Զապորոժիեի՝ ռուսական զորքերի կողմից օկուպացված ատոմակայանի տարածք կատարած այցից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱՏԷՄԻԳ) այսօր՝ սեպտեմբերի 7-ին հրապարակել է կառույցի փորձագետների սպասված զեկույցը:
ԱՏԷՄԻԳ-ի զեկույցը հիմնված է միջազգային փորձագետների դիտարկումների և եզրակացությունների վրա, որոնք աշխատել են Ուկրաինայում ապրիլի 28-ից սեպտեմբերի 5-ը։ Փաստաթղթի ամենածավալուն մասը նվիրված է Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակին։
Կառույցի զեկույցում նշվում է, որ մարտ ամսից, երբ կայանը գրավել են ռուսական զորքերը, այնտեղ իրադրությունը վատթարացել է բոլոր ուղղություններով, որոնք գործակալությունը անվանում է «միջուկային անվտանգության յոթ կարևոր բաղադրիչներ».
- Խախտվել է կայանի ֆիզիկական ամբողջականությունը
- Խախտվել է կայանի անվտանգության համակարգի աշխատունակությունը
- Անձնակազմը ստիպված է աշխատանքը իրականացնել ծանր պայմաններում և մշտական ճնշման ներքո
- Խախտվել է էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրներից ստացվող մատակարարումը
- Խախտվել է մատկարարման համակարգը
- Առկա են խնդիրներ կապված պլանային ռադիացիոն մոնիտորինգի և արտակարգ իրավիճակների արձագանքման հետ
- Խաթարված է կարգավորիչների հետ կապը
Փաստաթղթում նշվում է նաև, որ սեպտեմբերի 3-ին ԱՏԷՄԻԳ -ի փորձագետներն իրենք են դարձել Զապորոժիեի ատոմակայանի տարածքի հրետակոծության ականատեսը։
«Թիմը դիտարկել է հրետակոծության հետևանքով հասցված վնասները, որոնցից մի քանիսը գտնվում են ռեակտորային անոթների մոտակայքում», — ասվում է զեկույցում:
Վնասվել են նաև միջուկային վառելիքի և պինդ ռադիոակտիվ թափոնների պահեստները, սակայն Կայանի տարածքում ճառագայթման մակարդակը մնում է նորմալ միջակայքում, նշվում է զեկույցում։
Հանձնաժողովը խիստ մտահոգված է, որ գնդակոծության արդյունքում կարող է վտանգվել ռադիոակտիվ նյութերի անվտանգությունը, ինչը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության և կյանքի համար։
Բացի վերոնշյալը, միջազգային փորձագետները պարզել են նաև, որ կայանը գրաված զինվորականների կողմից իրականցվող մշտական ճնշումը և աշխատանքային ծանր պայմանները խաթարում են կայանի աշխատակիցների՝ ուկրաինացի ինժեներների ֆիզիկական և հոգեկան առողջությունը, որոնք արդեն մի քանի ամիս փաստացի ստիպված են եղել ապրել աշխատավայրում։
ԱՏԷՄԻԳ-ի փորձագետները հրապարակած զեկույցում չկենտրոնանալով մանրամասների վրա ընդգծել են, որ կայանի տարածքում առկա է նաև ռուսական զինուժի և ռազմական տեխնիկայի ներկայություն, որը Մոսկվան բազմիցս հերքել էր հենց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մակարդակով.
«Թիմը դիտարկել է ռուսական ռազմական անձնակազմի, տրանսպորտային միջոցների և տեխնիկայի առկայությունը ԶԱԷԿ-ի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մի քանի ռազմական բեռնատարներ 1-ին և 2-րդ ստորաբաժանումների տուրբինային սրահի առաջին հարկում»,-ասվում է զեկույցի մեջ։
Այսպիսով, չնայած ատոմակայանի անվտանգության նման առանցքային բաղադրիչների խախտումների արձանագրմանը ԱՏԷՄԻԳ-ի անկախ փորձագետները եզրակացրել են, որ ներկայումս ատոմակայանում չկան կրիտիկական աստիճանի հասնող վնասներ, որոնք կարող էին զգալիորեն ազդել ռադիացիոն անվտանգության վրա: Գնդակոծության հետևանքով վնասված էլեկտրահաղորդման գծերը փոխարինվել են դիզելային գեներատորներով։ Սակայն, եթե հրետակոծությունը շարունակվի, իրավիճակը կարող է կտրուկ սրվել։
«Շարունակական հրետակոծությունը կարող է վնասել կայանի այլ կենսական համակարգերն ու սարքավորումները, հանգեցնել լուրջ հետևանքների՝ ներառյալ ռադիոակտիվ նյութերի շրջակա միջավայր անսահմանափակ արտանետմանը: Հետևաբար, ցանկացած գնդակոծությունից, որը սպառնում է ԶԱԷԿ-ի անվտանգությանը, պետք է խուսափել»,-ասվում է զեկույցում:
Հաջորդիվ փորձագետները զեկույցում նշում են. «ԱՏԷՄԻԳ-ը առաջարկում է անհապաղ դադարեցնել բուն կայանի և անմիջապես դրան հարող տարածքի գնդակոծությունը՝ ինչպես բուն կայանի, այնպես էլ դրա հետ կապված օբյեկտների հետագա վնասներից խուսափելու համար, ինչպես նաև անձնակազմի անվտանգությունն ապահովելու, կայանի օբյեկտների ֆիզիկական ամբողջականությունը պահպանելու և դրանց անվտանգ ու հուսալի շահագործումը իրականցնելու համար: Սա պահանջում է բոլոր համապատասխան կողմերի համաձայնությունը ԶԱԷԿ-ի շուրջ բուֆերային գոտի ստեղծելու համար»:
Առաքելությունը նաև խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել կայանի ուկրաինական անձնակազմի աշխատանքային ծանր պայմաններին՝ աշխատողների սակավության պայմաններում, քանի որ նման իրավիճակը «կարող է հանգեցնել միջուկային անվտանգությանը սպառնացող մարդկային սխալների հավանականության աճին»։
ԱՏԷՄԻԳ-ը նաև առաջարկում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պարտավորվեն և նպաստեն կայաններին անհրաժեշտ մատակարարումները: Այստեղ խոսքը մասնավորապես գնում է գեներատորների և այլ սարքավորումների անվտանգ աշխատանքի համար անհարժետ դիզելային վառելիքի մատակարարման, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով անհրաժեշտ սարքավորումների ու նյութատեխնիկական միջոցների անվտանգ առաքման մասին:
Նշենք, որ Զապորոժիեի ատոմակայանը ամենամեծն է համարվում Եվրոպայում՝ իր տարածքում տեղակայված վեց միջուկային ռեակտորներով։ Կայանը ռուս զինվորականների կողմից գրավվել էր մարտ ամսին և ռուսական կողմի վերահսկողության տակ է արդեն գրեթե վեց ամիս։
ԱՏԷՄԻԳ-ի առաքելությունը կարողացել էր հասնել ԶԱԷԿ միայն սեպտեմբերի 1-ին՝ բազմաթիվ քաղաքական բնույթի խոչընդոտներ հաղթահարելուց հետո։ Անկախ փորձագետների կայան մուտքը ապահովելու շուրջ բանակցությունները շարունակվել են գրեթե ամբողջ ամառ՝ վարված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների մակարդակով:
Արդեն երկար ժամանակ է, ինչ ԶԱԷԿ-ի և հարակից Էներգոդար քաղաքում լսվում են հրետակոծությունների ձայները: Ռուսաստանը այդ գնդակոծությունների իրականցման մեջ մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին։ Կիևն էլ իր հերթին խոսում է Կրեմլի «միջուկային ահաբեկչության» և այն մեծ վտանգի մասին, որը սպառնում է ամբողջ աշխարհին դրա պատճառով։
Հիմնական հարցը, որին պետք է պատասխաներ ԱՏԷՄԻԳ-ի առաքելությունը, այն էր, թե որքանո՞վ է իրական լայնածավալ ռադիացիոն աղտոտման սպառնալիքը։
Ուկրաինական «Էներգոատոմ»-ը վստահեցնում է, որ իրենք ստացել են Ռուսաստանում Զապորոժիեի ԱԷԿ-ը ռուսական էլեկտրացանցերին միացնելու ծրագրի գոյության հաստատումը՝ այնտեղ արտադրված էլեկտրաէներգիան Ղրիմ ուղղորդելու համար։
Ընկերության ղեկավար Պյոտր Կոտինի խոսքով, դրա մասին կարող է վկայել ուկրաինական համակարգից ատոմակայանի ժամանակավոր անջատումը, այսինքն՝ այն, ինչ Ռուսաստանն արդեն սկսել է անել՝ անջատելով էլեկտրամատակարարման գծերը ուկրաինական կողմից։
Reuters-ին տված հարցազրույցում Կոտինն ասել է, որ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում ԱՏԷՄԻԳ-ի մշտական ներկայացուցչության ստեղծումը «լավ միջոց» կլինի, բայց դա չի ազդում «խնդրի արմատի վրա», քանի որ գործարանը մնում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։
«Փորձագետների եզրակացությունները պետք է օգնեն կարգավորել կայանի շուրջ ստեղծված իրավիճակը և հանգեցնեն ապաօկուպացման։ Եթե դա չհաջողվի, մենք պետք է այլ շոշափելի արդյունքներ ստանանք»,-ասել է Կոտինը:
Նրա կարծիքով, ԱՏԷՄԻԳ-ի փորձագետները դա շատ լավ հասկանում են, բայց նրանք չեն կարող ուղղակիորեն հայտարարել Զապորոժիեի ԱԷԿ-ը ապաօկուպացնելու անհրաժեշտության մասին, դա իրենց ուժերից վեր է։
«Իրավիճակը նուրբ է: Բոլոր փորձագետները և անձամբ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հասկանում են, թե ինչ է պետք անել, և դա կայանի ապաօկուպացումն է։ Սակայն իրենց սահմանափակ մանդատի պատճառով նրանք չեն կարող դա ուղղակիորեն առաջարկել»,-ասել է «Էներգոատոմ»-ի տնօրենը:
Առանց Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգիայի, Ուկրաինան դժվար ժամանակ կունենա գալիք ձմռանը. մինչ պատերազմը կայանը ծածկում էր երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ մեկ հինգերորդը:
«Եթե Զապորոժյեի ատոմակայանից էլեկտրաէներգիա չունենանք, վտանգավոր ձմեռ կլինի: Մեզ պետք է կայանը»,-ասում է Կոտինը:
