Լուգանսկի կենտրոնում գտնվող ինքնահռչակ ԼԺՀ գլխավոր դատախազության շենքում պայթյուն է որոտացել։
ՏԱՍՍ-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել գլխավոր դատախազ Սերգեյ Գորենկոյի աշխատասենյակում։ Այս մասին, ըստ Կրեմլին մոտ կանգնած Readovka տելեգրամյան ալիքի, հայտարարել է նաև ԼԺՀ, այսպես կոչված, ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն։
Պայթյունի հետևանքով մահացել են ինքնահռչակ ԼԺՀ գլխավոր դատախազ Սերգեյ Գորենկոն և նրա տեղակալ Եկատերինա Ստեգլենկոն, իր տելեգրամյան ալիքում հայտնել է ինքնահռչակ ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Պայթյունը տեղի է ունեցել մոտ 11:30-ին, ասել է Անդրեյ Մարոչկոն։ Ըստ Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալների՝ գլխավոր դատախազի աշխատասենյակում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել։
Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող Բերդյանսկում սպանվել են քաղաքի օկուպացիոն վարչակազմի ղեկավարի տեղակալ Օլեգ Բոյկոն և նրա կինը՝ Լյուդմիլան, ով ղեկավարում էր հանրաքվե անցկացնելու տեղական տարածքային ընտրական հանձնաժողովը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղական իշխանությունների հայտարարությանը։
Նշենք, որ պատերազմի հենց սկզբից տարատեսակ տեղեկություններ են հայտնվում սպանության փորձերի կամ սպանությունների մասին այն պաշտոնյաների, որոնք աջակցում էին Ուկրաինա ռուսական ներխուժմանը և նշանակվում էին օկուպացված տարածքների վարչակազմերում։ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ֆոնին, որը սկսվել է օգոստոսի վերջին սեպտեմբերի սկզբին մի քանի ուղղություններով, նման դեպքերի մասին ավելի ու ավելի հաճախ է հաղորդվում։
