Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին:
Հայտարարության մեջ նշելով, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծանր զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում կան զոհեր, ասվում է.
«Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը շփման գծում այս տարվա սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ից սկսած հրադադարի պահպանման գործում։
Հայկական կողմի` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել իրավիճակի կարգավորման ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 08.00-ի դրությամբ էական փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Հայկական կողմը հայտնել է այս պահի դրությամբ 49 զոհի մասին, կան վիրավորներ:
