Զահրա Սեդդիքի Համեդանին ձերբակալվել է անցած հոկտեմբերին՝ փորձելով անցնել Թուրքիա՝ ապաստան խնդրելու համար:
Իրանում երկու կին մահապատժի են դատապարտվել «երկրային կոռուպցիայի» և մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով, հաղորդել է Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը:
Դատապարտվածների պաշտպանները և իրավապաշտպանները սոցիալական ցանցերում տարածել են երկու կանանց նկարները՝ ասելով, որ նրանք ընդամենը ԼԳԲՏ իրավունքների պաշտպաններ են և անմեղ են:
«Հակառակ առցանց հրապարակված տարատեսակ լուրերի, դատապարտյալները խաբել և թրաֆիքինգի են ենթարկել երիտասարդ կանանց և աղջիկներին, տանելով նրանց երկրից դուրս՝ խոստանալով նրանց կրթության և աշխատանքի հնարավորություններ, այդպիսով հանգեցնելով նրանցից մի քանիսի ինքնասպանության», — ասել է IRNA-ն:
«Երկրային կոռուպցիան» տերմին է, որն օգտագործում են Իրանի իշխանությունները՝ նկատի ունենալով հանցագործությունների լայն շրջանակ, այդ թվում՝ իսլամական բարոյականության հետ կապված:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր ելույթներից մեկի ժամանակ
Մարտին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին համասեռամոլությունը նկարագրել էր որպես արևմտյան քաղաքակրթության մեջ տարածված «բարոյալքվածության» մի մաս:
«Այսօր աշխարհում կա լուրջ բարոյալքվածությույն, ինչպիսիք են համասեռամոլությունը և այնպիսի բաներ, որոնց մասին մարդ չի կարող նույնիսկ խոսել: Ոմանք արդարացիորեն արևմտյան քաղաքակրթությունն անվանել են անգիտության նոր դար», — ասել է Խամենեին հեռուստատեսային ելույթի ժամանակ:
Արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները հաճախ են քննադատում Իրանին ԼԳԲՏ համայնքի խնդիրների նկատմամբ նրա վերաբերմունքի համար: Համաձայն Իրանի իրավական համակարգի՝ համասեռամոլ արարքները կարող են պատժվել մահապատժով։ Թեհրանը հերքում է քննադատությունը՝ որպես անհիմն և իր իսլամական օրենքները չհասկանալու պատճառով:
«Անգիտության դարաշրջանի նույն բարոյական արատները (նախաիսլամական Արաբիայում) այսօր գոյություն ունեն այսպես կոչված քաղաքակիրթ արևմտյան աշխարհում կազմակերպված և ավելի տարածված ձևով: Արևմտյան քաղաքակրթության մեջ կյանքը հիմնված է ագահության վրա, իսկ փողը բոլոր արևմտյան արժեքների հիմքն է»,- ասել էր Խամենեին։
