«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը կոչ է արել միջազգային հանրությանը, գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին՝ անհապաղ արձագանքել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմամբ ստեղծված իրավիճակին:
Այս մասին տեղեկացանք «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Հայաստանի Հանրապետության՝ ինքնիշխան պետության սահմանները հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից: Թիրախում են քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակելի տարածքներ: Խնդրում ենք միջազգային հանրությանը, մեր գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Սիրելի հայրենակիցներ, ամուր մնացեք»,-ասված է հայտարարությունում:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ—ներ:
Իրադրությունը հայ—ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:
