0.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » The Washington Times. Բավականին շատ փաստեր են առկա Իրանի և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման համագործակցության վերաբերյալ
Այլ Լուրեր

The Washington Times. Բավականին շատ փաստեր են առկա Իրանի և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման համագործակցության վերաբերյալ

Ամերիկյան The Washington Times լրատվականի կայքում ԱՄՆ ֆինանսների նախարարությունում ահաբեկչության հովանավորման գծով նախկին վերլուծաբան և «Ժողովրդավարության ֆինանսավորման հիմանդրիամի» հետազոտությունների գծով փոխնախագահ Ջոնաթան Շանցերը նախօրեին հրապարակած իր հոդվածում անդրադարձել էր վերջին տարիներին Վաշինգտոնի համար առանձնակի կարևորություն ունեցող մի խնդրի. Իրանի Իսլամական Հանրապետության և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման միջև հավանական համագործակցության հարցին: 

Հեղինակը, վկայակոչելով «Անոնիմուս» հաքերային խմբավորման Twitter-յան օգտահաշվում հրապարակված մի լուսանկարի, պնդում է, որ դրանում արտացոլված երեք տղամարդիկ եղել են «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան ղեկավարներ: Ավելին, նա անգամ տալիս է նրանց անունները. Սաիֆ ալ-Ադել, Աբու Մուհամմադ ալ-Մասրի և Աբու ալ-Խայր ալ-Մասրի: 

Կրկին հղում կատարելով «Անոնիմուս» հաքերային խմբավորման պնդման վրա` հոդվածի հեղինակը նշում է, որ  նկարում նրանց գտնվելու վայրը Իրանի մայրաքաղաք Թեհրանն է: 

https://twitter.com/Sw0rdOfAnon/status/1563241923246452740/photo/1

«Ալ-Քաիդայի» առաջնորդները Թեհրանում: Ձախից աջ՝ Սաիֆ ալ-Ադել, Աբու Մուհամմադ ալ-Մասրի, Աբու ալ-Խայր ալ-Մասրի

Շանցերը պնդում է, որ լուսանկարի երեք տղամարդիկ էլ ծառայել էին աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական կազմակերպության ղեկավար պաշտոններում, և ինչպես հասկանալի է, նրանք ազատորեն շրջել են Իրանում: 

Համարվում է, որ այժմ Ալ-Ադելը գտնվում է «Ալ-Քաիդան» գլխավորելու թեկնածուների կարճ ցուցակում՝ օգոստոսի սկզբին Աֆղանստանում ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում Այման ալ-Զավահիրիի սպանությունից հետո: Աբու Մուհամմադ ալ-Մասրին սպանվել էր 2020 թվականի Թեհրանի փողոցներից մեկում՝ հավանաբար իսրայելական «Մոսադի» կողմից, իսկ Աբու ալ-Խայր ալ-Մասրին սպանվել էր Սիրիայում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հասցրած հարվածի արդյունքում:  

Հեղինակը կարծում է, որ լուսանկարի առկայությունը կրկին կասկածի տակ է դնում այն պնդումը, որ իբր Իրանի Իսլամական Հանրապետությունը և «Ալ-Քաիդան» հակասությունների մեջ են: Ամեն դեպքում, հավանական է, որ Իրանը և ահաբեկչական կազմակերպությունը համագործակցում են, նույնիսկ այն պարագայում, երբ սունիների և շիաների միջկրոնական գաղափարական տարբերությունները խանգարում են լայնամասշտաբ համագործակցությանը: 

«Ամերիկացի պաշտոնյաները (հիմնականում նրանք, ովքեր պաշտպանում են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կնքելու գաղափարը) բազմիցս և կեղծավորաբար պնդում են, որ իրանական ռեժիմը թշնամական հարաբերություններ է պահպանում «Ալ-Քաիդայի» հետ՝ տնային կալանքի տակ դնելով աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորման անդամներին: Այս պնդումները սկսեցին մեծապես տարածվել նաև հայտնի վերլուծաբանների կողմից, ինչպիսիք էին Նելի Լահուդը և Փիթեր Բերգենը: Նրանք երկուսն էլ վերջերս գրքեր էին գրել՝ դրանցում կրկնելով ԱՄՆ պաշտոնյաների հայտնած այն մտքերը, որոնցում նսեմացվում են «Ալ-Քաիդայի» և Իրանի միջև եղած կապերը: Սակայն երկու փորձագետներն էլ սխալվում են»,-գրում է Շանցերը իր հոդվածում: 

Հաջորդիվ հոդվածում փորձագետը ժամանակագրական սկզբունքով ներկայացնում է Իրանի և «Ալ-Քաիդայի» միջև համագործակցության այն բացահայտված և փաստաթղթավորված դրվագները, որոնք հրապարակվել են բաց աղբյուրներում.

«2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը հետաքննող հանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվել էր 2004 թվականին, ասվում է. «Իրանը մինչև սեպտեմբերի 11-ը աջակցել է «Ալ-Քաիդայի» անդամների Աֆղանստանից տեղափոխմանը և հետ բերմանը: […] նրանցից մի քանիսը եղել են սեպտեմբերի 11-ի ինքնաթիռների ապագա առևանգիչներ»: 

2009 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց «Ալ-Քաիդայի» չորս առաջնորդների նկատմամբ, ովքեր ապաստանել էին Իրանում: Նրանցից մեկը Սաադ Բեն Լադենն էր՝ Ուսամա Բեն Լադենի որդին: 

2012 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց Ադել Ռադի Սաքր ալ-Վահաբի ալ-Հարբիի դեմ, ով համարվում էր Իրանում գտնվող «Ալ-Քաիդա» խմբավորման առաջատար մարտիկներից մեկը: Ֆինանսների նախարարության  մամուլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ «Իրանը շարունակում է թույլ տալ «Ալ Քաիդային» շահագործել առանցքային խողովակաշարը, որի միջոցով «Ալ Քաիդայի» գումարներն ու զինյալները Իրանով տեղափոխում են աջակցելու խմբավորման գործունեությանը Հարավային Ասիայում: Այդ նույն ցանցը նաև մարտիկներ և նյութական միջոցներ է տեղափոխում Սիրիա»: 

Հեղինակը ընդգծում է, որ վերջինը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ դրանից ընդամենը մեկ տարի առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել «Էզեդդին Աբդ ալ-Ազիզ Խալիլի նկատմամբ, ով համարվում էր «Ալ-Քաիդայի» Իրանի տարածքում գործող աջակիցներից մեկը, որը իր գործունեությունը ծավալել էր Իրանի կառավարության և «Ալ-Քաիդայի» միջև ձեռք բերված համաձայնագրի համաձայն»: 

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Խալիլին (նույն ինքը՝ Յասին ալ-Սուրին) թիրախավորել էր «Ալ-Քաիդայի» հինգ այլ ներկայացուցիչների հետ միասին՝ նշելով, որ Իրանը «կարևոր տարանցիկ կետ է Աֆղանստանում և Պակիստանում «Ալ-Քաիդայի» գործունեությանն աջակցելու համար: Այս ցանցը ծառայում է որպես հիմնական խողովակաշար, որով «Ալ-Քաիդան» գումար, կողմնակիցներ և օպերատիվ աշխատակիցներ է տեղափոխել Մերձավոր Արևելքից դեպի Հարավային Ասիա […]»:

Այս բացահայտումների մեջ ամենաուշագրավն այն է, որ դրանք արվել են գանձապետարանի կողմից ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: «Երբ Օբամայի վարչակազմը 2015 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության հետ ստորագրել էր այսպես կոչված «միջուկային համաձայնագիրը» (փաստաթղթի պաշտոնական անվանումը՝ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր»), այլևս այդ խողովակաշարի մասին որևէ քննարկում չեղավ»,-ասվում է հոդվածում և ավելացվում. «Վարչակազմը մոտ 150 միլիարդ դոլար է տվել իրանական ռեժիմին՝ կարճատև միջուկային սահմանափակումների դիմաց։ Ռեժիմի տարածաշրջանային չարորակ գործունեությունը, ներառյալ նրա համագործակցությունը «Ալ-Քաիդայի» հետ, համարվում էր համաձայնագրի շրջանակներից դուրս»: 

Շանցերը հաջորդիվ նշում է, որ մինչ Օբամայի վարչակազմը դադարեցրել էր Թեհրանի և ահաբեկչական կառույցի միջև այդ համագործակցության հետաքննությունը, Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը իշխանության գալուց հետո վերսկսել էր այն: Ավելին, 2017 թվականին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հրապարակել էր փաստաթղթերի մի շարք, որոնք վերաբերում էին 2011 թվականին ԱՄՆ բանակի ծովային հետևազորի հատուկ ջոկատայինների Պակիստանի Աբաթաբատ քաղաքում Ուսամա Բեն Լադենի տան շրջանում կատարած ռեյդին: Հեղինակի խոսքով, փաստաթղթերի շարքում կար նաև մի տեսագրություն, որտեղից պարզ է դառնում, որ Բեն Լադենի որդի Համզան ամուսնացել էր Իրանում, որին ներկա են գտնվել խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչներ: 

Թրամփի կառավարման ժամանակահատվածում նաև ուշադրության է արժանի 2019 թվականին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից Իրանի հասցեին կրկին հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ վերջինս գտնվում է «Ալ-Քաիդայի» հետ համագործակցության մեջ: Իսկ ահա 2021 թվականին նա հայտարարեց, որ Իրանը «Ալ-Քաիդայի» համար վերածվել էր նոր հենակետի: 

«Սա չխանգարեց ԱՄՆ ներկայիս նախագահ Ջոզեֆ Բայդենին վերադառնալ «միջուկային գործարքին», որից Թրամփի վարչակազմը դուրս էր եկել 2018 թվականին: Ներկայումս Վիեննայում բանակցման թեմա հանդիսացող գործարքը կարող է առաջին տարում Իրանին բերել մոտ 275 միլիարդ դոլար, իսկ հաջորդ տասնամյակում՝ 1 տրիլիոն դոլար: Եվ ևս մեկ անգամ իրանական ռեժիմի «Ալ-Քաիդայի» հետ կապերը չեն դիտարկվում»,-պնդում է Շանցերը:

Հեղինակը հոդվածի վերջին հատվածում նշում է, որ «Ալ-Քաիդայի» հետ Իսլամական Հանրապետության համագործակցության մասին բանավեճը հեռու է ավարտվելուց:  «Շատ բաներ արդեն հայտնի են, և բավականին շատ ապացույցներ կան, որոնք դեռևս պետք է հրապարակվեն: Այնուամենայնիվ, Իրանի հետ միջուկային դիվանագիտության կողմնակիցները հույս ունեն այն մտցնել գորգի տակ՝ վախենալով տապալել բանակցությունները»,-եզրափակում է փորձագետը իր հոդվածը:  

Բեռնում.....