-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Ուկրաինայի ԶՈւ հրամանատարը հոդված է գրել 2023 թվականին պատերազմի հեռանկարների և ուկրաինական ռազմական հավակնությունների մասշտաբների վերաբերյալ
Աշխարհ

Ուկրաինայի ԶՈւ հրամանատարը հոդված է գրել 2023 թվականին պատերազմի հեռանկարների և ուկրաինական ռազմական հավակնությունների մասշտաբների վերաբերյալ

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին և Գերագույն Ռադայի պաշտպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Միխայիլ Զաբրոդսկին ուկրաինական «Укринформ» հարթակում հրապարակել են «2023 թվականի ռազմարշավի ապահովման հեռանկարները. ուկրաինական տեսակետ» վերնագիրը կրող հոդվածը, որը կարելի է կարդալ մի քանի լեզուներով:

Հատկանշական է, որ հոդվածը հրապարակվել է Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում Արևմտյան երկրների կողմից ստեղծված Ուկրաինային ռազմական օգնությունը համակարգող խմբի հանդիպման նախօրեին: Հավանական է, որ ուկրաինական կողմը ձգտում է հրապարակայնորեն ցույց տալ ուկրաինացի զինվորականների համար արևմտյան զենքի անհրաժեշտությունը և անգամ մատնանշել դրանց տեսակները:

Հոդվածի սկզբում Զալուժնին և Զաբրոդսկին նշում են, որ 2022 թվականից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի շարունակությանը սպասելու համար կան «բոլոր հիմնավորումները», և հետևաբար, իմաստ ունի պատասխանել 2023 թվականին ուկրաինական ռազմական հավակնությունների մասշտաբի վերաբերյալ հարցերին և նշել, թե ինչպիսի օգնություն է անհրաժեշտ Ուկրաինային իր գործընկերներից:

Ըստ հոդվածի հեղինակների 2023 թվականին Ռուսաստանի նպատակները կարող են լինել, բազմիցս Մոսկվայի կողմից հայտարարված Դոնեցկի մարզի վարչական սահմանին հասնելը և Զապարոժիեի ու հարավային այլ հատվածներում առաջխաղացում արձանագրելը: Գեներալների կարծիքով Զապարոժիեի և Դնեպրի գրավումը կնշանակի ողջ ձախափնյա Ուկրաինայի կորուստ, իսկ հարավում հաջողությունների դեպքում, օրինակ՝ Նիկոլաևի, Օդեսայի գրավման դեպքում սպառնալիք կստեղծվի Կրիվոյ Ռոգի, ինչպես նաև երկրի կենտրոնական և արևմտյան շրջանների համար, ինչը կնշանակի, որ «Ռուսաստանը տրամաբանորեն կարող է վերջ տալ այսպես կոչված «հատուկ ռազմական գործողությանը»:

Հոդվածում գենարալները նշում են, որ հստակ չէ, նաև թե ինչպիսի իրավիճակում 2023 թվականին կհայտնվեն Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները: Նշվում է, որ Իզյումի և Բախմուտի ուղղություններում ռազմաճակատի գիծը ուկրաինական կողմի համար «ծայրահեղ անբարենպաստ» ուրվագիծ ունի, որտեղ հակառակորդին զսպելու համար պահանջվում է «ուժերի կրկնակի խմբավորում»: Այդ հատվածում հատկապես սուր ձևերով զգացվում է հրաձգային զենքի և ՀՕՊ համակարգերի պակաս:

«Իրավիճակի պատկերը լավ չէ նաև հարավում»,-գրում են գեներալները:

Հաջորդիվ նրանք անցնում են առանցքային դատողությունների՝ նշեկով, որ «այս պատերազմում Ռուսաստանի Դաշնության ներսում ծանրության կենտրոնի» վրա գործադրվող ազդեցությունը կարող է փոխել իրավիճակը:  

Նախ Զալուժնին և Զաբրոդսկին վերլուծում են հավանական նախադրյալները՝ նշելով, որ այդպիսի կենտրոն կարող է լինել Ղրիմը։ Ըստ նրանց՝ «դժվար չէ եզրակացնել», որ Ղրիմի հուսալի պաշտպանությունը կլինի Ռուսաստանի հաջողության հիմքը 2023 թվականին, քանի որ թերակղզին, մասնավորապես համարվում է «զորքերի խմբավորումների և նյութատեխնիկական պահեստային միջոցների» կենտրոնացման կետ: Այնտեղ է տեղակայված նաև ՌԴ Սևխովյան նավատորմը, առկա է նաև օդանավակայանների ցանց, որտեղից Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել ողջ Ուկրաինայի տարածքին:

Հոդվածի հեղինակները գրում են, որ եթե Ղրիմը համարվում է Ռուսաստանի «ծանրության կենտրոնը» ներկա պատերազմում, ապա Ուկրաինան պետք է 2023 թվականին թերակղզին գրավելու ծրագիր մշակի։  Դրա համար, ըստ գեներալների, հնարավոր չի լինի օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի գոյություն ունեցող կազմավորումները, սակայն անհրաժեշտ կլինի ստեղծել «մեկ կամ մի քանի օպերատիվ խմբեր, որոնք կմտնեն տասից քսան համաբանակային բրիգադների կազմի մեջ»։ Այդ գործընթացի ժամանակ անհրաժեշտ կլինի գործող կազմավորումներին ժամանակակից սպառազինություններ տրամադրել Ուկրաինայի գործընկերներից։

Այս ամենը, պնդում են հոդվածի հեղինակ գեներալները, «բացարձակապես իրական է», թեև պահանջում է քաղաքական կամք և լավ պլանավորում, ինչպես նաև «առաջատար երկրների արտադրական բազայի և պաշարների» օգտագործում։

Սակայն Զալուժնին ու Զաբրոդսկին այս մոտեցումն անվանում են «չափազանց միակողմանի»։ Նրանք, մասնավորապես, նշում են, որ նույնիսկ Ղրիմի կորստի դեպքում Ռուսաստանը կկարողանա Սևծովյան նավատորմն ու ավիացիան տեղափոխել Կրասնոդարի երկրամաս, ժամանակի ընթացքում փոխհատուցել կորուստները։ Այս ամենը նշանակում է հակամարտության շարունակություն ապագայում։

Այնուամենայնիվ, ուկրաինացի գեներալները Ղրիմը չեն համարում հիմնական «ծանրության կենտրոն»: Ըստ նրանց Ռուսաստանի իրական «ծանրության կենտրոնը» պատերազմի այսպես կոչված «հեռահար» բնույթն է ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության համար, ինչպես նաև «ֆիզիկական հեռավորությամբ ապահովված անպատժելիությունը»:

«Այդ հեռավորության պատճառով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն այդքան ցավագին չեն ընկալում կորուստները, անհաջողությունները և, ամենակարևորը, այս պատերազմի արժեքը՝ իր բոլոր իմաստներով»,-ասվում է հոդվածում:

Գեներալները նշում են, որ Ռուսաստանը «անպատժելիորեն» կարող է հարվածներ հասցնել Ուկրաինայի ողջ տարածքին, մինչդեռ Ուկրաինան՝ միայն «մինչև հակառակորդի օպերատիվ թիկունքային խորքերը»։ Նրանց կարծիքով, չի հաջողվի Ռուսաստանին զրկել այդ առավելությունից, սակայն Ուկրաինան կարող է դրան հակադարձել «նման ձևով և նույն հեռահարությունից գործելու իր ունակությամբ»։ Դա անելու համար Ուկրաինայի Զինված ուժերը օտարերկրյա մատակարարումների օգնությամբ պետք է վերազինեն հրետանին, հրթիռային ուժերը, ավիացիոն և ռազմածովային ուժերը։ 

Հոդվածի հեղինակաները օգոստոսի 9-ին Ղրիմում ռուսական ավիաբազաների, այդ թվում՝ Սակիի օդանավակայանի ուղղությամբ իրականցված մի շարք հրթիռային հարվածները անվանել են «այդ մոտեցման ճշմարտության համոզիչ օրինակ»:

«Ուկրաինայի Զինված ուժերի խնդիրը 2023 թվականին Ռուսաստանի քաղաքացիների և մյուս օկուպացված տարածքների համար այդ զգացողությունները առավել սուր, իրատեսական և առավել քան շոշափելի դարձնելն է, չնայած մինչ թիրախները եղած մեծ հեռավորությանը»,-գրում են գեներալները և հաջորդիվ նշում, որ «Ուկրաինայի զինված ուժերի կողմից համապատասխան հասանելիության զենքի կիրառման նույնիսկ բուն վտանգի առկայությունը կստիպի Ռուսաստանի Դաշնությանը այլ կերպ դիտարկել մեր դիմադրության բնույթը, ընթացքը և ելքը»:

Եզրափակելով՝ Զալուժնին և Զաբրոդսկին ընդգծել են, որ 2023 թվականին դաշնակիցների օգնությունը պետք է մնա «ուկրաինական դիմադրության նյութական հիմքը»։ Նրանց կարծիքով, օգնության ժամանակի և ծավալի վրա ազդում է համաշխարհային հանրության կողմից հակամարտության իրական մասշտաբները չնկալելը, քանի որ ուկրաինական պատերազմի իրողությունները, ինչպիսիք են օդային տագնապի ազդանշանները, քաղաքների ռմբակոծությունները, գետանցումներն ու տանկային մանևրումները շարունակում են «աշխարհի բացարձակ մեծամասնության համար մնալ նախորդ հարյուրամյակի համաշխարհային պատերազմների ուրվական իրողություններ»:

Բեռնում.....