1.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » «Իսլամական պետությունը» ստանձնել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած մահացու հարձակման պատասխանատվությունը
Այլ Լուրեր

«Իսլամական պետությունը» ստանձնել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած մահացու հարձակման պատասխանատվությունը

Նախօրեին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանտվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության «Խորասանի» մասնաճյուղը, որի մասին հայտնել է ինչպես խմբավորման մամուլի ծառայությունը, այնպես նրանց մոտ կանգնած «Ամաք» լրատվականը:

«Իսլամական պետություն» տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ահաբեկչական գործողությունն իրականցրել է Վաքաս ալ-Մուջահիրը, ով այսպես կոչված «շահիդի բաճկոնը» պայթեցրել էր Ռուսաստանի դեսպանատան կենտրոնական հատվածում հավաքված «ռուս աշխատակիցների, լրտեսների և վարձկանների ամբոխի մեջ», որի հետևանքով սպանվել և վիրավորվել է 25 մարդ, այդ թվում երկու ռուս աշխատակից:

Իսլամական պետության հաղորդագրությունը

«Ամաք» լրատվականն էլ հայտնում է, որ «Իսլամական պետություն» «շահիդ-մարտիկը» կարողացել էր նախ հաղթահարել թալիբների կողմից դրված բոլոր անվտանգության արգելապատնեշները և Դար ալ-Աման փողոցի կողմից մոտենալ դեսպանատան դարպասներին, որտեղ այդ պահին հավաքված են եղել ռուսական դեսպանատան աշխատակիցները, նրանց լրտեսներն ու վարձկանները, ովքեր սպասելիս են եղել ռուսական վիզայի տրամադրմանը:


«Ամաք» լրատվականի հաղորդագրությունը

Հիշեցնենք, որ նախօրեին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր լրատվականների պնդմամբ զոհվել էր ավելի քան 10 մարդ, այդ թվում և ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակից:

«Սեպտեմբերի 5-ին, Քաբուլի ժամանակով ժամը 10:50-ին, Քաբուլում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի անմիջական հարևանությամբ անհայտ զինյալը գործի է դրել պայթուցիկ սարք։ Հարձակման հետեւանքով զոհվել է դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակից, զոհեր կան նաև Աֆղանստանի քաղաքացիների շրջանում։ Դեսպանատունը սերտ կապի մեջ է Աֆղանստանի անվտանգության ծառայությունների հետ, որոնք իրականացնում են հետաքննություն»,- ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Ահաբեկչական գործողությունը ռուսական վիզաների տրամադրման համար հավաքված անձանց շրջանում լինելու մասին հայտնել էր նաև ռուսական РИА Новости-ին: Լրատվականը հղում կատարելով անանուն աղբյուրի հայտնած տեղեկություններին՝ նշել էր, որ պայթունի ժամանակ դեսպանատան աշխատակիցը դուրս էր եկել, որպեսզի վիզաների համար դիմած և հաստատված Աֆղանստանի քաղաքացիների անունները հայտներ:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ պայթյունից հետո «անմիջապես ձեռնարկվել էին մի շարք միջոցառումներ արտաքին պարագծի պաշտպանությունն ուժեղացնելու համար, ներգրավվել էին թալիբների իշխանությունների լրացուցիչ ուժեր, ակտիվացվել էին հետախուզական և հակահետախուզական ծառայության հնարավորությունները։ […] հուսով ենք, որ այս ահաբեկչության կազմակերպիչներն ու դրա հեղինակները հնարավորինս շուտ կպատժվեն»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, մեկնաբանելով Քաբուլում տեղի ունեցածը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծել էր, որ տեղի ունեցածը անկասկած եղել է ահաբեկչություն:

«Խոսքն իհարկե ահաբեկչության մասին է։ Մենք խստորեն դատապարտում ենք նման ահաբեկչական գործողությունները։ Եվ, իհարկե, հիմա գլխավորը, որ պետք է անել, տեղում տեղեկատվություն ստանալն է այն մասին, թե ինչ է կատարվել մեր ներկայացուցիչների, մեր դիվանագետների հետ»,-ասել էր Պեսկովը:

Թալիբանի կառավարության արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Քահար Բալախին էլ իր թվիթերյան էջում կատարած գրառումների շարքում կառավարության անունից դատապարտելով ահաբեկչական գործողությունը ու ռուսական կառավարությանը, ժողովրդին և զոհերի հարազատներին ցավակցություն հայտնելով, հույս էր հայտնել, որ նման գործընթացները բացասական ազդեցություն չեն ուենենա Աֆղանստանի և Ռուսաստանի հարաբերություններում:
Նա նաև նշել էր, որ թալիբների ուժային ծառայություները սկսել են միջադեպի բազմակողմ հետաքննությունը և ապագայում էլ ավելի աչալրջորեն կներգրավվեն դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների պահապանության գործին:

Ավելի ուշ Բալախին նաև տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան ներկայումս Աֆղանստանի ԱԳ նախարար համարվող Մալավի Ամիր Խան Մութթաքին հեռախոսազրույց էր ունեցե Սերգեյ Լավրովի հետ:
«Արտգործնախարար Մութթաքին ցավակցություն է հայտնել իր ռուս գործընկերոջը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մերձակայքում այսօր տեղի ունեցած հարձակման համար և հավաստիացրել է, որ դրա վերաբերյալ համապարփակ հետաքննություն կանցկացվի: Նախարար Մութթաքին ասել է, որ երկու կողմերը չպետք է թույլ տան, որ թշնամու նման բացասական գործողությունները բացասաբար ազդեն երկու երկրների սերտ և դրական հարաբերությունների վրա»,-ասվում էր թալիբների ԱԳ նախարարության խոսնակի թվիթերյան գրառման մեջ և ավելացվում, որ ի պատասխան «Լավրովը բարձր է գնահատել հեռախոսազրույցը և իր ցավակցությունն է հայտնել աֆղանական կողմին պայթյունի հետևանքով զոհվածների համար: ՌԴ ԱԳ նախարարն այս հարձակումն անվանել է միջազգային հանցավոր սինդիկատների աշխատանք՝ ընդգծելով նրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունը»։

Բեռնում.....