Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հրետանու և ԱԹՍ-ների լայնածավալ կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծի արևելյան ուղղությամբ մեկնարկած ագրեսիվ ռազմական գործողությունները վերջին ժամերին դարձել են միջազգային մամուլի արձագանքնման հիմնական թեմաներից մեկը:
Ռուսական լրաատվամիջոցների շարքում առաջատար «Риа новости» և «TACC» գործակալությունները իրադարձությունների մասին տեղեկությունները տալիս էին հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունների տեքստերին տրված հղումներով:
Այնուամենայնիվ տարբերություն կար ռուսական մեկ այլ առաջատար լրատվականի՝ «Коммерсантъ»-ի հրապարակումներում: Լրատվականը բացի հակամարտության կողմերի պաշտոնական հայտարարություններից վերցրած տեքստերից նաև ներկայացրել էր որոշակի վերլուծական և համեմատական գնահատականներ:
Այսպես, օրինակ «Հայաստանն ու Ադրբեջանը սահմաններ չեն ճանաչում» վերնագիրը կրող հոդվածում ասվում է. «2020 թվականի աշնանից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտության ամենալուրջ սրումը Բաքվին և Երևանին կանգնեցրել է նոր լայնածավալ պատերազմի շեմին։ Միևնույն ժամանակ, ինչպես միշտ է լինում, երեքշաբթի օրը երկու մայրաքաղաքներից հնչեցին էսկալացիայի պատճառների միմյանց հակասող վարկածներ. կողմերը միմյանց մեղադրեցին «լայնածավալ սադրանքների» և չհրահրված ագրեսիայի մեջ։ Առնվազն 99 մարդու կյանք խլած բախումները փորձության են վերածվում այն խաղացողների համար, ովքեր հավակնում են լինել առանցքային միջնորդ, առաջին հերթին Եվրամիության և Ռուսաստանի համար: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը ուշադրությունը հրավիրել էր այն փաստի վրա, որ հենց Մոսկվային պետք է շնորհակալություն հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության համար։ Մինչդեռ Բրյուսելում հասկացնում են, որ չեն պատրաստվում իրենց ձեռքից բաց թողնել նախաձեռնությունը. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շտապ ուղարկվել է Բաքու և Երևան»:
Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելուն և կառույցից ստացված արձագանքներին ՝ «Коммерсантъ»-ը գրում է. «Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածում ասվում է. ՀԱՊԿ-ը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել, եթե «մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի (զինված հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը)»։ Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ը խաղաղապահներ էր ուղարկել Ղազախստան հունվարյան անկարգությունների ժամանակ։ Սակայն Երևանը նախկին սրացումների ժամանակ արդեն մի քանի անգամ դիմել է ՀԱՊԿ-ին, բայց կազմակերպության կողմից ոչ մի դեպքում էլ գործնական քայլեր չեն ձեռնարկվել (օրինակ՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ ՀԱՊԿ անդամները չմիջամտեցին հակամարտությանը՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում չկայանալու պատճառով)»:
Բրիտանական BBC լրատվականի ռուսական ծառայությունն էլ, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Բաքվի հնչեցրած այն հայտարարություններին, որ իբր հայկական բանակը սադրիչ գործողությունների է դիմել, գրում է. «Հայաստանի աղբյուրները վստահեցնում են, որ հայկական բանակը պարզապես չի կարող դրանք իրականացնել 2020 թվականի պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, որը ցույց տվեց Ադրբեջանի ռազմական գերազանցությունը։ Երեւանին մնացել է դիվանագիտությունը: Գիշերվա ընթացքում Հայաստանի վարչապետին հաջողվել է զրուցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Սրանք այն երեք երկրներն են, որոնք վերջին տասնամյակների ընթացքում Բաքվի և Երևանի միջև վարել էին բանակցային գործընթացները»:
Լրատվականը նշում է, որ ադրբեջանցի քաղաքագետ և պատմաբան Արիֆ Յունուսովը իր հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը հարված է հասցնում օգտվելով պահից: Նա սրումը կապում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջերս Բրյուսելում կայացած հանդիպման անհաջող բանակցությունների հետ։ Յունուսովը նշում է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրապարակայնորեն հայտարարված հինգ թեզերի կատարում։ Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է այդ կետերի անընդունելիության և Արցախյան հակամարտության ոչ թե տարածքային այլ իրավունքային բնույթի մասին:
Ըստ Յունուսովի Փաշինյանի նման դիրքորոշումը ուղղակի բարկացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Պարզ էր, որ Ադրբեջանը կհարվածի՝ օգտվելով պահից»,- ասել էր ադրբեջանցի քաղաքագետը BBC լրատվականին՝ նշելով, որ աշխարհն այժմ զբաղված է Ուկրաինայում ընթացող հակամարտությամբ, իսկ հայկական բանակը թուլացած է։
Լրատվականի հետ հարցազրույցում գրեթե նույն կարծիքն էր հայտնել նաև Հարավային Կովկասի միջազգային ճգնաժամային խմբի ավագ գիտաշխատող Օլեսյա Վարդանյանը, ով նշել էր. «Ռուսաստանը ներկա պահին զբաղված է Ուկրաինայում կատարվողով: Իսկ Ռուսաստանի համար անշահավետ է, որպեսզի հիմա սկսվի հերթական հակամարտությունը կամ, ինչպես ասում են, բացվի «երկրորդ ճակատը»։ Արդյունքում մենք տեսնում ենք Ռուսաստանի փաստացի անգործությունը։ Եթե նախկինում նրա համար բավական էր մի քանի զանգ կատարելը, ապա այժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի կարողանում ամիսներով դադարեցնել ռազմական գործողությունները հակամարտության գոտում։ Այնպես, որ Ռուսաստանի զբաղվածությունը իրավիճակը մեծապես փոխում է այստեղ՝ տեղում»:
Հեղինակավոր Reuters լրատվականին տված հարցազրույցում «Chatham House» վերլուծական կենտրոնի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը նույնպես կարծիք է հայտնել, որ ներկա իրավիճակը հիմնականում Հարավային Կովկասում Ռուսաստանի որպես անվտանգության երաշխավորի կարգավիճակի թուլացումն է, որը բխում է Ուկրաինայում ընթացող հակամարտությունից:
«Փետրվարից մենք նաև տեսնում ենք Ռուսաստանի՝ որպես անվտանգության հովանավորի և տարածաշրջանում անվտանգություն ապահովողի համբավի փլուզումը։ Դա հնարավորությունների պատուհան է ստեղծել Ադրբեջանի համար՝ հիշեցնելով, որ 2020 թվականի երկրորդ պատերազմի արդյունքները գործը կիսատ են թողել»,- կարծում է փորձագետը:
