Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության երկու կարևոր քաղաքների՝ Մոսկվայի և Սանկտ-Պետրեբուրգի մի քանի վարչական շրջանների պատգամավորներ հանդես են եկել նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը պահանջող հատուկ հայտարարություններով և հանրագրերով:
Ընդգծենք, որ Պուտինի հրաժարականի պահանջի մասին հայտարարվել էր արդեն այսօր՝ սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի մի շարք շրջաններում անցկացված ՏԻՄ ընտրություններից առաջ, ինչպես նաև Ուկրաինայի Խարկովի մարզում սեպտեմբերի 6-ից սկսված ուկրաինական հակահարձակման և ռուսական բանակի կորուստներով լի նահանջի ֆոնին:
Պուտինի հրաժարականի պահանջի մասին հայտարարությամբ առաջինը սեպտեմբերի 8-ին հանդես եկան Սանկտ Պետերբուրգի Սմոլենինսկոյե վարչական շրջանի պատգամավորները: Շրջանի պատգամավոր Դմիտրի Պալյուգան իր թվիթերյան էջում հրապարակելով վարչական շրջանի խորհրդի կողմից ընդունված որոշման փաստաթուղթը՝ նշել էր, որ խորհուրդը որոշել է դիմել ՌԴ Պետական դումային Ուկրաինայի պատերազմի պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պետական դավաճանության մեջ մեղադրելու և նրան զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին առաջարկով։
Ըստ այդ դիմումի՝ Ուկրաինայում այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» սկզբից Պուտինի գործողությունները համապատասխանում են ՌԴ Սահմանադրության 93-րդ հոդվածին, ըստ որի՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել Պետդումայի կողմից պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով։
Ուկրաինայի վրա հարձակվելու նախագահի որոշումը «վնասում է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը», ասվում է որոշման մեջ, քանի որ ռուսական բանակը կորցնում է իր մարտունակ ստորաբաժանումները, իսկ քաղաքացիները դառնում են հաշմանդամ։
Փաստաթղթի հեղինակները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ արտասահմանյան ընկերությունների դուրս գալը շուկայից և կրթված բնակչության արտագաղթը չեն կարող «հետք չթողնել Ռուսաստանի քաղաքացիների տնտեսական բարեկեցության վրա»։ Պատգամավորները նշում են, որ ՆԱՏՕ-ի դաշինքը, հակառակ հայտարարված նպատակներին, ընդլայնվում է դեպի արևելք, իսկ Ուկրաինան ստանում է ժամանակակից զինտեխնիկա։
Ռուսական The Insider ընդդիմադիր լրատվականին տված հարցազրույցում Պալյուգան ասել էր. «Ռուսաստանի նախագահի հայտարարած նպատակներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է, և մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Այնպես չէ, որ մենք լիովին պաշտպանում ենք նախագահ Պուտինի ասած նպատակները, այլ պարզապես իր հռետորաբանության շրջանակներում նա վնասում է Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը: Մենք ուզում ենք մարդկանց ցույց տալ, որ կան պատգամավորներ, ովքեր համաձայն չեն ներկայիս կուրսի հետ և կարծում են, որ Պուտինը վնասում է Ռուսաստանին։ Մենք ցանկանում ենք մարդկանց ցույց տալ, որ չենք վախենում խոսել այդ մասին»:
Սեպտեմբերի 8-ին Պուտինի հրաժարականի պահանջով արդեն հանդես եկավ Մոսկվայի Լոմոնոսովսկի վարչական շրջանի պատգամավորների խորհուրդը:
Հաջորդ օրը տեղի ունեցած նիստի ընթացքում պատգամավորները նշել էին, որ Պուտինի երկրորդ ժամկետից սկսած «ամեն ինչ շեղվել է». ՀՆԱ-ի կրկնապատկում չի եղել, նվազագույն աշխատավարձը չի հասցվել հայտարարված թվերին, խելացի ու աշխատասեր մարդիկ զանգվածաբար լքում են Ռուսաստանը, և խոստացված կայունությունը այդպես էլ չի հաստատվել:
«Այն հռետորաբանությունը, որը դուք և ձեր ենթակաները օգտագործում եք, վաղուց լցված է անհանդուրժողականությամբ և ագրեսիվությամբ, ինչը, ի վերջո, փաստորեն հետ շպրտեց մեր երկիրը «սառը պատերազմի» դարաշրջան: Ռուսաստանից նորից սկսել են վախենալ և ատել, մենք նորից սպառնում ենք ամբողջ աշխարհին միջուկային զենքով:
Վերոգրյալի կապակցությամբ խնդրում ենք՝ ազատվել ձեր պաշտոնից այն պատճառով, որ ձեր հայացքները, ձեր կառավարման մոդելը անհույս հնացած են և խոչընդոտում են Ռուսաստանի և նրա մարդկային ներուժի զարգացմանը»,-ասվում է Լոմոնոսովսկի շրջանի պատգամավորների հայտարարության մեջ։
Եվ ահա արդեն այսօր՝ սեպտեմբերի 12-ին Պուտինի հրաժարականի պահանջը վարչական շրջանների պատգամավորների շրջանում կարծես գնալով առավել մասսայական բնույթ է ստանում: Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և Կոլպինոյի 18 վարչական շրջանների պատգամավորները իրենց ստորագրություններն են դրել Վլադիմիր Պուտինի հրաժարականը պահանջող հանրագրի տակ։ Ստորագրահավաքով զբաղվում է Սանկտ Պետերբուրգի «Սեմենովսկի» վարչական շրջանի պատգամավոր Կսենյա Տորստրեմը, ով և պատգամավորների ստորագրությամբ հանրագիրը հրապարակել էր իր թվիթերյան էջում:
«Մենք՝ Ռուսաստանի մունիցիպալ պատգամավորներս, կարծում ենք, որ նախագահ Վ.Վ. Պուտինի գործողությունները վնասում են Ռուսաստանի և նրա քաղաքացիների ապագան։ Մենք պահանջում ենք Վլադիմիր Պուտինի հրաժարականը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնից»,-ասվում է Տորստրեմի հրապարակած հանրագրի տեքստում:
Ռուսական The Insider ընդդիմադիր լրատվականին տված հարցազրույցում Տորստրեմը բացատրելով իր տեսակետները և նման հակիրճ բովանդակությամբ տեքստի կազմման պատճառները՝ ասել էր. «Պատգամավորների հետ քննարկել ենք, որ ցանկանում ենք աջակցել Սմոլնինսկոյե վարչական շրջանի պատգամավորներին։ Բայց հիմա դժվար է հրապարակայնորեն բարձրաձայնել բռնաճնշումների պատճառով։ Այդ պատճառով նման լակոնիկ տեքստ ենք կազմել: Պատգամավորներին դեռևս արգելված չէ սեփական կարծիք ունենալ: Եվ նախագահի հրաժարականը պահանջելը նույնպես արգելված չէ: Նա ոչ թե միապետ է, այլ վարձու աշխատող, ով իր աշխատավարձը ստանում է մեր հարկերից: Մեր գործառույթը ժողովրդի շահերը ներկայացնելն է, և մենք տեսնում ենք, որ ժողովուրդը բավարարված չէ: Իսկ իշխանության աղբյուրը, ըստ սահմանադրության, մեր ժողովուրդն է: Անձամբ ինձ անհասկանալի են Վլադիմիր Պուտինի գործունեության դրդապատճառները: Կարծում եմ չի կարելի այսքան երկար իշխանության գտնվել»:
