ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել ոչ ամերիկյան ֆինանսական հաստատությունների դեմ, որոնք պայմանագրեր են կնքում ռուսական «Ազգային վճարային քարտերի համակարգի» (ԱՎՔՀ, ռուս. НСПК) հետ, որը ռուսական «Мир» վճարային համակարգի օպերատորն է:
Նախարարության կայքում տեղադրված պարզաբանման մեջ ասվում է, որ այն ընկերությունները, որոնք համաձայնագրեր են կնքել ԱՎՔՀ-ի հետ, «նրանք ռիսկի են դիմում աջակցել պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի ջանքերին»: ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր օգնում են Ռուսաստանին այդ հարցում, այդ թվում՝ «ընդլայնելով «Мир» ազգային վճարային համակարգի օգտագործումը Ռուսաստանի Դաշնությունից դուրս»:
Մենք արդեն գրել էինք, որ Financial Times թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ը և Եվրամիությունը մեծացրել են ճնշումը Թուրքիայի վրա և պահանջել են անջատել թուրքական բանկերը ռուսական «Мир» վճարային համակարգից։
Սեպտեմբերի 14-ին ռուսական տուրիստական ոլորտային TourDom.ru կայքը հայտնել է, որ Թուրքիայի որոշ հյուրանոցներ դադարեցրել են ռուսական բանկերի կողմից թողարկված «Мир» քարտերի ընդունումը։ Սակայն, ռուսակակն վճարային համակարգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Мир» քարտերը Թուրքիայում աշխատում են սովորական ռեժիմով։
Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ «Мир» քարտային վճարային համակարգն ընդգրկվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, միաժամանակ «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրելով «Мир» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: Միջհամակարգային համագործակցության նախագիծը ենթադրում է ազգային վճարային քարտերի փոխադարձ ընդունում երկու երկրների ենթակառուցվածքներում`«ԱրՔա» քարտերը Ռուսաստանում, իսկ «Мир» քարտերը – Հայաստանում:
ՀՀ-ում թողարկվել և սպասարկվում է հայաստանյան «ԱրՔա» և ռուսաստանյան «Мир» վճարային համակարգերի մեկ համատեղ քարտ, որոնք սպասարկվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում որպես «Мир» քարտ, իսկ Հայաստանում որպես ԱրՔա քարտ: Նման քարտերի թողարկման տեխնիկական հնարավորությունն ունեն ԱրՔա ենթակառուցվածքում գործող 16 բանկեր, բացառությամբ Մելլաթ Բանկի:
Հիշեցնենք, որ «Мир» քարտերի ստեղծման անհրաժեշտությունն առաջացավ 2014 թվականի ամռանը, երբ Visa և MasterCard համակարգերը ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով դադարեցրին սպասարկել ռուսական մի շարք բանկերի քարտերը:
