Օրերս հայտնի դարձավ, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների միջազգային աշխատանքային խումբը առաջարկություններ է ներկայացրել, որոնք պետք է հիմք հանդիսանան ապագայում ստորագրվելիք «Անվտանգության մասին Կիևի պայմանագրի» համար։ Խումբը գլխավորում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Հեղինակների կարծիքով՝ ապագա պայմանագիրը պետք է ապահովի Ուկրաինայի անվտանգությունը ընթացիկ պատերազմի ավարտից հետո, ինչպես նաև «դառնա 21-րդ դարի առաջին նման երաշխիքները պարունակող փաստաթուղթ», որոնք «կարող են դնել Եվրոպայի անվտանգ կառուցակարգի հիմնաքարը»:
Ըստ փաստաթղթի երաշխավոր երկրները՝ հիմնականում ՆԱՏՕ-ի անդամները պետք է կամավոր օգնություն ցուցաբերեն Ուկրաինային միանգամից մի քանի ոլորտներում:
Ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո առաջին շաբաթներին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին շատ է խոսվել։ Ուկրաինական կողմն առաջարկել է նման համաձայնագիր ստորագրել մարտի վերջին և ապրիլի սկզբին Ռուսաստանի Դաշնության հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։
Դատելով ներկայիս նախագծի տեքստից` Ուկրաինան այժմ ակնկալում է, որ «Անվտանգության մասին Կիևի պայմանագիրը» կստորագրեն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Լեհաստանը, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Հյուսիսային Եվրոպայի երկրները, Բալթյան երկրները, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ավստրալիան:
Անվտանգության երաշխիքները ելնելով փաստաթղթից կարելի է սահմանել, որպես Ուկրաինային օգնելու համար երկրների կողմից կամավոր կերպով ստանձնած և իրավականորեն ձևակերպված պարտավորություններ: Այդ աջակցությունը պետք է ներառի ֆինանսական (մասամբ անհատույց) աջակցություն՝ նպատակուղղված պաշտպանական բյուջեի վերականգմանը, քանդված ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաև նոր ռազմաարդյունաբերական համալիրի վերակառուցմանը: Բացի այդ, պայմանագիրը ստորագրած երկրները
- Ուկրաինային պետք է տրամադրեն տեխնոլոգիաներ, ռազմական տեխնիկա և սպառազինություն
- պետք է մշտապես վարժանքներ անցկացնեն նպատակուղղված ուկրաինական բանակի վերապատրաստմանը
- աջակցեն կիբերանվտանգության կազմակերպմանը
- Ուկրաինայի հետ կատարեն հետախուզական տվյալների փոխանակում
Երաշխավոր պետությունների հետ երկկողմ պայմանագրերում կնշվեն երկրների համար սահմանված կոնկրետ պարտավորությունները, իսկ «Անվտանգության մասին Կիևի պայմանագիրը» կսահմանի Ուկրաինայի անվտանգության ապահովման ընդհանուր շրջանակն ու մեխանիզմները։
Պայմանագիրը մշակող միջազգային աշխատանքային խումբը հավանական երաշխավոր երկրների կողմից նման փաստաթղթի ստորագրման շահագրգռվածությունը բացատրում են «Ուկրաինայի յուրահատուկ աշխարհաքաղաքական դիրքով», և այն բանով, որ երաշխիքները «թույլ կտան հզոր ուղերձ հղել ագրեսորի դեմ պայքարում աշխարհի վճռականության և միասնության մասին»։
Նրանք նաև նշում են, որ ապագա «Անվտանգության մասին Կիևի պայմանագիրը» միայն ժամանակավոր միջոց է լինելու։ Ուկրաինան ձգտում է դառնալ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ: Այս կազմակերպություններից յուրաքանչյուրին անդամակցությունը երաշխավորում է պաշտպանություն, այսպես կոչված, կոլեկտիվ ինքնապաշտպանության շրջանակներում։ Մինչ այդ կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին դրույթը կհստակեցվի ինչպես ընդհանուր համաձայնագրում, այնպես էլ Ուկրաինայի և նրա դաշնակիցների միջև երկկողմ պայմանագրերում։
Պայմանագիրը մշակող միջազգային խումբը նշում է, որ ապագա պայմանագիրը չպետք է սահմանափակի Ուկրաինայի զինված ուժերի սարքավորումների չափն ու մակարդակը։
