Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը խոստացել է իր կյանքը նվիրել Միացյալ Թագավորության և նրա մյուս տիրույթների ժողովուրդներին ծառայելուն։ Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան հաջորդ օրը, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, նա «խորը տխրություն» հայտնեց մոր մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով «ոգեշնչման աղբյուր և օրինակ» իր և իր ողջ ընտանիքի համար։
«Ինչպես ինքը՝ թագուհին արեց դա այդպիսի անմնացորդ նվիրվածությամբ, ես նույնպես այժմ հանդիսավոր կերպով խոստանում եմ Աստծո կողմից ինձ շնորհված մնացած ժամանակի ընթացքում պահպանել սահմանադրական սկզբունքները, որոնք ընկած են մեր ազգի հիմքում», — ասել է Չարլզ III-ը:
«Եվ անկախ նրանից՝ դուք ապրում եք Միացյալ Թագավորությունում, թե ամբողջ աշխարհով մեկ թագավորություններում և տարածքներում, և ինչպիսին էլ որ լինի ձեր ծագումը կամ համոզմունքները, ես կձգտեմ ծառայել ձեզ նվիրվածությամբ, հարգանքով և սիրով, ինչպես դա արել եմ իմ ողջ կյանքի ընթացքում», — ընդգծել է նա։
Բացի այդ, Մեծ Բրիտանիայի նոր թագավորն իր ավագ որդուն՝ Ուիլյամին հռչակեց Ուելսի արքայազն։ Նրա կինը՝ Քեթրինը, կդառնա Ուելսի արքայադուստրը։ Չարլզ III-ն իր խոսքում հիշատակել է նաև արքայազն Հարրիին՝ նշելով, որ նա սիրում է իր կրտսեր որդուն և նրա կնոջը, ովքեր իրենց կյանքը կառուցում են ԱՄՆ-ում։
Թագավորի նախապես ձայնագրված ուղերձը, որը հեռարձակել են բրիտանական հեռուստաալիքները, հնչել է Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում հիշատակի արարողության մեկնարկից հետո։ Թագուհի Եղիսաբեթ II-ի հիշատակին նվիրված պատարագին մասնակցել է մոտ 2000 մարդ, այդ թվում՝ վարչապետ Լիզ Թրասը և կառավարության այլ բարձրաստիճան անդամներ։
Չարլզ III-ին միապետ հռչակելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 10-ին` ժամը 10.00-ին (Երևանի ժամանակով ժամը 13.00-ին), ասված է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ։
