-1.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Եթե թեորեապես Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ, դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին. Փաշինյան
Այլ Լուրեր

Եթե թեորեապես Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ, դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, արդյոք չի վախենում Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պատճառով պատժամիջոցների տակ հայտնվելուց: Փաշինյանը հարցին անդրադարձել է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում: 

«Կարծում եմ` վախենալը ոչ այնքան օգտակար դիրքորոշում է, պետք է աշխատել, ինչպես ասացի, կառավարել այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս և փորձել ոչ միայն նկատել այն հնարավորությունները, որոնք բացվում են, այլ նաև աշխատել, որպեսզի նոր հնարավորություններ բացվեն: Իհարկե, մենք ևս մտահոգված ենք առևտրային, էներգետիկ անվտանգությամբ: Պետք է ասել, որ մեզ մոտ ևս մեծ գնաճ է  և այն ուղիղ ազդում է մեր երկրի սոցիալական վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կառավարելի է: Խնդիր կա, բայց մենք չունենք ճգնաժամային իրավիճակ»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ դա նաև Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է: «Հատկապես տարվա առաջին կիսամյակում բոլորն ունեին մեծ մտահոգություններ, և մենք ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում, այլ նաև երկկողմ ֆորմատով շատ ինտենսիվ շփվել ենք, բարձրացրել հարցեր: Պետք է ասեմ, որ տպավորված եմ այն օպերատիվությամբ, թե ինչպես են և՛ Վլադիմիր Վլադիմիրին, և՛ Միխայիլ Վլադիմիրին արձագանքում այն հարցերին և խնդրանքներին, որոնք բարձրացվել են հայկական կողմից: Սա շատ կարևոր գործընկերություն է»,-նշել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ վստահ չէ, որ Հայաստանի բոլոր բնակիչները գիտեն այս նյուանսները, չնայած նրան, որ այդ մասին մշտապես խոսում են: Մենք հենց նոր խոսում էինք տարբեր ուղղություններով ցորենի տեղափոխման մասին, բայց պետք է ընդգծեմ, որ շնորհիվ այն որոշումների, որոնք ընդունվել են Ռուսաստանի նախագահի, կառավարության կողմից` մեզ հաջողվել է այդ մարտահրավերները կառավարել միասին: Մեզ համար միայնակ շատ դժվար կլիներ զբաղվել դրանով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:        

Այնուհետև ի պատասխան լրագրողի հարցի` Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների հոսքին: «Բազմաթիվ մարդիկ պարզապես եկել են Հայաստան, քանի որ մարդկանց անհրաժեշտ է ստանալ աշխատավարձեր, որովհետև նրանք փաստացի գտնվելով Ռուսաստանում, աշխատում են Արևմուտքի հետ: Ֆինանսական փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով նրանք այժմ տեղափոխվել են Հայաստան: Իմ ելույթում ես փորձեցի ներկայացնել մեր տեսակետը: Հույս ունեմ, որ դա Ռուսաստանում ընկալվում է որպես ԵԱՏՄ-ում տեղաշարժ, քանզի ԵԱՏՄ-ն հենց դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի տեղի ունենա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, ինչը և այժմ մենք տեսնում ենք իրականում:

Վլադիմիր Վլադիմիրին այդ մասին ասաց, որ ինքը զգուշացրել է ապագա որոշ խնդիրների մասին, որոնք կարող են ի հայտ գալ այն գործարարների համար, որոնք աշխատում են Արևմուտքում, բայց կարծում եմ` Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է հենց այդպիսի իրավիճակների համար, որպեսզի մեր երկրների տնտեսությունները լինեն ավելի ճկուն: Արդարության համար պետք է ասել, որ հունվար-փետրվարին մեզ մոտ արդեն նկատվում էր տնտեսական բարձր աճ, բայց մարտին արդեն ի հայտ եկան խնդիրներ և մտահոգություններ:

Իհարկե, մարդիկ, որոնք ժամանեցին Հայաստան, շատ լավ օգնեցին, և մենք շատ ուրախ ենք: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, քանի որ կան նաև ոլորտներ, որոնք կարելի է միասին զարգացնել: Այժմ ի հայտ է եկել ռուսական տարածաշրջանների` հայ գործընկերների հետ աշխատելու լավ դինամիկա»,- ասել է նա:

Վերադառնալով պատժամիջոցների մասին հարցին՝ Փաշինյանն ընդգծեց՝  եթե թեորեապես Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ, դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին: «Ի՞նչ ենք առաջարկում. մենք առաջարկում ենք համագործակցել գրագետ և օգտագործել այն հնարավորությունները, որոնք այժմ բացվել են և նկատել նաև այն մարտահրավերները, որոնք ոչ միայն առնչվում են Ռուսաստանին, այլ նաև ԵԱՏՄ-ին, մեր համագործակցությանը, որպեսզի կառավարենք և ինչ-որ կերպ չեզոքացնենք այդ մարտահրավերները: Այնպես որ, մենք շատ ուրախ ենք ՌԴ այն քաղաքացիների համար, որոնք ժամանել են Հայաստան: Երբ այս տարվա առաջին կիսամյակում քննարկում էինք` մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հետևյալի վրա: Եթե նրանք տեղափոխվում են Հայաստան` նրանք մնում են Եվրասիական տնտեսական միությունում և հնարավորությունը, որ կվերադառնան Ռուսաստան՝ Հայաստանից մի քանի անգամ ավելի է, քան այն, որ նրանք աշխատեն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում: Նախկինում շատ ռուս զբոսաշրջիկներ արձակուրդներին ժամանում էին Հայաստան, այժմ արձակուրդին ժամանում են Ռուսաստան»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նա հավելել է, որ Հայաստանում մեծ խնդիր կա՝ կապված անշարժ գույքի հետ, քանի որ Հայաստանում անշարժ գույքի գները բարձրանում են, վարձով բնակարնների գները ևս աճում են: «Դա խնդիր է, բայց այն ստեղծում է նոր հնարավորություններ: Եթե չեմ սխալվում, այս տարի արդեն շինարարության ոլորտում ունենք 13 տոկոս աճ: Ռուսական բիզնեսը ևս հետաքրքրված է ներդրումներ իրականացնելու այդ ոլորտում:

Հնարավոր տնտեսական խնդիրների համատեքստում շատ կարևոր է՝ չնայած նրան, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք ՌԴ-ի հետ, միջազգային վարկանիշային գործակալությունները վերահաստատում են Հայաստանի Հանրապետության բարձր վարկանիշը: Ռուսաստանցի գործարարների ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել, որ Հայաստանը հիանալի առաջխաղացում է արձանագրում ազատ տնտեսություն ունեցող պետությունների վարկանիշային աղյուսակում, և այս համատեքստում, մենք ունենք նոր հավակնություններ և հույս ունենք, որ համաշխարհային մասշտաբով վարկանիշային աղյուսակում կհայտնվենք լավագույն տասնյակում: Ունենք շատ լավ հնարավորություններ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը լինի էլ ավելի բարձր մակարդակի, չնայած նրան, որ Ռուսաստանը մշտապես, վերջին 30 տարիների ընթացքում եղել է Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը: Շատ կարևոր է, որ այժմ հնարավորություն է ստեղծվել փոխել նաև տնտեսական համագործակցության որակը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:            

Բեռնում.....