Անվտանգության ապագա պայմանագիրը, գրում են փորձագետները, պետք է ներառի նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքներ Ուկրաինայի դեմ «զինված հարձակման կամ ագրեսիայի» դեպքում։ Համապատասխան բողոքը ստանալուց հետո երաշխավոր պետությունները 72 ժամվա ընթացքում պետք է որոշեն՝ արդյոք հաստատում են ագրեսիայի փաստը և կիրառում են լրացուցիչ միջոցներ։ Վերջինս կարող է ներառել «դիվանագիտական, տնտեսական և ռազմական միջոցներ»՝ օգտագործելով «ազգային և հավաքական ուժի բոլոր տարրերը»։
Որպես այդպիսի միջոց առաջարկվում է ներդնել միջազգային պատժամիջոցներ: Եթե նախկին ագրեսոր երկիրը՝ տվյալ դեպքում Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կրկին դիմում է ռազամական գործողությունների, և այդ ժամանակ տվյալ պետության վրա նախկինում ագրեսիայի պատճառով դրված պատժամիջոցները հանվել էին, կամ դրանք չեղարկվել են մասնակի ձևով, ապա նոր ագրեսիայի դեպքում դրանք պետք է անհապաղ վերադարձվեն: Միաժամանակ, երաշխավոր երկրները ըստ պայմանագրի դրույթների չպետք է չեղարկեն Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները, քանի դեռ չի դադարեցվել Ուկրաինայի դեմ ագրեսիան, ագրեսիայի հետևանքով կրած կորուստների փոխահատուցում չի տրամադրվել և ապագայում չհարձակվելու երաշխիքների չեն տրամադրվել։ Դաշնակիցների կողմից պատժամիջոցների ցանկացած վերացում կամ կասեցում պետք է քննարկվի Ուկրաինայի հետ։
Թեև անվտանգության երաշխիքները պետք է իրավականորեն պարտադիր լինեն պայմանագիրը ստորագրած երկրների համար, սակայն առաջարկվող փաթեթից պարզ չէ, թե ինչպիսի պատասխանատվություն կարող է կիրառվել այն չկատարելու դեպքում:
Նշենք, որ սա անվտանգության երաշխիքների վերաբերյալ հանրությանը հասանելի առաջին փաստաթուղթն է: Թեև դրանք քննարկվել էին նաև մարտ-ապրիլին, այնուամենայնիվ դրանք անվանել հասանելի փաստաթղթեր չի կարելի, քանի որ այն ժամանակ Ուկրաինայի առաջարկների բովանդակությունը հստակ հայտնի չէի եղել։
- Դատելով ուկրաինացի քաղաքական գործիչների այն ժամանակվա հայտարարություններից կարելի է ասել, որ Ուկրաինան պատրաստակամ էր Ռուսաստանին ներառել իր անվտանգությունը երաշխավորող երկրների շարքում, սակայն ներկա փաստաթղթում հավանական երաշխավոր երկրների ցանկի մեջ չի նշվում Ռուսաստանի Դաշնության մասին:
- Բացի այդ, այդ պահին ուկրաինական իշխանությունները պատրաստ էին քննարկել անվտանգության երաշխիքները՝ իրենց չեզոք և ոչ բլոկային կարգավիճակի դիմաց։ Սակայն ներկա փաստաթղթում Կիևը հստակ նշում է ապագայում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ձգտման մասին:
Նշենք նաև, որ Մոսկվայում «Անվտանգության մասին Կիևի պայմանագրի» շուրջ հնչած արձագանքները եղել են բավականին բացասական: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, «[Ուկրաինայի] ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղվածությունը շարունակում է պահպանվել», որը նա անվանել է «հիմնական սպառնալիք» Ռուսաստանի համար։ «Պատճառներից մեկը, որն անհրաժեշտություն է դարձրել հատուկ ռազմական գործողության անցկացումը, մնում է և նույնիսկ ավելի արդիական է դառնում»,-ավելացրել է Պեսկովը։
Իսկ ահա Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան պայմանագիրը անվանել է «սարսափելի պարտավորվածություն» այն ստորագրող երկրների համար:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով էլ Ուկրաինային նման երաշխիքներ ոչ ոք չի տա, քանի որ սա Հյուսիսատլանտյան դաշինքի նույն 5-րդ կետն է, որին այնքան ձգտում է Կիևը: Մեդվեդևի խոսքով սա «երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանքն է»:
