Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանային և խոշոր տրամաչափի զիմնատեսակներից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից ինտենսիվ կրակ են սկսել հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական զորքերը դիրքային առաջխաղացման փորձեր են ձեռնարկել դեպի Հայաստանի տարածքի խորքը:
Հատկանշական է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական այս ագրեսիան տեղի է ունենում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերի պաշտոնական տարածաշրջանային այցի ժամանակ։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի ներկայությունը տարածաշրջանում, ընդ որում, Բաքու այցի նախօրեին Ադրբեջանին հետ չպահեց Հայաստանի դեմ հերթական սադրանքից։
Հիշեցնենք, որ հայաստանյան այցից հետո ամերիկացի դիվանագետն այցելել էր Վրաստան։ Երեկ դեսպան Ռիկերը, ով նաև Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական է և Ժնևի միջազգային քննարկումներում (Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման շուրջ) ԱՄՆ պատվիրակության ղեկավարը, հանդիպել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի հետ։ Թբիլիսիից հետո ամերիկացի դիվանագետը պետք է այցելեր Բաքու, որտեղ դժվար թե նկատած չլինեն, որ տարածաշրջանի հարցերով ԱՄՆ ավագ խորհրդականը գտնվում է տարածաշրջանում։

Հետևաբար, դեսպան Ռիկերի ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն չզսպեց Ադրբեջանին, այլ, ամենայն հավանականությամբ, ընդհակառակը, հերթական էսկալացիան Բաքվի և որոշ այլ մայրաքաղաքների կողմից յուրօրինակ ուղերձ է հենց ամերիկյան դիվանագիտությանը, այդ թվում՝ նախազգուշացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վերջերս Ֆիլիպ Ռիկերի նշանակումը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում նյարդային արձագանք էր առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան քննադատել էր Ռիկերի նշանակումը։ ԱԳՆ խոսնակը, մասնավորապես, նշել էր, որ գործնականում չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել ԱՄՆ-ի հեռացմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Նա հավելել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը։
«Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը Ֆիլիպ Ռիկերին Կովկասում գլխավոր բանակցային խորհրդական նշանակելու մասին զարմանալի է, քանի որ դա ցույց է տալիս մոտեցում, որը հեռու է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրականությունից», — ասել էր Աբդուլաևան:
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը նույնպես սուր քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ին եւ Մինսկի խմբին։ Օգոստոսի 27-ին, ելույթ ունենալով Շուշի քաղաքում կազմակերպված հերթական ֆորումում, Հաջիևը նշել էր, որ «30 տարվա անգործությունից» հետո ինչ-որ մեկի նշանակումը Մինսկի խմբի համանախագահ ամոթալի քայլ է:
«Բայց կա երկու երկիր, որոնք չեն մասնակցում այս միջոցառմանը, դրանք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Մենք չենք կարող հասկանալ նրանց բացակայության պատճառը… Մենք այլևս նրանց չենք հրավիրի… Նրանց բացակայությունը, Մինսկի խմբի վերականգնման և վերակենդանացման մասին հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ առաքելություն են նրանք կատարել 30-ամյա բանակցային գործընթացի շրջանակներում», — հայտարարել էր Հաջիևը:
Հարկ է նշել, որ Վաշինգտոնը, այս տրամաչափի դիվանագետի նշանակելով համանախագահի պաշտոնում, հստակ ուղերձ հղեց Մինսկի խմբի վերաբերյալ իր մոտեցման մասին: Սա ղարաբաղյան հակամարտությունում ԱՄՆ-ի շահագրգռվածության աստիճանի կարևոր ցուցանիշ է։ Ավելին, Ֆիլիպ Ռիկերն ամենաբարձր և ազդեցիկ դիվանագետն է, ով առնվազն վերջին 15 տարիներին աշխատել է որպես Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ։ Ռիկերի նշանակումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը չի համարում ղարաբաղյան հակամարտությունը ավարտված, և որ Լեռնային Ղարաբաղի ապագան պետք է որոշվի բանակցությունների սեղանի շուրջ։ Ավելին, ԱՄՆ-ն այդ քայլով ազդարարեց, որ պատրաստ է ավելի լուրջ դերակատարում ունենալ ամբողջ տարածաշրջանում։
Բայց տարածաշրջանում լուրջ դերակատարում ունենալու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտը պետք է կոնկրետ դրսևորումներ ունենա, եթե այդ հայտը իսկապես լուրջ է։ Այս իրավիճակում ԱՄՆ-ը պետք է հստակ և միանշանակ արձագանքի Բաքվի և նրան սադրողների պահվածքին։ Այդ արձագանքի դրսևորումը պետք է լինի առաջին հերթին ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան։ Այս դիրքորոշումը պետք է տարածվի նաև ԵԱՀԿ շրջանակներում: Ամերիկյան դիվանագիտությունը պետք է իրոք ակտիվացնի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Ավելին, Ուկրաինայում պատերազմի դեպքում ԱՄՆ-ը և դաշնակիցները վճռականություն դրսևորեցին և հասկացրեցին, որ վեճերը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ, ցանկացած չհրահրված ագրեսիա անընդունելի է և պետք է պատժվի։ Հիմա ժամանակն է ապացուցելու, որ այս սկզբունքը գործում է նաև այլ տարածաշրջաններում, և այդ սկզբունքը խախտողը խստագույնս կպատժվի՝ ընդհուպ մինչև համապատասխան պատժամիջոցների կիրառում։
