«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններում այլեւս հերթեր չեն գոյանում. մինչեւ օգոստոսի 1-ը կայանների առաջ հարյուրավոր մեքենաների հերթեր էին: Բանն այն է, որ շատ վարորդներ հրաժարվում են ճնշափորձարկել իրենց գազաբալոնները: «Ժողովուրդ» օրաթերթը գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններից տեղեկացավ, որ անգամ հերթագրված վարորդներն են արդեն հրաժարվում ճնշափորձարկել:
«Վարորդները պարզապես մոտենում են մեզ ու ասում են՝ մեզ հերթ տվե՛ք էլեկտրոնային համակարգում ու հնարավորինս ուշ, որ մենք կարողանանք լիցքավորել, բայց չենք ուզում ճնշափորձարկենք:
Ու այդպիսի վարորդները շատ են, անգամ ազդեցություն են ունենում ճնշափորձարկած վարորդների վրա, ասում են՝ գնացե՛ք, ձեր գումարները հե՛տ ուզեք. տեսեք, մենք փող ենք տվել, բայց լիցքավորում ենք: Ու արձանագրվել են դեպքեր, երբ գալիս են եւ իրենց գումարները հետ են ուզում»,- իրավիճակը ներկայացրեց կայաններից մեկի տնօրենը: Տեղեկացնենք, որ, կառավարության որոշմամբ, օգոստոսի մեկից սեղմված եւ հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն եւ գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:
Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում
