11.1 C
Yerevan
7 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » ԵՄ-ն ստիպված է արձագանքել. Թուրքիայի նախագահ Էրդողանը Հունաստանին սպառնում է կրկնել Իզմիրի կոտորածները
Այլ Լուրեր

ԵՄ-ն ստիպված է արձագանքել. Թուրքիայի նախագահ Էրդողանը Հունաստանին սպառնում է կրկնել Իզմիրի կոտորածները

Վերջին ժամանակներում նկատելիորեն լարվել են ՆԱՏՕ-ի անդամ-դաշնակից հարևան պետություններ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները, որի համար հիմնական պատճառ են հանդիսանում Հունաստանի օդային և ծովային սահմանների խախտումներից սկսած մինչև Թուրքիայի կողմից Էգեյան ծովով անցնող սահմանների վերանայման ու անգամ տարածքային պահանջների ներկայացումը: 

Անկարան իր նման պահանջները բազմիցս բացատրել է Էգեյան ծովի որոշ հունական կղզիների ապառազմականացման անհրաժեշտությամբ, որոնք բխում են 1923 թվականի Լոզանի կոնֆերանսի արդյունքում ձեռք բերված պայմանագրի 13-րդ կետի պայմաններից, որում մասնավորապես նշվում է.   

«Խաղաղության պահպանումն ապահովելու նպատակով Հունաստանի կառավարությունը պարտավորվում է պահպանել հետևյալ սահմանափակումները Միթիլեն, Քիոս, Սամոս և Նիկարիա կղզիներում. 

  1. Նշված կղզիներում ռազմածովային բազա և ամրություն չպետք է ստեղծվի։
  2. Հունական ռազմական ինքնաթիռներին արգելվում է թռչել Անատոլիայի մերձափնյա տարածքներով: Փոխադարձաբար թուրքական կառավարությունը կարգելի իր ռազմական ինքնաթիռներին թռիչքներ կատարել նշված կղզիների վրայով։ 
  3. Նշված կղզիներում հունական ռազմական ուժերը կսահմանափակվեն զինվորական ծառայության զորակոչված սովորական կոնտինգենտով, որը կարող է վերապատրաստվել տեղում, ինչպես նաև ժանդարմերիայի և ոստիկանության այն ուժերով որոնք համաչափ կլինեն ժանդարմերիայի և ոստիկանության այն ուժերին, որը գոյություն ունի ամբողջ Հունաստանի տարածքում»։ 

Հունաստանը իր հերթին չի ընդունում թուրքական կողմի ներկայացրած պնդումները և Անկարային մեղադրում է ոչ միայն իր օդային տարածքը խախտելու և վերոնշյալ կղզիների վրայով ռազմական թռիչքներ կատարելու մեջ, այլ նաև Միջերկրական ծովում իր տնտեսական առանձհատուկ հետաքրքրության գոտում նավթի և գազի հորատման աշխատանքների համար հետազոտություններ կազմակերպելու համար: 

Նշենք, որ Թուրքիայում Հունաստանի դեմ թշնամական հռետորաբանությունը լարված իրավիճակներին զուգահեռ էլ ավելի է խորանում, որը իր արտացոլումն է գտնում անգամ տեղի լրատվականների ու հեռուստատեսային հաղորդումների շրջանակներում կազմակերպված քաղաքագիտական քննարկումների ժամանակ: Դրանց ընթացքում թուրք քաղաքագետները բազմիցս են նշել հունական որոշ կղզիներ Թուրքիային միացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև համապատասխան քարտեզներ ներկայացրել, որոնցում այդ կղզիները ընդգրկվել են Թուրքիայի սահմանների մեջ:

Վերջին լարվածությունը, որը կրկին սրեց Անկարայի և Աթենքի հարաբերությունները տեղ գտավ նախորդ շաբաթ, երբ թուրքական կողմը Հունաստանին մեղադրել էր սահմանային խախտում թույլ չտված իր F-16 ինքնաթիռներին ռուսական արտադրութայան C-300 ՀՕՊ համակարգերով սպառնալու և ռադարային բլոկադայի ենթարկելու մեջ: Սրան ի պատասխան Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ թուրքական ինքնաթիռները խոչընդոտել էին ՆԱՏՕ-ի շրջանակներում համաձայնեցված գործողություններ կատարած ամերիկյան ծանր ռմբակոծիչների երթևեկությանը՝ նախապես չտեղեկացնելով կողմերից որևէ մեկին: 

Այս իրադարձությունը այնքան էր վրդովեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ վերջինս ավիացիոն և տեխնիկական  «TEKNOFEST» (Teknofest Aerospace and Technology Festival) միջոցառման ժամանակ ունեցած ելույթի ընթացքում Հունաստանի հասցեին բավականին կոշտ ու սպառնալից հայտարարությամբ էր հանդես եկել: 

«Հունաստանը սպառնում է մեզ C-300-ով: Հունաստա՛ն, նայի՛ր պատմությանը: Հե~յ Հունաստա՛ն: Մի՛ մոռացիր քո պատմությունը: Եթե շարունակես քո գործողությունները, ստիպված կլինես ծանր գին վճարել: Մի բան կասեմ. մի՛ մոռացիր Իզմիրը: Կղզիների օկուպացիան մեզ չի անհանգստացնում: Կգա ժամանակը, և մենք կանենք այն, ինչը անհրաժեշտ է: Ինչպես ես սովորաբար ասում եմ. մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը»,-ասել էր Էրդողանը իր ելույթի ընթացքում:

Այսինքն, ստացվում է, որ Էրդողանը հրապարակայնորեն սպառնում է ոչ միայն «գիշերով հանկարծակի» ինքնիշխան և դաշնակից պետության վրա հարձակվել, այլ նաև կրկնել այն, ինչը համարվում է թուրք-հունական հարաբերությունների պատմության սարսափելի ու մռայլ էջերից մեկը՝ պատմական հունական քաղաք Զմյուռնիայի կամ ինչպես ներկայումս կոչվում է Իզմիրի 1922 թվականի սարսափելի կոտորածը

Իսկապես, հույները Իզմիրի պարագայում այլ բան չունեն հիշելու, քան հարձակման անցած Մուստաֆա Քեմալի բանակի կողմից իրագործված քաղաքի քարիստոնյա բնակչության եղեռնը, որի զոհերի թվում բացի հույներից, որոնք մեծամասնություն էին կազմում, կոտորվել էին նաև հայերը: Այլ կերպ ասած` Էրդողանի խոսքերը համեմատելի են, օրինակ հրեաներին Հոլոքոստի սպառնալիք հնչեցնելուն, կամ հայերին  1915 թվականի Ցեղասպանությունը կրկնելուն: 

Ինչ խոսք, սա Էրդողանի առաջին նման հայտարարությունը չէ, որտեղ Թուրքիայի նախագահը փորձում է հույներին հիշեցնել մերթ 1919-1922 թվականների թուրք հունական պատերազմը, մերթ հույների «ագրեսիվ» պահվածքը, որոնք առավել հաճախ տեղ էին գտնում նրա թվիթերյան էջում: Սակայն, Թուրքիայի նախագահի վերջին այս հայտարարությունը այս անգամ անտարբեր չթողեց նաև Եվրոպական միությանը: 

ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցչի խոսնակ Փիթեր Ստանոն սեպտեմբերի 5-ին տարածած հայտարարության մեջ նշում էր. «Հունաստանի և հույն ժողովրդի դեմ Թուրքիայի քաղաքական ղեկավարության շարունակական թշնամական արտահայտությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում և լիովին հակասում են Արևելյան Միջերկրական ծովում դեէսկալացիայի անհրաժեշտ ջանքերին, որոնք կցված են Եվրոպական խորհրդի 2021 թվականի մարտ, հունիս ամիսներին, ինչպես նաև 2022 թվականի հունիս ամսին կատարած եզրակացություններում:  Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և երկրների կենսական ու օրինական շահերի լիարժեք հարգմամբ: Սպառնալիքներն ու ագրեսիվ հռետորաբանությունն անընդունելի են և պետք է դադարեցնել»: 

Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ լարվածությունը թուլացնելու, փոխըմբռնումը խթանելու և բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու համար անփոխարինելի է բովանդակալից և անկեղծ երկխոսության մեջ ներգրավվելը։

«ԵՄ-ն վերահաստատում է Թուրքիայից իր ունեցած ակնկալիքը՝ միտված կայուն ձևով լարվածությունը թուլացնելու ուղղությամբ լրջորեն աշխատելուն՝ բխող Արևելյան Միջերկրական ծովում տարածաշրջանային կայունության շահերից, և ԵՄ բոլոր անդամ պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին հարգելուն»,-ասվում է հայտարարության եզրափակիչ մասում:

Այս համատեքստում նշենք նաև, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ը Հունաստանի պատմության համար Թուրքիայի ու թուրքերի հետ կապված մեկ այլ արյունալի իրադարձության հիշատակի օր է համարվում: Խոսքը 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլ քաղաքի հունական համայնքի կոտորածի մասին է: Ըստ թուրքական կողմի պաշտոնական տվյալների` այդ իրադարձություններին զոհ էին գնացել 13-ից 16 հույն և մեկ հայ, ավերվել էին մեծաքանակ եկեղեցիներ և գերեզմաններ: Այս կոտորածի արդյունքում քաղաքում մնացած 100 000 հույների կեսից ավելին ուղղակի ստիպված էր եղել լքել հայրենի քաղաքը:

Այդ իրադարձությունների ժամանակ հակահունական տրամադրությունները տարածվել էին նաև Թուրքիայի այլ քաղաքներում, առաջին հերթին՝ Իզմիրում, որտեղ տուժել են հույն սպաների ընտանիքները, ովքեր գտնվել էին քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Նշենք նաև, որ ո՛չ Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերը, ո՛չ էլ արևմտաեվրոպական հանրությունը չէին միջամտել արյունալի այդ իրադարձություններին: Միայն Անկարայում Մեծ Բրիտանիայի գործերի հավատարամատար Մայքլ Ստյուարտը, քննադատելով Թուրքիայի կառավարության գործունեությունը, մեղադրել էր այդ ժամանակ իշխող «Դեմոկրատական կուսակցությանը» ջարդեր կազմակերպելու և բնակչության շրջանում հակահունական տրամադրություններ սերմանելու մեջ: 

Բեռնում.....