Ցանկացած ծախս, ինչ միտված է կրթության որակի բարձրացմանը, արդարացված է, այս մասին այսօր կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Այո՛, ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ, այո՛, քննարկվում են տարբերակներ եղած բուհերը ոչ թե միավորելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով։ Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է հստակ բովանդակային մոտեցում։ Ես դրական եմ նայում գաղափարին», — նշեց ԿԳՄՍ նախարարը։
Վահրամ Դումանյանը ընդգծեց, որ գաղափարի հիմքն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, ենթակառուցվածքներ, ինչը հնարավոր է իրագործել Աշտարակ քաղաքի այն տարածքում, որի մասին հայտարարվել է։
Լրագրողների այն դիտարկմանը, , թե քննարկումներ կան, որ ԵՊՀ շենքը կարող է վերածվել հյուրանոցի Վահրամ Դումանյանը շեշտեց․ «Վստահ եղե՛ք, Երևանի պետական համալսարանի շենքը կմնա ԵՊՀ շենք»։
«Նման քննարկում չի եղել, դա որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է։ Նման բան ընդհանրապես լուրջ մարդկանցից չեմ լսել երբևէ», — ասաց նախարարը։
