3.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.12.2023
Գլխավոր » ՀՀ գերատեսչությունները հորդորում են զինվորների և սահմանամերձ մարզերի բնակիչների համար առաջնային անհրաժեշտության պարագաներ չհավաքագրել
Այլ Լուրեր

ՀՀ գերատեսչությունները հորդորում են զինվորների և սահմանամերձ մարզերի բնակիչների համար առաջնային անհրաժեշտության պարագաներ չհավաքագրել

Հայաստանի Հանրապետության մի շարք գերատեսչություններ հայտարարություն են տարածել՝ հանրությանը հորդորելով մասնավոր նախաձեռնություն չցուցաբերել զինվորների և սահմանամերձ մարզերի բնակիչների համար առաջնային անհրաժեշտության պարագաներ հավաքագրելու առնչությամբ:

«Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։

Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է»,-  նշված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ առողջապահության նախարարությունն էլ տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս հորդորում է դադարեցնել զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթացը:

«Պետությունն՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը։

Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,- մասնավորապես ասված է ԱՍՀ նախարարության հաղորդագրության մեջ:

Բեռնում.....