Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ալբանիայի Հանրապետությունը հայտարարել էր Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ վերջինիս մեղադրելով Տիրանայի դեմ խոշոր կիբերհարձակման ծրագրման ու իրականացման մեջ, որից հետո դեսպանատան աշխատակիցներից պահանջվել էր 24 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը:
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հեռուստատեսային ուղերձի ժամանակ հայտարարել էր, որ հետաքննությունը գտել էր անվիճելի ապացույցներ այն մասին, որ Իրանը չորս խումբ է վարձել Ալբանիայի վրա հուլիսի 15-ին հարձակում իրականացնելու համար:
Վարչապետի պնդմամբ՝ հաքերները փորձել են կաթվածահար անել հանրային ծառայությունները, ջնջել և գողանալ պետական տվյալները և քաոս հրահրել:
«Խորը հետաքննությունը մեզ անհերքելի ապացույցներ է տվել, որ մեր երկրի դեմ կիբերհարձակումը կազմակերպվել և հովանավորվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից՝ ագրեսիա իրականացրած չորս խմբերի ներգրավմամբ, որոնցից մեկը տխրահռչակ միջազգային կիբերահաբեկչական խմբավորում է, որը եղել է Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Քուվեյթի և Կիպրոսի ավելի վաղ կիբերհարձակումների հեղինակ կամ համահեղինակ»,-ասել է Ալբանիայի վարչապետը՝ ավելացնելով, որ Տիրանան հետաքննությունից հետո կիսվել էր Ալբանիայի դեմ «ագրեսիայի աղբյուրը հաստատող» ապացույցներով իր ռազմավարական դաշնակիցներ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և այլ բարեկամ երկրների հետ:
«Ինչպես վերը նշված է, Նախարարների խորհուրդը որոշում է կայացրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների անհապաղ խզման մասին։ Որոշման մասին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն՝ բոլոր դիվանագիտական, տեխնիկական, վարչական և անվտանգության անձնակազմին խնդրելով 24 ժամվա ընթացքում հեռանալ Ալբանիայի Հանրապետության տարածքից»,-ասել էր վարչապետ Էդի Ռաման։
Ի պատասխան՝ Իրանը հերքել էր Ռամայի պնդումները՝ դրանք անվանելով «անհիմն»։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ դատապարտել էր իր դիվանագետներին արտաքսելու Տիրանայի որոշումը և նման քայլը որրակել որպես «հակաիրանական»:
Հայտարարության մեջ հերքելով Իրանի դեմ ներկայացված մեղադրանքները՝ նշվում է, որ «այս քայլի տեսակը և Իսլամական Հանրապետության դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու գործում երրորդ կողմերի ունեցած դերը վկայում են ահաբեկչությունը հովանավորող և սադրիչ երկրների կողմից այդ հարցում ունեցած ազդեցության մասին»:
Իրանական կողմն իր հայտարարության մեջ նաև ուշադրություն էր հրավիրել կազմակերպված քաղաքական և լրատվական գործունեության վրա, որը արագորեն հետևել էր Ալբանիայի կառավարության կողմից իր որոշման մասին տարածած հայտարարությանը:
«ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարության արագ հրապարակումը և սիոնիստական լրատվամիջոցների կողմից որոշումը ողջունելը վկայում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ քաղաքական աժիոտաժ ստեղծելու նախապես միջնորդավորված ծրագրի մասին»,-ասվում է Իրանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Ալբանիայի վարչապետը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումը անվանել էր «ծայրահեղ քայլ», ավելացնելով, որ Տիրանան հարկադրված է եղել գնալ նման արձագանքի:
ԱՄՆ-ն էլ մի անգամից արձագանքելով տեղի ունեցած իրադարձություններին Սպիտակ տան տարածած պաշտոնական հայտարարության մեջ խստորեն դատապարտել է ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից Ալբանիայի դեմ իրականացված իրանական կիբերհարձակումը:
«Միացյալ Նահանգները հետագա քայլեր կձեռնարկի Իրանին պատասխանատվության ենթարկելու այն գործողությունների համար, որոնք սպառնում են ԱՄՆ դաշնակցի անվտանգությանը և անհանգստացնող նախադեպ են ստեղծում կիբերտարածության համար»,-ասվում էր Սպիտակ տան հայտարարության մեջ:
Հայտարարությունում նաև նշվում է, որ «Իրանի վարքագիծը անտեսում է կիբերտարածությունում խաղաղ ժամանակ պետության պատասխանատու վարքագծի նորմերը, որոնք ներառում են հանրությանը ծառայություններ մատուցող կարևոր ենթակառուցվածքները վնասելուց զերծ մնալու նորմ»:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնն հայտարարել է, որ ամերիկացի փորձագետները նույնպես եկել են այն եզրակացությանը, որ Իրանն է «իրականացրել է այս անխոհեմ և անպատասխանատու կիբերհարձակումը», և որ Թեհրանը «պատասխանատու է հետագա հաքերային և արտահոսքի գործողությունների համար»:
Նշենք նաև, որ սեպտեմբերի սկզբին կիբերանվտանգության ամերիկյան Mandiant ընկերությունը հայտարարել էր, որ «չափավոր վստահությամբ» հանգել է այն եզրակացության, որ «մեկ կամ մի քանի չարագործներ, գործել են ի պաշտպանություն Իրանի նպատակների», և ներգրավված են եղել հարձակման մեջ:
Mandiant նշել է, որ խափանումը տեղի է ունեցել Ալբանիայի Մանեզ քաղաքում իրանական վտարանդի ընդդիմադիր «Մոջահիդին-է-Խալք» (Իրանի Ժողովրդական մոջահեդներ) խմբավորման սպասվող համաժողովի մեկնարկից օրեր առաջ:
Միջոցառումը հետագայում հետաձգվեց «ահաբեկչական» սպառնալիքների մասին նախազգուշացումներից հետո:
Նշենք, որ Ալբանիայի և Իրանի հարաբերությունների պատմության մեջ սա առաջին նման դեպքը չէ, երբ տեղի է ունենում դիվանագետների արտաքսում: 2018 թվականի դեկտեմբերին Ալբանիան Իրանի դեսպանին և մեկ այլ դիվանագետի արտաքսել էր՝ «իր ազգային անվտանգությանը վնաս պատճառելու համար»: Իրանը կրկին հայտարարել էր, որ այն ժամանակ Ալբանիան գործել է Իսրայելի և ԱՄՆ-ի ճնշման ներքո:
Ընդգծենք, որ վերջին վեց տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ Ալբանիան՝ ԱՄՆ-ի դաշնակիցը, Իրանը շիա հոգևորական վերնախավի կողմից կառավարելուն դեմ արտահայտվող «Իրանի Ժողովրդական մոջահեդների» կազմակերպության անդամներին քաղաքական ապաստան էր տրամադրել:
Նշենք նաև, որ այս խմբավորումը 1979 թվականին ակտիվ մասնակցություն էր ունեցել Իրանում ընթացող հեղափոխական գործընթացներին, սակայն Ռուհալլահ Խոմեյնիի իշխանության գալուց հետո պարտվելով երկրի ներսում ընթացող քաղաքական պայքարում ստիպված էր եղել ապավինել Իրաքի աջակցությանը, որը այդ պահին պատերազմի մեջ էր գտնվել Իրանի հետ:
2004-ին Խումբը Իրաքից տեղափոխվել էր Ալբանիա՝ համաձայն ԱՄՆ-ի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածության: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նրա անդամները հարձակման էին ենթարկվել իրաքյան իրենց նախկին բազայում:
Իրանական այլախոհների ներկայությունը Ալբանիայում մշտական Տիրանայի և Թեհրանի միջև հակասությունների պատճառ են եղել: Նման մեկ այլ միջադեպ էլ տեղի էր ունեցել 2020 թվականին, երբ Ալբանիան Իրանի դեսպանատան երկու աշխատակիցների վտարել էր լրտեսության մեղադրանքով:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, այդ ժամանակ մեկնաբանելով Տիրանայի քայլերը, Ալբանիան անվանել էր «փոքր, բայց չար եվրոպական երկիր, որտեղ ամերիկյան տարրերը դավադրություն են կազմակերպում իրանցի դավաճանների հետ և հարձակումներ են ծրագրում Իսլամական Հանրապետության դեմ»:
