից»,- ասաց Լեոն Ստոկը:

Մրցանակի հանձնումից հետո՝ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց հատուկ ծրար՝ նվիրված  Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական հատուկ մրցանակ ստանալու կապակցությամբ:

Հատուկ ծրարի մարումն իրականացրեցին ՀՀ ԲՏԱ նախարար  Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ պետական մրցանակի արժանացած Լեոն Ստոկը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը:

Լեոն Ստոկը IBM‘-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահն է։ Նրա թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։ IBM-ը դասվում է աշխարհի խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների շարքը՝ տրամադրելով ապարատային, միջանկյալ ապահովման և ծրագրային ապահովման լայն սպեկտր, ինչպես նաև ամպային հաշվարկների, տվյալների վերլուծության և խորհրդատվական ծառայություններ՝ հիմնական համակարգիչներից մինչև նանոտեխնոլոգիաների ոլորտներում: Ընկերությունը նաև տարիներ շարունակ ծառայել է որպես գիտահետազոտական խոշոր կորպորացիա՝ այնպիսի նշանակալից գյուտերով, ինչպիսիք են ճկուն սկավառակը (floppy disk), կոշտ սկավառակ կրիչը (hard disk drive) և UPC շտրիխ կոդը (UPC barcode):

Բեռնում.....