Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ուժեղացնում են ճնշումները Թուրքիայի վրա՝ այն մտավախության ֆոնին, որ Ռուսաստանը կարող է շրջանցել արևմտյան պատժամիջոցները թուրքական բանկային հատվածի միջոցով: Այս մասին հայտնում է ամերիկյան The Financial Times-ը՝ հղում կատարելով անանուն իրազեկ պաշտոնական աղբյուրներին:
Ըստ պարբերականի զրուցակիցների, Վաշինգտոնն իր հայացքն է ուղղել թուրքական այն բանկերի վրա, որոնք աշխատում են ռուսական «Мир» վճարային համակարգի հետ։ Լրատվականը նշում է նաև, որ Բրյուսելն էլ իր հերթին պատրաստվում է պատվիրակություն ուղարկել՝ թուրքական իշխանություններին իր մտահոգությունները ուղղակիորեն հայտնելու համար։
«Մենք շատ պարզ կասենք, որ, օրինակ, երրորդ երկրների ֆինանսական հաստատությունները չպետք է միանան «Мир» վճարային համակարգին, քանի որ դա իր մեջ ներառում է պատժամիջոցներից խուսափելու որոշակի ռիսկեր»,- The Financial Times-ին ասել էր զրուցակիցներից մեկը:
Նշենք, որ ներկա պահին ռուսական «Мир» վճարային համակարգի հետ աշխատում են հինգ թուրքական խոշորագույն բանկեր՝ Vakifbank, Ziraat Bank, İş Bank, DenizBank և Halkbank։ Դեռ օգոստոսի սկզբին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրում «Мир» համակարգի տարածման հարցում «լուրջ տեղաշարժեր» կան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Washington Post-ը՝ վկայակոչելով ուկրաինական հետախուզությանը, օգոստոսին Պուտինի և Էրդողանի բանակցությունների նախօրեին Ռուսաստանի իշխանությունները դիմել էին Թուրքիային՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնության համար, այդ թվում՝ բանկային հատվածի միջոցով։ Անկարան մշտապես հերքել է այն հայտնած կասկածները, որ Թուրքիան կարող է օգնել Ռուսաստանին խուսափել Արևմուտքի կողմից ներդրված սահմանափակումներից:
Այս ամենի ֆոնին՝ որոշ ռուսական կայքեր նախօրեին հայտնել էին, որ թուրքական հյուրանոցներում դադարել են «Мир» քարտերով վճարում կատարելը: Ավելին, հաղորդվում է նաև, որ Vakifbank-ը, որի վճարային տերմինալները գործում են հիմնականում հյուրանոցներում, Թուրքիայի կենտրոնական բանկի ցուցումներով դադարեցրել էր «Мир»-ի գործարկների իրականացումը:
Ռուսական TACC-ի փոխանցմամբ՝ վճարային համակարգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Мир» քարտերը Թուրքիայում աշխատում են սովորական ռեժիմով։ Սակայն այնտեղից նաև հաստատել են, որ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերի քարտերով գործարքներից հրաժարվելու անհատական դեպքեր կան։
