Նուրա բինթ Սաիդ ալ-Քահթանին Սաուդյան Արաբիայում 45 տարվա ազատազրկման է դատապարտվել սոցիալական ցանցերում գրառումներ կատարելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը, որի ձեռքի տակ է հայտնվել դատական փաստաթուղթը։
Դատարանը գտել է, որ դատապարտյալը, օգտվելով համացանցից, «պատռել է հասարակության հյուսվածքը» և «խախտել հասարակական կարգը», գրում է DAWN կազմակերպությունը, որն առաջինը հրապարակեց դատավճիռը։

45 տարվա ազատազրկման դատապարտված Նուրա բինթ Սաիդ ալ-Քահթանին
Թե կոնկրետ ինչ է գրել Ալ Քահթանին սոցցանցերում, հայտնի չէ։ Ինչպես հայտնել են DAWN-ում, մեղադրանքները հիմնված են ահաբեկչության և կիբերհանցագործության դեմ օրենքների վրա, որոնք լայնորեն մեկնաբանությունների հնարավորություն են տալիս: Գործը քննվել է մասնագիտացված դատարանի կողմից, որը սովորաբար զբաղվում է ազգային անվտանգության և ահաբեկչության գործերով:
Հրապարակումներում չկան նաև տվյալ կնոջ կենսագրության մանրամասները։ Որոշ լրատվամիջոցներ նրան համարում են կանանց իրավունքների պաշտպան, սակայն Associated Press-ը գրում է, որ Ալ-Քահթանիի ակտիվիստ լինելու վերաբերյալ ապացույցներ չկան։ Հայտնի է, որ նա կալանքի տակ է 2021 թվականի հուլիսից, և բողոքարկման ժամանակ նրան նշանակվել է 45 տարի ժամկետ։

34 տարվա դատապարտված Սալմա ալ-Շեբաբը
Ուշագրավ է, որ Ալ-Քահթանիի դատավճիռը նորագույն պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ սաուդցի կինը շատ երկար բանտարկության է դատապարտվում սոցիալական ցանցերում գրառումներ կատարելու համար: Օգոստոսի կեսերին հայտնի դարձավ, որ 34-ամյա Սալմա ալ-Շեբաբը դատապարտվել է 34 տարվա՝ կանանց իրավունքների համար պայքարող քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով թվիթերի գրառումների, ինչպես նաև իրավապաշտպանների նմանատիպ հաղորդագրությունները վերաթողարկելու համար։
