1.1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » Տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ. Իրանի արտգործնախարարը՝ Բայրամովին
Այլ Լուրեր

Տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ. Իրանի արտգործնախարարը՝ Բայրամովին

Թեհրանում շարունակում են համակ ուշադրությամբ հետևել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությանը, Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ շեշտելով հայ-իրանական միջպետական սահմանի որևէ փոփոխության անընդունելիությունը:

«Իրանի և Հայաստանի սահմանը պետք է մնա առանց փոփոխությունների», — ասել է Իրանի արտգործնախարարը:

Ըստ Fars լրատվական գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խիստ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր զինված հակամարտության բռնկման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծմանը քաղաքական խաղաղ ճանապարհով:

«Մենք միշտ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը, այդ թվում՝ Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի, և կարծում ենք, որ Իրանի ու Հայաստանի միջև սահմանը հաղորդակցության պատմական ճանապարհ է, որը պետք է պահպանվի առանց փոփոխությունների», — ասել է Աբդոլլահիանը:

Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել», — հավելել է Ամիր Աբդոլլահիանը:

Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Փաշինյանը մանրամասներ էր փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Իրանի նախագահն իր հերթին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է, և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

Իրանի Իսլամական Հանրապետությունը նախկինում ևս բազմիցս հայտարարել է Հարավային Կովկասում սահմանների որևէ փոփոխության, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի սահմանի արգելափակման որևէ փորձի անընդունելիության մասին: 2022 թ. հուլիսի 19-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ևս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել էր, որ Իրանը չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:

Բեռնում.....