Սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու երկայնքով Ադրբեջանի կողմից հրետանու և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լայնածավալ կիրառմամբ իրականացվող նախահարձակ ագրեսիվ գործողություններին Բաքվի քաղաքական ռեժիմը կարծես թե փորձում է որոշակի նպատակ հետապնդող արդարացումներ տալ:
Թեև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իր տարածած հաղորդագրություններում Հայաստանի դեմ ուժի կիրառումը ջանում է հիմնավորել իբր հայկական կողմի «սադրանքներն» ու «ագրեսիվ գործողությունները» կանխելով, այնուամենայնիվ Միլլի մեջլիսի որոշ պատգամավորներ առավել քան հստակ կարծիք են հայտնում, որ ստեծված իրավիճակում պետք է առավել հեռուն գնալ և Հայաստանի հետ սահմանին ստեղծել այսպես կոչված «բուֆերային» կամ «անվտանգության» գոտի: Ավելին, նման մտքերը երբեմն զուգորդվում են «Հայաստանին խաղաղություն պարտադրելու» քարոզչական բովանդակության մտքի հետ:
Այսպես, օրինակ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության և հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Զիյաֆաթ Ասգարովը ադրբեջանական Report լրատվականին տված հարցազրույցում ասել էր. «Կարծում եմ, որ Հայաստանի ողջ զինվորական անձնակազմը պետք է դուրս բերվի Ադրբեջանի տարածքից, և անվտանգության գոտի ստեղծվի Ադրբեջանի սահմանի մոտ։ Հետևաբար Հայաստանին պետք է պարտադրել խաղաղության։ Որովհետև չի կարելի թույլ տալ, որ հայկական ռևանշիզմը գլուխ բարձրացնի»:
Իսկ ահա Միլլի մեջլիսի նույն հանձնաժողովի անդամ Էլման Մամեդովը ասել էր. «Ադրբեջանը պարտավոր է ստեղծել «բուֆերային գոտի»՝ ապահովելու իր սահմանների և բնակչության անվտանգությունը»:
Ավելին, այս պատգամավորը անգամ որպես երկրորդական առաջարկ նշել էր. «Լաչինի միջանցքի նորակառույց այլընտրանքային ճանապարհի վրա հրատապ պետք է ստեղծվի ադրբեջանական զինուժի սահմանային կետ, և Ադրբեջանը պետք է վերահսկողության տակ վերցնի այդ ճանապարհը։ Բոլոր անօրինական խմբերը պետք է «դուրս մղվեն» Ադրբեջանից»:
Երկու այս պագամավորների հայտնած տեսակետները ըստ երևույթին միևնույն ենթատեքստը պարունակող հայտարարություններ են: Եթե հակիրճ ասենք, ապա կստացվի, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության և հակակոռուպցիոն հանձնաժողովի պատգամավորները առաջարկում են Հայաստանի հետ սահմանին ստեղծել «բուֆերային գոտի», և Արցախից ամբողջովին դուրս բերել հայկական զորամիավորումները:
Ուշագրավ է, որ ադրբեջանցի պատգամավորների հայտնած այս միտքերը գրեթե նույնությամբ տեղ են գտում ադրբեջանական մամուլում և դրանցով ակտիվորեն շրջանառվող վերլուծական ու փորձագիտական մեկնաբանություններում:
Օրինակ` ադրբեջանցի քաղաքագետ և վերլուծաբան Էլչին Միրզաբեյլին Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր. «Հայաստանն այդ սադրանքներն իրականացնում է, մասնավորապես, Ադրբեջանի Քալբաջարի և Լաչինի շրջանների ուղղությամբ՝ ստեղծելով առճակատման օջախներ՝ իր պարտավորությունների կատարումից խուսափելու համար, պայմաններ ստեղծելով արտատարածաշրջանային ուժերի կողմից գործընթացներին միջամտելու համար։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի սահմանի մոտ անվտանգության գոտու ստեղծումը միակ ճանապարհն է՝ ապահովելու երկրի տարածքային ամբողջականությունը, անձեռնմխելիությունը և սահմանների անվտանգությունը»:
Հաջորդիվ ադրբեջանցի քաղաքագետը իր վերլուծությունում նշում է, որ «նման իրավիճակում Ադրբեջանին, որը իր վրա պարտավորվածություն է վերցրել իրականացնել հայկական օկուպացիայից իր տարածքների անվերապահ ազատագրման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որով վերջ դրվեց գրեթե 30 տարվա ագրեսիային, ոչինչ չի մնում, քան միլիտարիզացված պետությանը խաղաղություն պարտադրելը՝ նպատակ ունենալով իրագործել 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը և այլ փաստաթղթերն ու պայմանավորվածությունները»:
Սակայն Միրզաբեյլին իր վերլուծությունների եզրափակիչ հատվածում կարծես հստակեցնում է, որ վերոնշյալը Ադրբեջանի հեռուն գնացող նպատակները պետք է լինեն, իսկ «ներկայումս ադրբեջանական բանակի կողմից իրականացվող լոկալ գործողությունները պետք է դիտարկվեն որպես Հայաստանի սադրանքները, մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգները կանխելու անհրաժեշտ միջոցներ»:
Ադրբեջանական մեկ այլ առաջատար լրատվական՝ APA գործակալությունն էլ իր կայքում հրապարակված «Հայաստանին պետք է խաղաղություն պարտադրել, իսկ սահմանին ստեղծել անվտանգ գոտի» վերանգիրով հոդվածում ասվում է. «Հիմնական խնդիրներից մեկը ադրբեջանական սահմանի մոտ անվտանգ գոտու ստեղծումն է։ Հակառակ դեպքում Հայաստանի սադրանքները կշարունակվեն։
Զուգահեռաբար Հայաստանին պետք է խաղաղության պարտադրել։ Պետք է վերջ տալ Հայաստանի ղեկավարության կողմից ամեն անգամ սադրանքներ իրկանացնելուց հետո իրենց հովանավորների մոտ շտապելու և կեղծավորաբար աղմկելու փորձերին, որը նպատակաուղղված է հերթական ռեվանշի համար ժամանակ շահելուն»:
Հաջորդիվ նույն հոդվածում նաև կոչ է արվում Հայաստանի առաջ պահանջ դնել, որպեսզի վերջինս Արցախի տարածքից, որը ադրբեջանցիները վերջին շրջանում կոչում են «ռուսական խաղաղապահների կողմից վերահսկվող Ադրբեջանի տարածքներ», դուրս բերվեն բոլոր հայական զորամիավորումներն ու ռազմական տեխնիկաները:
Այլ կերպ ասած, ներկա պահին ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական բանակի գործողությունները «իմաստավորելու» և «արդարացնելու» գործին:
Հավանական կարելի է համարել, որ հայ-ադրբեջանական «բուֆերային գոտի ստեղծելու», «Հայաստանին խաղաղություն պարտադրելու» և Արցախից հայկական զինուժի դուրս բերման մասին այս քարոզչական թեզերը շուտով կհնչեն նաև Բաքվի քաղաքական ղեկավարության առավել աբրձր էշելոններում կանգնած գործիչների կողմից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը իր արջև Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար սահմանում է հստակ քաղաքական նպատականեր:
