Հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար»-ի 225-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 28-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված են «Ազդարար»-ին նվիրված նյութեր, մամուլի հրապարակումներ:
«Արմենպրես»—ի թղթակցի հետ զրույցում գրադարանի Մատենագիտության և գրականագիտության բաժնի աշխատակից Մհեր Ղազինյանը պատմեց, որ «Ազդարար»-ը հրատարակվել է 1794-1796 թվականներին Հնդկաստանի Մադրաս քաղաքում, խմբագիրն է եղել մշակութային, հասարակական գործիչ Հարություն քահանա Շմավոնյանը:
«Ազդարար»-ի հրատարակումը պատահականություն չէր, քանի որ Հնդկաստանի հայության շրջանում արդեն իսկ ձևավորվել էր համապատասխան գաղափարական, քաղաքական հենք, հրատարակվել էին ազգային ինքնագիտակցության, ազգային ինքնության ու արժեհամակարգի վերարժևորմանը միտված կարևոր աշխատություններ: Դրանք վերջնական հանգրվան էին համարում հայոց պետականության վերընձյուղումը մայր հայրենիքում և գտնում էին, որ աշխարհասփյուռ հայությունը վաղ թե ուշ պետք է տեղափոխվի Հայաստան ու շենացնի այն, ստեղծի իր պետականությունը, որն ընդհատվել էր դարերի ընթացքում»,-ընդգծեց Ղազինյանը:
Անդրադառնալով ցուցահանդեսին` նա տեղեկացրեց, որ ներկայացված է «Ազդարար»-ը ըստ տպագիր նյութի բովանդակային որոշակի դասակարգման: «Օրինակ` «Ազդարար»-ը պարբերականներում, լրագրերում, ամսագրերում, մատենագիտություններում, հանրագիտարաններում և «Ազդարար»-ը ուսումնասիրություններում»,-ասաց Մհեր Ղազինյանը:
Նա շեշտեց, որ ցուցադրել են նաև «Ազդարար»-ին վերաբերող ռուսերեն և անգլերեն նյութեր: «Այս ցուցահանդեսը խոսում է «Ազդարար»-ի հանդեպ հայ բանասիրության, պատմագիտության, մշակութաբանության ու մատենագիտության մեջ ունեցած մեծ հետաքրքրության մասին»,-եզրափակեց Ղազինյանը:
