Բելառուսի Հանրապետությունը անհանգստությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է երկրի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
«Սգում ենք երկու կողմի զոհերի համար, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մենք բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարություններին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»,-ասված է հայտարարությունում:
Բելառուսի ԱԳՆ-ից նշել են, որ իրենք ելնում են նախադրյալից, որ ցանկացած հակամարտություն կարող է և պետք է լուծվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։
«Իր հերթին Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել բոլոր հասանելի ձևաչափերով՝ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հասնելու համար»,-նշել են գերատեսչությունից:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ—ներ:
Իրադրությունը հայ—ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:
