-2.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Սամարղանդում բացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկօրյա գագաթնաժողովը
Այլ Լուրեր

Սամարղանդում բացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկօրյա գագաթնաժողովը

Այսօր Սամարղանդում բացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկօրյա գագաթնաժողովը։ Հանդիպման ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նախատեսում են ընդունել 28 փաստաթուղթ։ Դրանց թվում են ներտարածաշրջանային առևտրի խթանման հայեցակարգերն ու ծրագրերը, արդյունաբերական համագործակցությունը, տրանսպորտային կապը և մի շարք այլ ծրագրեր։

Նշենք, որ այժմ ՇՀԿ-ի լիիրավ անդամ են հանդիսանում Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ Դիտորդ երկրների կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան։ Կազմակերպության գործընկերներն են Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան։

Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Իլհամ Ալիևը որպես գործընկեր երկրի ղեկավար արդեն ժամանել է ՇՀԿ գագաթնաժողովին: Ժամանելուն պես նա անմիջապես այցելել է Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դամբարան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել գագաթնաժողովին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, Չինաստանի ներկայացուցիչները, որը կազմակերպության ղեկավարն է, ափսոսանք են հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ։ Ըստ գործակալության, չինական աղբյուրների փոխանցմամբ՝ գագաթնաժողովում նախատեսվում էր կազմակերպել Ալիև-Փաշինյան հանդիպում։ Պեկինը հետաքրքրություն է հայտնել ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ալիևի և Փաշինյանի միջև երկխոսության նկատմամբ։

Բեռնում.....