11.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Ռուսաստանը կորցնում է Հայաստանը
Գլխավոր Նորություններ

Ռուսաստանը կորցնում է Հայաստանը

Ռուսաստանն ամաչելու կարիք չունի, երբ հռչակում է իր խանդը ԵՄ-ի նկատմամբ։ Այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե «ԵՄ-ն նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից և առանց քաշվելու փորձում է միջամտել Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի եռակողմ աշխատանքին»։ 

Ռուսաստանն ամաչելու կարիք չունի, որովհետև դրա ժամանակը չէ։ Ամաչելու փոխարեն կարելի է հրահրել պատերազմ Հայաստանի նկատմամբ, ու Հայաստանը ուղղակի կխնդրի Ռուսաստանին կանգնեցնել այն՝ 2016-ի ապրիլյան քառօրյայի նման մի բան, այն տարբերությամբ, որ այն ժամանակ ՌԴ-ին պետք էր Ղարաբաղը, իսկ հիմա արդեն պետք է հենց Հայաստանը։ Ռուսաստանը ամաչելու կարիք չունի, որովհետև, ինչպես ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարն է ասում, «քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ»։ 

Մենք այդ «քայլերը» տեսնում ենք։ Բայց մենք չենք լսում, որ Ռուսաստանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ անի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Իսկ  Ամերիկան անում է, չէ՞։ Թե՞ Էնթոնի Բլինկենը չգիտի դիվանագետ լինել։ Կամ ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը դիվանագիտությունից ոչինչ չի՞ հասկանում, երբ ասում է, թե ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և վնասում ենթակառուցվածքները։ 

Ուրեմն կասկած չկա, որ Ալիևը այս կռվում գործիք է։ Սա նույնիսկ բացահայտելու կարիք չունի, այնքան պարզ է երևում։ Ռուսաստանը կորցնում է Հայաստանը։ Երեկ Փաշինյանը գրեթե բաց տեքստով էր ասում, որ նույնիսկ զենք չի տալիս Հայաստանին, փողը կա, զենք տվողը չկա։ «Կան երկրներ, որոնք պատրաստ չեն, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի: Այս պատրաստ լինելը և չլինելն իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային»,-երեկ խորհրդարանի ամբիոնից ասաց Փաշինյանը։ 

Ահա Ռուսաստանի «խանդի» ևս մի դրսևորում։ Եվ Սուրեն Պապիկյանն էլ գուցե հենց դրա համար էր գնացել Ամերիկա։ ՀԱՊԿ անդամ երկրին պատերազմ է հայտարարվել։ Այդ անդամ երկիրը կարող էր մի «ատրճանակ» անգամ չունենալ ու կորուստներ չունենալ։ Ինչո՞ւ ունի։ Որովհետև կռվողն Ադրբեջանը չէ, Ադրբեջանը այդ կռվի գործիքն է։ 

Եթե հիշում եք, Ադրբեջանը, իր բառերով, Ղարաբաղի հարցը լուծել է։ Այսինքն, այս իմաստով Հայաստանի հետ խոսելիք չկա։ Ուրեմն ինչո՞ւ է հարձակվում Հայաստանի վրա։ Հարձակվում է, որովհետև զսպողն, այսպես թե այնպես, դա թույլ է տալիս։ 

Արսեն Գրիգորյան

Բեռնում.....