Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը կազմակերպության անունից հայտարարություն է տարածել ադրբեջանա-հայկական սահմանին վերջին բախումների վերաբերյալ.
Թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը կազմակերպության անունից հայտարարություն է տարածել՝ կապված, ինչպես ասվում է հայտարարության մեջ, «ադրբեջանա-հայկական սահմանին վերջին բախումների հետ»։
«ԹՊԿ գլխավոր քարտուղարն իր լուրջ մտահոգությունն է հայտնում և դատապարտում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի երկայնքով հայկական զինված ուժերի ռազմական սադրանքը։ ԹՊԿ-ն վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին և հիշեցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման և խաղաղության գործընթացի կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար: ԹՊԿ-ն վերահաստատում է իր աջակցությունը իր անդամ պետության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը և կոչ է անում Հայաստանին կատարել երկու հարևան երկրների միջև ձեռք բերված ընթացիկ պայմանավորվածությունները: Քարտուղարությունն իր ցավակցությունն է հայտնում նահատակների ընտանիքներին, եղբայրական ժողովրդին և Ադրբեջանի կառավարությանը՝ զոհվածների համար, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», — ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ դաշնակից Ղազախստանի ներկայացուցիչ, քաղաքական գործիչ և դիվանագետ Բաղդադ Ամրեևը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին Թյուրքական խորհրդի 6-րդ գագաթնաժողովի ժամանակ նշանակվեց Թյուրքական պետությունների կազմակերպության քարտուղարության գլխավոր քարտուղար։ 2021 թվականի նոյեմբերին նրա մանդատը երկարաձգվեց ևս 1 տարով։

Իր պաշտոնավարման ընթացքում պարոն Ամրեևը կոչ արեց ստեղծել միացյալ պետություն, որը կվերահսկի թյուրքական աշխարհը:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ամրեևը հայտարարեց իր աջակցությունն Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի։
2021 թվականի մայիսի 12-ին նա դատապարտեց Իսրայելի դերը 2021 թվականի իսրայելա-պաղեստինյան ճգնաժամում, այն նկարագրելով որպես «իսրայելական անվտանգության ուժերի կողմից ուժի անհամաչափ կիրառում պաղեստինցի անմեղ քաղաքացիների նկատմամբ»:
