Սեպտեմբերի 13-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։
Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված ռազմական ագրեսիային:
Դեսպան Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևի կոնվենցիաների բացահայտ խախտմամբ, գնդակոծության են ենթարկել հայկական մի շարք բնակավայրեր` օգտագործելով ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանային միջոցներ, ականանետներ ու ԱԹՍ-ներ։
Նշվել է, որ Ադրբեջանի այս ագրեսիան ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների, ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է:
