Արդեն երկու օր է, ինչ և՛ ռուսական, և՛ ուկրաինական թելեգրամայան ալիքները և բլոգերները հավաստիացնում են, որ ուկրաինական բանակը մասշտաբային հակահարձակման է անցել Խարկովից հարավ:
Հաղորդվող տեղեկություների համաձայն` Ուկրաինայի զինված ուժերը երկու օրվա ընթացքում կարողացել են Բալակլեա քաղաքից հյուսիս և հարավ ընկած հատվածներում ճեղքել ռուսական պաշտպանական գծերը, և առաջ շարժվելով՝ քաղաքի շրջակայքում գտնվող ռուսական խմբավորման համար շրջափակման սպառնալիք ստեղծել: Ավելին, ուկրաինական բանակի հարձակումը նաև մատակարարումների խաթարման և շրջափակման սպառնալիքի տակ է դնում նաև Իզյում քաղաքի մոտ կենտրոնացած ռուսական ավելի մեծ խմբավորմանը, որը իր հերթին վերջին ամիսներին հարձակողական գործողություններ էր վարում Իզյում-Սլավյանսկ ուղղությամբ:
Հատկանշական է, որ թե՛ ուկրաինամետ, թե՛ ռուսամետ բլոգերներն ու պրոպագանդիստները Խարկովից հարավ-արևելք ընկած իրադարձությունները լուսաբանելիս հիմնականում միմյանց չէին հակասում։ Տարբերությունը միայն ուկրաինական բանակի հարձակման տեմպերի և հարվածների խորության մեջ էին:
Ընդգծենք, որ թե՛ Ուկրաինայի, և թե՛ Ռուսաստանի գլխավոր շտաբները վերջին օրերին լռում են Խարկովի ճակատում տիրող իրավիճակի մասին։
Միայն այսօր՝ սեպտեմբերի 8-ի առավոտյան, Ուկրաինայի Գլխավոր շտաբի ամփոփագիրը պարունակում է մեկ անուղղակի հաստատում Բալակլեյի շրջանում ուկրաինական հարձակման փաստի վերաբերյալ. այս շրջանում ռուսական հրետանու կողմից գնդակոծված բնակավայրերի թվում նշվում է Բայրաք գյուղը, որը ըստ բազմաթիվ աղբյուրների, ուկրաինական ստորաբաժանումների կողմից գրավվել է Բալակլեյի ուղղությամբ վերջին հարձակման ժամանակ։
Այսպիսով, ներկա պահին բլոգերներից հաղորդվող տվյալներից հասկանալի է դառնում հետևյալը. Ուկրաինայի Զինված ուժերը ճեղքել են ռուսական պաշտպանությունը միանգամից մի քանի ուղղություններով՝ Բալակլեայի հարավից, հյուսիսից և արևմուտքից՝ կիսաշրջանի մեջ վերցնելով բուն քաղաքը և կրակային վերահսկողության տակ վերցնելով ռուսական զորքերի դեպի արևելք նահանջի ուղին։
Ըստ երևույթին, ուկրաինական հրամանատարությունը որոշել է ժամանակ չվատնել Բալակլիեի վրա մեծ ուժերով գրոհ ձեռնարկելու համար։ Ռուսական ստորաբաժանումների համար մեծ վտանգ է ներկայացնում Բալակլեայից հյուսիս՝ դեպի Վոլոխով Յար հարձակումը։ Սա կարևոր տրանսպորտային հանգույց է, որով անցնում է դեպի Կուպյանսկում ռուսական զորքերի կողմից վերահսկվող երկաթուղային կայարան գնացող մայրուղին, որից էլ անցնում է դեպի հարավ՝ Իզյում գնացող առավել կարևոր մայրուղին: Ինչպես արդեն նշեցինք հենց այդ տարածքում կենտրոնացված է ռուսական զորքերի մեծ խմբավորում, որի մատակարարումները կապված են Կուպյանսկից եկող մատակարարումների շղթաների հետ։
Ռուսական կողմի համար հավելյալ սպառնալիքներ են նաև իրենցից ներկայացնում հյուսիս-արևմուտքից Շևչենկովե գյուղի և հարավ-արևմուտքից՝ Վեսյոլոե գյուղի ուղղությամբ ուկրաինական ուժերի հարվածի հնարավորությունը: Եթե այս երկու ուղղություններում էլ ուկրաինական բանակը կարողանա հաջողության հասնել, ապա ռուսական բանակի համար կարող է ստեղծվել շրջափակման մեծ «աղեղ»:
Այսօր առավոտյան ռուսական թելեգրամյան ալիքները արդեն սկսել են հաղորդել վերոնշյալ ուղղություններով մարտական գործողությունների վերսկսման մասին, ինչը կասկածից վեր է թողնում Ուկրաինայի Գլխավոր շտաբի ունեցած այն պլանները, որ ներկա հակահարձակման գլխավոր նպատակը Իզյումի խմբավորմանը շրջափակման մեջ վերցնելն է:
Նման եզրակացությամբ ռուսական թելեգրամյան ալիքները սկսել էին հանդես գալ դեռ նախօրեին: Ռուսական Zаписки Vетерана թելեգրամյան ալիքը գրում է. «Վոլոխով Յարի մոտ կենտրոնացած ռուսական գվարդիայի երկու ջոկատները մեկ օրից ավելի կռվում են լիակատար շրջապատման մեջ: Այժմ հստակ ուրվագծվում է հակառակորդի ծրագիրը: Հիմնական հարվածը ուղղված է Կուպյանսկի ուղղությամբ։ Խնդիրը Իզյումի խմբավորումը մատակարարումներից կտրելն է և հետո շրջափակելը»:
Zаписки Vетерана ալիքի հեղինակները պնդում են, որ Բալակլեայի ուղղությամբ գործող որոշ զորամասերի անձնակազմի թիվը թեև փաստաթղթերում նշված թվերի համաձայն համալրված է եղել 100%, սակայն իրականությունը այլ է եղել՝ զորամասերում անձնակազմը համալրված է եղել 45 կամ առավելագույնը 50 %: Ավելին, եղել են անգամ ստորաբաժանումներ, որոնք համալրված են եղել ընդամենը 20%:
Старше Эдды ալիքի բլոգերներն էլ նշում են. «[ուկրաինացիներին] հաջողվել է կրակային վերահսկողության տակ վերցնել Կուպյանսկ տանող հյուսիսային ճանապարհը: Գիշերը Վոլխով Յարում մարտեր են եղել, և ես լիովին ընդունում եմ, որ հակառակորդին հաջողվել է մեզ դուրս հանել այնտեղից։ Բալակլեան գտնվում է օպերատիվ շրջափակման մեջ, Ուկրաինայի Զինված ուժերը կշարունակեն զարգացնել հաջողությունները, և հավանական է, որ նրանք կփորձեն հասնել Կուպյանսկ՝ կտրելով և՛ Բալակլեան, և՛ Իզյումին: Նրանք դրա համար ուժ ունեն, ինչի մասին բազմիցս գրել են սիրողական բլոգերները»:
«Комсомольская правда» թերթի թղթակից Ալեքսանդր Կոցը, ով նաև Kotsnews թելեգրամյան ալիքի հեղինակն է, վերլուծելով Խարկովի մոտ ընթացող մարտական գործողությունները` գրում է. «Դատելով այն հանգամանքից, որ մարտերը սկսվել են Վերբովկայի, Յակովենկովոյի, Տարանուշինոյի, Վոլխով Յարի գծով, կարելի է ասել, որ ուկրաինացիները ամեն գնով Բալակլեան գրավելու խնդիր չունեն։ Նրանց համար կարևոր է նախ վերահսկողության տակ վերցնել Վոլխով Յարից դեպի Բալակլեա մայրուղին (այն արդեն վերահսկում են հրետանու միջոցով), վերջինս փաստացի կմնա շրջապատված։ Վոլխով Յարից ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Իզյում, ինչպես նաև դեպի Շևչենկովո, որով մայրուղին գնում է դեպի Կուպյանսկ։
Այո, այժմ մնում է Կուպյանսկից մինչև Իզյում մատակարարման դաշտային ճանապարհը, որը դուրս է գալիս դեպի քաղաքի տակ գտնվող մայրուղի։ Բայց եթե Վոլխով Յարից հակառակորդը շարժվի դեպի հարավ, ապա այն նույնպես կհայտնվի վտանգի տակ։
Եթե հակառակորդը կողմից Միխայլովսկոյով մտնի Կուպյանսկ, Իզյումի խմբավորումը փաստացի կկտրվի մեծ տարածքից (ինկատի ունի ռուսկաան զորքերի կողմից վերահսկվող այլ տարածքներից): Ստիպված կլինենք Օսկոլովից դեպի արևելք նահանջել: Սա, իհարկե, մեկօրյա գործընթաց չէ, բայց կցանկանայի հուսալ, որ ուկրաինացիները չեն կարողանա զարգացնել վերջին օրերի հաջողությունները»։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ամենօրյա վերլուծական զեկույցում գրում է, որ ուկրաինական բանակը, ըստ ամենայնի, օգտվել է ռուսական ուժերի տեղափոխումից հարավ՝ Խերսոնի շրջան՝ Բալակլեայի շրջանում հարվածներ հասցնելու համար։
«Ռուսական աղբյուրները նշում են, որ ռուսական հրամանատարությունը սկսել է այդ տարածք ուժեղացումներ տեղափոխել, որպեսզի հետ մղի ուկրաինական հարձակումները, իսկ այդ շրջանի ռուսական խմբավորումը ամենայն հավանականությամբ թուլացել էր Դոնեցկի մարզի այլ շրջանները գրավելու և հարավային զրոքերի խմբավորումները համալրելու համար կատարած տեղափոխությունների պատճառով»,-նշվում է ISW-ի զեկույցում:
Ըստ ISW-ի բազմաթիվ աղբյուրներից ստացված հաղորդագրությունների` ուկրաինացիները Բալակլեայի շրջանում կարողացել են առաջ շարժվել մոտ 20 կմ և հետ գրավել մոտ 400 2 կմ տարածք:
