Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում այս տարվա սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։
Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների համաձայն ձեռք բերված հրադադարը։
Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Հայաստանի ղեկավարությունից խնդրանք է ստացվել առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով ներազդել իրավիճակի կարգավորմաննը։ Մենք ակնկալում ենք, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ից հրադադարի մասին ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն կիրականացվի ամբողջությամբ։
Ինչպես նախկինում ելնում ենք այն հանգամանքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի խնդիրները պետք է բացարձակապես լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերին վերաբերվող մասով՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շրջանակում»։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 08.00-ի դրությամբ էական փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Հայկական կողմը հայտնել է այս պահի դրությամբ 49 զոհի մասին, կան վիրավորներ:
