«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմը նաեւ դիրքային կորուստներ ունի թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի հատվածում։ Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ մարզային կառույցի պատասխանատու, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց Իշխանասարի հատվածում դիրքային փոփոխությունների մասին լուրերը: «Պատերազմում ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց նա։
Ճշտող հարցին, թե մասնավորապես խոսքն ինչ ծավալների դիրքային փոփոխության մասին է, պատասխանեց․ «Ես հիմա չեմ կարող Ձեզ ասել»։ Նախկին զինվորականն ասաց նաեւ, որ պատերազմի տեւողությունը կախված է այն բանից, թե ազգը որքան պառակտված կմնա։ «Եթե այս վիճակը երկար շարունակվի, պատերազմն էլ երկար կձգվի, սա ազգային պայքար է, պետք է բոլորս միասին լինենք, երբ միասին չենք եղել, միշտ էլ հակառակորդն այդ առիթից օգտվել է»,- ասաց Պողոսյանը` չմանրամասնելով, թե ով է պառակտել ազգը: Իսկ ինչպե՞ս պետք է միավորվենք։
Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում
