14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Հակամարտության շեմին գտնվող Հունաստանն ու Թուրքիան սեփական փաստարկներով դիմել են ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին
Այլ Լուրեր

Հակամարտության շեմին գտնվող Հունաստանն ու Թուրքիան սեփական փաստարկներով դիմել են ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին

Արդեն երկար ժամանակ է, ինչ շարունակում է լարված մնալ ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից հարևաններ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները, որոնք ներառում են ծովային իրավունքի, Էգեյան ծովի որոշ կղզիների ինքնիշխանության, բնական գազի և օդային տարածքի սահմանների շուրջ վեճեր:

Թեև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը մեղմ ասած «հակասությունների» մեջ գտնվող երկու դաշնակիցներին միաբանեց, և նույնիսկ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցիտակիսը մեկնեց Թուրքիա և հանդիպեց նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի հետ, այնուամենայնիվ գոյություն ունեցող սուր հակասությունները թույլ չտվեցին, որպեսզի կողմերի հարաբերությունները ծարունակվեին նման ստաբիլ ձևով:

Թուրք-հունական հարաբերությունների լարվածության գագաթնակետը եղավ նախորդ շաբաթ, երբ հունական կողմի պնդմամբ թուրքական F-16 ինքնաթիռները Էգեյան ծովի հատվածում խախտել էին օդային սահմանը: Թուրքական կողմն էլ հայտնել էր, որ իր ինքնաթիռները, գտնվել էին իր օդային տարածքում և Հունաստանի կողմից ենթարկվել էին C-300 ՀՕՊ համակարգերի ռադարային հետպանդմանը:

Այս իրադարձություններից հետո Էրդողանը կրկին անցավ ագրեսիվ և քողարկված սպառնալիքների՝ նախորդ երեքշաբթի օրը TECHNOFEST ավիացիոն և տեխնիկական միջոցառման ժամանկ հայտարարելով, որ Թուրքիան կարող է «մի գիշեր հանկարծակիի գալ» ի պատասխան Հունաստանից բխող «ռազմական գործողությունների»:

Իսկ ահա դրանից օրեր անց Բոսինա և Հերցոգովինա կատարած պաշտոնական այցի ժամանակ Սրաևոյում տված մամուլի ասուլիսում հայտարարել էր. «Այն, ինչ ես ասում եմ, երազ չէ: Եթե ես ասել եմ, որ մենք կարող ենք մի գիշեր հանկարծակիի գալ, ապա դա նշանակում է, որ մենք կարող ենք մի գիշեր հանկարծակիի գալ»:

Հունաստանում Էրդողանի նման մեկանաբանությունները մեծ դժգոհություն էր առաջ բերել թե՛ հասարակական, և թե՛ կառավարական շրջանակներում:

Էրդողանի նման ագրեսիվ հռետորաբանությունը և Աթենքի կողմից Թուրքիայի հասցեին քննադատություններ հնչեցնելու դաշնակցներին ուղղած կոչը հանգեցրեց նրան, որ ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցչի խոսնակ Փիթեր Ստանոն սեպտեմբերի 5-ին հանդես եկավ Անկարայի հասցեին հնչեցրած կտրուկ քննադատությամբ: Տարածած հայտարարության մեջ Ստանոն նշել էր. «Հունաստանի և հույն ժողովրդի դեմ Թուրքիայի քաղաքական ղեկավարության շարունակական թշնամական արտահայտությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում և լիովին հակասում են Արևելյան Միջերկրական ծովում դեէսկալացիայի անհրաժեշտ ջանքերին, որոնք կցված են Եվրոպական խորհրդի 2021 թվականի մարտ, հունիս ամիսներին, ինչպես նաև 2022 թվականի հունիս ամսին կատարած եզրակացություններում:  Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և երկրների կենսական ու օրինական շահերի լիարժեք հարգմամբ: Սպառնալիքներն ու ագրեսիվ հռետորաբանությունն անընդունելի են և պետք է դադարեցնել»:

Այնուամենայնիվ Հունաստանը չբավարարվեց այս ամենով: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը որպես պատասխան քայլ նամակներ ուղղարկեց ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին և ՄԱԿ-ին, որոնց բովանդակությունը հրապարկվել էր The Associated Press լրատվականը, կոչ էր անում իր դաշնակիցներին և միջազգային հանրությանը քննադատել Էրդողանի բացահայտ «սպառնալից» և «սադրիչ» հայտարարությունները, որոնք «թուրք ժողովրդին ատելությամբ և արհամարանքով են սնում հարևան հույն  ժողովրդի նկատմամբ»:

«Թերագնահատելով հարցի լրջությունը՝ մենք կարող ենք կրկին ականատես լինել այնպիսի իրավիճակի, ինչպիսին այժմ ծավալվում է մեր մայրցամաքի այլ հատվածներում», — ասվում է նամակներում՝ նկատի ունենալով ուկրաինական պատերազմը։

Հաջորդիվ նամակում ասվում է. «Թուրքիայի ղեկավարությունը, ըստ երևույթին, որոշել է ապագա ագրեսիան ներկայացնել որպես արդեն պատրաստված և, որ ամենակարևորն է, որպես արդարացված գործողություն: Եթե թուրքական այս վերաբերմունքն իր իրական չափերով չդիտվի և միջազգային հանրության կողմից պատշաճ կերպով գնահատականի չարժանանա, ապա ապակայունացման վտանգը կսպառնա մեր լայն տարածաշրջանում՝ առաջացնելով այնպիսի հետևանքներ, որոնց ծանրությունը դժվար է գնահատել»:

Իսկա հա ՆԱՏՕ-ին ուղղված նամակում էլ ասվում էր, որ «Թուրքիայի վերաբերմունքը ապակայունացնող գործոն է ՆԱՏՕ-ի միասնության և համախմբվածության համար՝ ճգնաժամի պահին թուլացնելով դաշինքի հարավային թեւը»:

Սակայն թուրքական կողմը ևս կատարել էր իր պատասխան քայլը: Թուրքական պետական Anadolu լրատվականի համաձայն՝ Անկարան նույնպես անցնող շաբաթ նամակներ էր ուղարկել Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին՝ բացատրելով իր դիրքորոշումն ու տեսակետները այն հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ օդային տարածքի, տարածքային ջրերի և Էգեյան ծովի կղզիների ապառազմականացման կարգավիճակի մասին պահանջները:

Ընդգծենք, որ պատմությունը ցույց է տալիս, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունների լարվածությունը երբեմն դուրս է գալիս վերահսկողությունից կողմերի կանգնեցնում իրական ռազմական հակամարտության շեմին: Այդպես եղել էր 1974 թվականին, երբ Թուրքիան օկուպացրել էր Կիպրոսը: Աթենքի կողմից Կիպրոսին ցուցաբերվող աջակցությունը և դիմադրության ակնհայտ կազմակերպումը երկու երկրներին կանգնեցրել էին պատերազմի շեմին: Նմանատիպ պատմություն գրեթե կրկնվեց նաև 1996 թվականին, երբ Հունաստանն ու Թուրքիան կանգնել էին իրական պատերազմի վտանգի առաջ, այս անգամ արդեն անմարդաբնակ կղզու պատճառով:

Վաղուց է, ինչ Անկարան բացահայտ ձևով ցույց է տալիս իր դժգոհությունը Հունաստանի կողմից Էգեյան ծովի և սահմանային կղզիների վրա ունեցած բացարձակ վերահսկողության համար:

Թուրքիան Հունաստանին բազմիցս է պատերազմով սպառնացել, եթե վերջինս ընդլայնի իր արևելյան կղզիների տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն, ինչպես դա ամրագրված է Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում, որը Անկարան չի ստորագրել:

Աթենքի պնդմամբ՝ միջպետական սահմանային խնդիրների շուրջ քննարկումները պետք է սահմանափակվեն ծովային դեմարկացիայի և  բացարձակ տնտեսական շրջանների հստակեցման մասին բանակցություններով, մինչդեռ Անկարան ձգտում է բանակցություններ վարել ավելի լայն հարցերի շուրջ, ինչպիսիք են օրինակ 1922 թվականի Լոզանի կոնֆերանսի համաձայն Էգեյան ծովում հունական որոշ կղզիների ապառազմականացման մասին հարցերը:

Թուրքիայի նման մաքսիմալիստական հռետորաբանությունը և պահանջները միանգամայն խաթարում են ստեղծված իրավիճակի շուրջ լուծումներ գտնելու փորձերը:

Հարաբերությունների կարգավորմանը մյուս կողմից խաթարում է նաև վիճելի ծովային տարածքներում բնական գազի պաշարների հայտնաբերումը և օգտագործման փորձերը:

2019 թվականին Թուրքիան Լիբիայի կառավարության հետ ստորագրել էր մի վիճահարույց ծովային համաձայնագիր, որով փաստացի անտեսվում էր բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ Հունաստանի հավանությունները իրեն պատկանող Կրետե և Կաստելորիզո կղզիների շրջանում: Ի պատասխան Անկարայի քայլերի Հունաստանը նմանատիպ մի պայմանագիր ստորագրեց Եգիպտոսի հետ:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով բնական գազի գների աճը նոր շերտ է ավելացրել թշնամանքին։ Որոշ առումներ ուկրաինական պատերազմը վերածնել է նախորդ դարի Սառը պատերազմի ժամանակշրջանում Արևելյան Եվրոպայի ծայր հարավում գտնվող ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև գոյություն ունեցած մրցավազքը:

Հունաստանը հասկանում է, որ իր կարևորությունը դաշինքի համար մեծանում է, երբ ԱՄՆ-ի զորքերը և Արևելյան Եվրոպայի համար նախատեսված ռազմատեխնիկական մատակարարումները տեղափոխվում են Ալեքսանդրուպոլ նավահանգստային քաղաք: Մյուս կողմից վերջին շրջանում վաթարացել են նաև Անկարայի և Արևմուտքի հարաբերությունները, քանի որ Թուրքիան որդեգրել է նաև հստակ հակաարևմտյան հռետորաբանություն:

Էրդողանը հաճախ է իր ելույթներում քննադատել Արևմուտքին Ռուսաստանի նկատմամաբ սխալ քաղաքականություն վարելու, Ուկրաինային իրատեսական աջակցություն չտրամադրելու և հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով վերջ չտալու համար:

Բեռնում.....