Գեղարքունիքի մարզում և Վարդենիս քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վարդենիսի համայնքապետարանի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը նախ հերքեց լուրերը, թե Վարդենիս քաղաքի վրա արկեր են ընկել:
«Արկեր չեն ընկել քաղաքի վրա ո’չ երեկ, ո’չ էլ այսօր: Արկեր ընկել են միայն սահմանամերձ գյուղերի` Սոթքի, Կութի, Նորաբակի ուղղությամբ: Հրետակոծությունը գյուղերի ուղղությամբ արդեն դադարել է, դրանք միայն սահմանին են: Խուճապ քաղաքում չկա, տարհանվել են այն բնակավայրերի բնակիչները, որոնք հակառակորդը հրետանակոծել է»,-ասաց Պետրոսյանը` հավելելով, որ Վարդենիս քաղաքի դպրոցներն ու մանկապարտեզները այսօր փակ են:
«Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ ասել է, որ Սոթք, Վերին Շորժա հատվածում ինտենսիվ մարտեր են ընթանում: «Ժամը 15.00-ից 16.00-ի տեղեկություններով առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում: Առավոտվա տվյալներով ունեինք 4 զոհ»,-ասել է նա:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
