11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » ՀՀ դեմ գործողություններում ՌԴ և Ադրբեջանի միջև կա կատարյալ փոխհամաձայնություն․ Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)
Գլխավոր Նորություններ

ՀՀ դեմ գործողություններում ՌԴ և Ադրբեջանի միջև կա կատարյալ փոխհամաձայնություն․ Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)

Newarmenia-ի տաղավարում զրուցել ենք Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

Սեպտեմբերի 12-ի կեսգիշերին Ադրբեջանը հարձակում է նախաձեռնել Հայաստանի դեմ՝ մի քանի ուղղություններով։ Թեև երեկ ռուսական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ ռուսական միջնորդությամբ հնարավոր է եղել հասնել հրադադարի, սակայն սեպտեմբերի 13-ին օրվա ընթացքում իրավիճակը լարված էր, իսկ սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ առավոտյան ժամը 8-ի դրությամբ թշնամական ուժերը հրետանային միջոցների կիրառմամբ նախահարձակ գործողություններ են սկսել Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ։

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ սա Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի դեմ գործած ագրեսիա է, որը հակասում է Ադրբեջանի՝ որպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ անդամ երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Նպատակն է ուժի գործադրմամբ պարտադրել Հայաստանին բացառությամբ իրենց պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել։

Ըստ Մեհրաբյանի՝ այս գործողությունները կանգնեցնելու երկու տարբերակ կա՝ մեկը ուժին ուժով դիմագրավելու տարբերակն է, երկրորդը՝ կոնսոլիդացնել միջազգային ճնշումներն Ադրբեջանի վրա՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Նրա խոսքով՝ տեսանելի է, որ ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշման կոշտացում է տեղի ունենում։

«Ռուսաստանն ու Ադրբեջանն այս տարվա փետրվարի 22-ին կնքված հռչակագրով ունեն պայմանավորվածություն, որ մեկը մյուսի շահերի դեմ որևէ գործողություն չպետք է անի։ Եվ այն ինչ տեղի է ունենում այսօր, մենք տեսնում ենք, որ կողմերը որևէ ձևով չեն դիտարկում, որ իրար շահերի դեմ ինչ-որ բան են անում։ Այսինքն՝ այստեղ կա կատարյալ փոխհամաձայնություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Այս իրավիճակում Հայաստանն ավելորդ ռեսուրս ու ժամանակ է ծախսում՝ դիմելով ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին»,- հավելում է Մեհրաբյանը։

Ըստ Մեհրաբյանի՝ արձագանքը վիրավորական է մարդկային բանականության համար։ Ի սկզբանե պետք է պարզ լիներ, որ չի կարելի որևէ հույս կապել Ռուսաստանի ու ՀԱՊԿ հետ։ Հետևաբար, Հայաստանը պետք է գործի իր իրական շահերին համահունչ։

«Ասում են՝ գետնի վրա ռուսներն են, այդ հարցը բարձրացրեք՝ իսկ ի՞նչ գործ ունեք այստեղ, ո՞ւմ եք պետք։ Եթե այս ամենը, ինչ տեղի է ունենում, դուք բացի Զասին էքսկուրսիա ուղարկելուց այլ բան չունեք առաջարկելու, ձեր՝ այստեղ գտնվելու իմաստը հավասարվում է զրոյի։ Հայաստանը մի քանի ուղղություններով այն որոշումները, որոնք պետք է ընդուներ, չի ընդունել, և հիմա այս ամենը թթվել է մեր վրա։ Այսօր անհրաժեշտ է մեր շահերից բխող որոշում ընդունել ու առաջին հերթին այս հրդեհը մարել։ Երկրորդ, այս միջազգային արձագանքները իրոք դրական է, դա այն է, ինչ մենք չտեսանք նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բայց դա չպետք է փոխի մեր բանակցային դիրքորոշումը, սակայն այդ բանակցությունները պետք է լինեն թիրախավորված, ավելի նպատակային։ Եվ ամենակարևորն է՝ այդ բանակցությունները հաջողություն չեն կարող ունենալ ռուսների միջնորդությամբ, այլ կարող են տեղի ունենալ ի հեճուկս ռուսների ու ի հաշիվ ռուսների»,- նշեց նա։

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև Հայաստանի դիմումին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ ու հարցին, թե ի՞նչ ակնկալիք կա սպասվող նիստից։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Բեռնում.....