ՄԱԿ-ի Անվանգության Խորհրդում Երևանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչութամբ դիմումի քննարկման ժամանակ իրավիճակի իրական գնահատման հայտարարություններ են հնչել։ NewArmenia-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա դիտակմամբ՝ ի համեմատություն Արցախյան 44-օրյա պատերազմի` այս անգամ հավասարություն չի դրվել կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հովհաննիսյանի գնահատմամբ՝ հստակ արձանագրվել է, որ ագրեսոր կողմն Ադրբեջանն է և ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։
«Տարբեր երրկրների ողմից կոչեր են հնչել, որ ադրբեջանական կողմը պետք է վերադառնա ելման դիրքեր, ինչպես նաև՝ բանակցությունների սեղան։ Կոչեր են հնչեցվել, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես բանակցությունների միջոցով՝ խաղաղ ճանապարհով»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։
Պատգամավորն արձանագրեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դիմումի քննությունը նախադեպային է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հարցերը երբևէ չեն եղել այս կառույցի խորհրդում։
Նա շեշտեց, որ սա պետք է օգտագործվի որպես հիմք՝ միջազգային ճնշումը մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ։
Անդրադառնալով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչի կողմից օգտագործված «Сюникская область» ձևակերպմանը` Արթուր Հովհանիսյանը նկատեց, որ այս հարցում ՌԴ գործընկերների հետ որոշակի պարզաբանման անհրաժեշտություն կա։
«Այս հարցը երկու երկրների արտաքին գործերի նախարարության մակարդակով պետք է քննարկվի։ Սա արդեն արտաքին դիվանագիտական կորպուսի աշխատանքի հարցն է, այդքան էլ միանշանակ չէ հայտարարությունը։ Միգուցե, ՌԴ ներկայացուցիչն է սխալ ընկալվել կամ արտահայտվել, ուստի, պարզաբանման կարիք կա»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվել է Երևանի դիմումը Հայաստանիի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչութամբ, բայց դեռ հայտարարության տեքստով հանդես չեն եկել։
Սեպտեմբերի 13-ի ժամը 00։ 05-ին Ադրբեջանը չորս ուղղություններով հարձակվել է Հայաստանի վրա։ Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։ Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ։
