14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » New York Times. Ըստ ԱՄՆ հետախուզության` Ռուսաստանը հրետանային արկեր և հրթիռներ է գնում Հյուսիսային Կորեայից
Այլ Լուրեր

New York Times. Ըստ ԱՄՆ հետախուզության` Ռուսաստանը հրետանային արկեր և հրթիռներ է գնում Հյուսիսային Կորեայից

Ամերիկյան հեղինակավոր  New York Times լրատվականը, օրերս հրապարակած հոդվածում հղում կատարելով ԱՄՆ հետախուզության վերջերս բացահայտված տվյալների վրա, նշում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունից  (ԿԺԴՀ) գնել է միլիոնավոր հրետանային արկեր և ցածր հեռահարության հրթիռներ: 

Ռազմական մատակարարումների ստույգ մասշտաբները հոդվածում չեն նշվում, սակայն Վաշինգտոնում կարծում են, որ Մոսկվայի և Փհենյանի միջև համագործակցությունը կարող է շարունակական լինել։

New York Times-ը գրում է, որ հակառուսական պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ռուսական պաշտպանական արդյունաբերությանը և լրջորեն նվազեցրել են բանակը զինելու Մոսկվայի հնարավորությունները։ Այս համատեքստում պարբերականը հիշեցնում է, որ վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է բանակցել իր մյուս դաշնակցի՝ Իրանի հետ՝ անօդաչու սարքերի մատակարարման շուրջ։ Սպիտակ տան աղբյուրները հայտնում են, որ նրանց առաջին խմբաքանակը Մոսկվա է ժամանել նախորդ շաբաթ:  

Իրանը և Հյուսիսային Կորեան իրենք են գտնվում Արևմուտքի լուրջ պատժամիջոցների տակ, և այն փաստը, որ այդ երկրները օգնություն են փնտրում, վկայում է այն մասին, որ Ռուսաստանում իրավիճակն էլ ավելի վատ է, կարծում են Վաշինգտոնում:

Associated Press-ին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել էր. «Սա ցույց է տալիս, որ Ուկրաինայում գտնվող ռուսական բանակը տառապում է մատակարարումների լուրջ պակասից, որը մասամբ պայմանավորված է արտահանման և ներմուծման սահմանափակումներով»: 

American Enterprise Institute-ի ռազմական փորձագետ Ֆրեդրիկ Քեյգանն էլ կարծում է, որ «Կրեմլը Հյուսիսային Կորեայից կամ որևէ մեկից հրետանային արկեր ու հրթիռներ է գնում միայն այն պատճառով, որ Պուտինը չի ցանկանում կամ ի վիճակի չէ մոբիլիզացնել ռուսական տնտեսությունը՝ պատերազմին նույնիսկ ամենատարրական մակարդակում աջակցություն ցույց տալու համար»:

Նշենք, որ Փհենյանն աջակցել է Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա: Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ ամերիկյան հեգեմոնիային վերջ դնելու նպատակն արդարացնում է Ռուսաստանի ռազմական մեթոդները։ Ավելին, նա ճանաչել է Ուկրաինայի արևելյան երկու ռուսամետ սուբյեկտների անկախությունը և խոստացել ամրապնդել բարեկամությունը Մոսկվայի հետ։

Ի պատասխան Պուտինը վստահեցրել է Փհենյանին տարբեր ուղղություններով երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման մասին, հայտնել է հյուսիսկորեական մամուլը։ 

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նշենք, որ վերջինս պաշտոնապես հերքում է պատերազմող կողմերից որևէ մեկին զենքի մատակարարումը, սակայն, ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների, ռուս զինվորականները մեկնել են Թեհրան՝ իրանական արտադրության «Մոհաջեր-6» և «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթաց անցնելու համար: Սակայն, ԱՄՆ հետախուզության տվյալներով` Ռուսաստանի համար նախատեսված մեծ թվով անօդաչու թռչող սարքեր տեխնիկական խնդիրներ են ունեցել: 

Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ իշխանությունները սկսել են գաղտնազերծել Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին որոշ հետախուզական տեղեկատվություն դեռևս ռուսական ներխուժումից առաջ։ 

Տեղեկությունների մի մասը դաշնակիցներին փոխանցվել է ներքին ուղիներով, մի մասը հրապարակվել է ԶԼՄ-ներում անանուն արտահոսքերի միջոցով: 

Ինչպես պարզաբանում է ամերիկյան պարբերականը, դա արվել և արվում է, որպեսզի համաշխարհային հանրությունը ամբողջական պատկերացում ունենա իր կողմից սանձազերծված պատերազմում Ռուսաստանի իրական մտադրությունների և իրական հնարավորությունների մասին։

Մեծ թվով վերլուծաբանների և ինստիտուտների գնահատմամբ, ինչպիսին օրինակ՝ Էներգետիկայի և մաքուր օդի ուսումնասիրության ֆիննական կենտրոնն է (CREA),  հակառուսական պատժամիջոցները դեռ չեն տվել ռուսական տնտեսության համար այն կործանարար արդյունքը, որի վրա հույսը դրել էր Արևմուտքը:

Ընդհակառակը, պատերազմի պատճառով ուռճացված էներգակիրների գները ներխուժումից հետո առաջին վեց ամիսներին Ռուսաստանին բերեցին մոտ 158 միլիարդ եվրո եկամուտ։ Այդ գումարի կեսից ավելին Մոսկվան ստացել է եվրոպացի սպառողներից։ 

Սակայն վերջին իրադարձությունները և, մասնավորապես, ԿԺԴՀ-ից զենքի գնումը վկայում են այն մասին, որ պատժամիջոցներն աստիճանաբար հասնում են իրենց նպատակներին, և հիմնական հարվածը, ըստ Արևմուտքի, ընկնում է ռուսական ռազմական արդյունաբերության վրա։ 

Օրինակ` Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի հրապարակած տվյալներում նշում էր. «Ըստ ամենայնի, Ռուսաստանը մեծ դժվարություններ է ապրում ճակատը անօդաչու սարքերով զինելու հարցում, ինչը կապված է միջազգային պատժամիջոցների հետևանքով առաջացած բաղադրիչների պակասի հետ»։

Հաջորդիվ բրիտանական պաշտպանական գերատեսչության հրապարակումում նշվում էր, որ «իր հերթին, հետախուզական անօդաչու թռչող սարքերի սահմանափակ ներկայությունը նվազեցնում է հրամանատարության մարտավարական իրազեկությունը և ավելի ու ավելի դժվարացնում ռուսական բանակի գործողությունները»:

 New York Times-ը նաև նշում է, որ Չինաստանի աջակցության հետ կապված Մոսկվայի հույսերը նույնպես չեն արդարացել: 

Պարբերականը նշում է, որ Պեկինը պատրաստ է գնել ռուսական նավթը դեմպինգային գներով, սակայն մինչ այժմ պահպանել է միջազգային պատժամիջոցների պայմանները՝ Ռուսաստանին զենք կամ դրանց արտադրության համար բաղադրիչներ ու տեխնոլոգիաներ տրամադրելու հարցում։ 

«Մոսկվան հույս ուներ, որ Չինաստանը պատրաստ կլինի հրաժարվել այդ արտահանման վերահսկողությունից և կշարունակի մատակարարումները ռուսական բանակին: Սակայն վերջին օրերին ամերիկացի պաշտոնյաներն ասում էին, որ թեև Չինաստանը պատրաստ է գնել ռուսական նավթը զեղչով, Պեկինը գոնե մինչ այժմ հարգել է Մոսկվայի զինված ուժերին ուղղված արտահանման վերահսկողությունը և չի փորձել վաճառել ռազմական տեխնիկա կամ բաղադրիչներ»,-ասվում է New York Times-ի հոդվածում: 

Բեռնում.....