ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը պլանավորում է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսիին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Այս մասին հայտնում են ամերիկյան CNN և Associated Press լրատվական գործակալությունները՝ հղում կատարելով տվյալ հարցին ծանոթ աղբյուրներին:
Լրատվականները հայտնում են, որ Թրեյսին, ով տիրապետում է ռուսերեն լեզվին և նախկինում աշխատել է որպես Ռուսաստանի գծով ավագ խորհրդական ԱՄՆ Պետական դեպարտամնետի Եվրոպայի և Ասիայի բյուրոյում, ագրեման ստանալուց հետո կլինի առաջին կինը, ով կնշանակվի Ռուսաստանում դեսպանի պաշտոնում:
Աղբյուրները ամերիկյան լրատվականներին հայտնել են, որ Վաշինգտոնը արդեն Մոսկվային ուղարկել է Թրեյսիի անունը ագրեման ստանալու նպատակով:
Նշենք, որ սա Թրեյսիի առաջին պաշտոնը չէ, որը նա զբաղեցնելու Է Ռուսաստանում: 2014-ից 2017 թվականներին նա զբաղեցրել էր Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ փաստացի Ռուսաստանում դառնալով թիվ 2 դիվանագետը: Ավելի վաղ նա նաև որոշ դիվանագիտական պաշտոններ էր զբաղեցրել Կենտրոնական Ասիայի երկրներում: Հիշեցնենք, որ Թրեյսին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականից:
Հատկանշական է, որ Թրեյսիի Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու մասին ամերիկյան լրատվականների այս հաղորդումները հետևում են այս ամսվա սկզբին ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանի դիվանագիտական առաքելությունը դադարեցնելու մասին տեղեկություններին:
CNN-ի փոխանցմամբ՝ նրա ժամանման և պաշտոնական նշանակման ժամկետները կախված կլինեն այն հանգամանքից, թե արդոք Ռուսաստանը պատրաստ կլինի ընդունել նրան որպես ԱՄՆ-ն ներկայացնող դեսպան այն պարագայում, երբ Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերությունները Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով առավել քան լարված են:
Թրեյսիի դիվանագիտական գործունեությունը Ռուսաստանի կողմից հաստատման դեպքում ծավալվելու է մի այնպիսի բարդ իրավիճակում, երբ իր երկիրը որպես ՆԱՏՕ-ի և Արևմուտքի առաջատար տերություն գլխավորում է հակառուսական պատժամիջոցների սահմանման ու վերահսկման գործընթացը: Նման հանգամանքներում նա հավանաբար շարունակելու է բանակցել Մոսկվայի հետ՝ ԱՄՆ երկու քաղաքացիների՝ բասկետբոլի մարզիկ Բրիթնի Գրիների և իրավապաշտպան Փոլ Ուիլիանին հայրենիք վերադրաձնելու շուրջ:
Լրատվականներին աղբյուրները նշել էին, որ թեև ԱՄՆ քաղաքացիների վերադարձի հարցում նախկին դեսպան Սալիվանի ներգրավածությունը թուլացել էր, այնուամենայինիվ «Վաշինգտոնում նրա բացակայությունը զգացնել է տալու»:
«Նա հիանալի ղեկավար է, հոգ է տանում մարդկանց և ընտանիքների մասին, և քանի որ գործերն ավելի են բարդացել Մոսկվայում, և նրանք շատ մարդկանց էին արտաքսել, և տեղի անձնակազմը ստիպված էր եղել հեռանալ, նա կրկնապատկել էր ջանքերը, որպեսզի առաքելությունը շարունակեր իր գործունեությունը: Նա նաև կենտրոնացել էր ամերիկացիների պահման վրա, և նրանց տուն վերադարձի հարցը նրա հիմնական առաջնահերթությունն էր»,-ասել էր աղբյուրը CNN-ին:
Նշենք, որ Սալիվանը միակ դիվանագետն էր, որ նշանակվել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից և շարունակել էր պաշտոնավարել Ջո Բայդենի վարչակազմի կառավարման ժամանակահատվածում:
