«Փաստ» օրաթերթը գրում է
Բանակցություններ կոչված գործընթացներին զուգահեռ, որտեղ առաջ է մղվում «խաղաղության պայմանագիր» կնքելու օրակարգը, Ադրբեջանը շարունակում է դիմել սադրանքների, կրակահերթեր արձակում, պարբերաբար նաև ապատեղեկություններ է հրապարակում՝ փորձելով տեղեկատվական դաշտում ևս որոշակի տրամադրություններ գեներացնել: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի խոսքով, այս վարքագիծը ընդամենը մի իրողության մասին է վկայում:
«Սա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել: 44-օրյա պատերազմը ընդամենը այդ պատերազմի մի մասն էր, որը, այսպես ասենք, ֆիզիկական բնույթ էր կրում: Ադրբեջանը, որի խորհրդականներն են թուրքերը, իսրայելական կողմը, շարունակում է պատերազմը, ինչպես և ընդունված է բոլոր հիբրիդային պատերազմների ժամանակ, որը չի ենթադրում միայն ռազմաճակատ՝ ֆիզիկական պատերազմ: Նրանք այս իմաստով շատ հմտորեն օգտագործում են փափուկ ուժը, որովհետև իրենց վերոնշյալ օգնականները փորձ ու գիտելիքներ ունեն այդ առումով: Նրանք շարունակում են պատերազմը, որը չի վերջանալու, եթե անգամ ադրբեջանցիների բոլոր պայմանները կատարվեն: Պատերազմը շարունակվելու է, որովհետև Հայաստանի՝ որպես սուբյեկտի վերացման խնդիրն է դրված: Շարժվելու են առաջ՝ օգտվելով հատկապես նաև այն հանգամանքից, որ Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները, փաստորեն, բոլոր հարցերում իրենց կողմնակիցն են. չի բացառվում, որ իրենք ղեկավարվում են մի կենտրոնից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, այսօր չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին «խաղաղությունն» է, որի մասին այդքան խոսում են կողմերը:
