-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Ուկրաինայում ռուսական բանակից ազատագրված տարածքներում հայտնաբերվել են հերթական զանգվածային գերեզմանները, այս անգամ Խարկովի մարզում
Այլ Լուրեր

Ուկրաինայում ռուսական բանակից ազատագրված տարածքներում հայտնաբերվել են հերթական զանգվածային գերեզմանները, այս անգամ Խարկովի մարզում

Վերջին օրերին ռուսական օկուպացիայից Ուկրաինայի արևելքում գտնվող Իզյում քաղաքի և հարակից շրջանները ուկրաինական բանակի կողմից ազատագրելուց հետո  մերձակա անտառներում հայտնաբերվել են հերթական զանգվածային գերեզմանները:  Այս մասին հայտնում են ուկրաինական իշխանությունները: 

Հարձակման ընթացքում ուկրաինական զորքերը հարյուրավոր փայտե խաչեր են գտել քաղաքի հարակից անտառում, որոնց մեծ մասը անանուն է՝ պարզապես համարակալված: 

Իշխանությունները հայտնել են, որ այսօր՝ սեպտեմբերի 16-ից կսկսեն գերեզմանների արտաշիրմումը: 

Դեռևս պարզ չէ, թե ինչ է պատահել մահացածների հետ, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, թաղվածներից ոմանք հավանաբար զոհվել են հրետակոծությունից և բժշկական օգնության բացակայությունից։ 

Հավանական է նաև, որ թաղվածներից որոշներն էլ ուկրաինացի զինվորակններ են, քանի որ տեղադրված փայտե խաչերից որոշների վրա առկա են նման նշումներ, ինչպես օրինակ «ՈւԶՈւ (Ուկրաինայի զինված ուժեր), 17 մարդ, Իզյումից, դիահերձարանից»: 

Խարկովի մարզի Ազգային ոստիկանության գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Տիմոշկոն բրիտանական BBC-ին հայտնել է, որ այդ վայրում ավելի քան 400 դի է թաղված:

Նախորդ գիշեր Ուկրաինայի ժողովրդին ուղղված իր ուղղերձում նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ տեղում աշխատանքներ են սկսել իրականացնել նաև քննիչները: «Խարկովի մարզի Իզյումում մարդկանց զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել։ Այնտեղ արդեն սկսվել են անհրաժեշտ ​​գործընթացները։ Լրացուցիչ տեղեկություններ, առավել հստակեցված և ստուգված հասանելի կլինեն վաղը»,-ասել էր Զելենսկին: 

Նրա խոսքերով` վաղը Իզյում կժամանեն նաև ուկրաինացի և միջազգային լրագրողները։

«Մենք ցանկանում ենք, որ աշխարհն իմանա, թե իրականում ինչ է կատարվում, և ինչի է հանգեցրել ռուսական օկուպացիան։ Բուչա, Մարիուպոլ, հիմա, ցավոք, Իզյում… Ռուսաստանն ամենուր մահ է թողնում և դրա համար պետք է պատասխան տա: Աշխարհը պետք է Ռուսաստանին իրական պատասխանատվության ենթարկի այս պատերազմի համար: Անում ենք ամեն բան դրա համար»,-ասել էր Զելենսկին: 

Իզյումում զանգվածային գերեզմանների հայտնաբերմանը իր Twitter-յան էջում արձագանքել էր նաև Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։ 

«450 գերեզման: Սա մասսայական գերաեզմանների միայն մի մասն է, որոնք հայտնաբերվել են Իզյումի կողքին: Որոշները դեռ ցանկանո՞ւմ են կանգնեցնել պատերազմը տանկեր ուղարկելու փոխարեն: Մենք իրավունք չունենք մարդկանց մեն-մենակ թողնել չարքի հետ»,- գրել էր Պոդոլյակը: 

Ռուսաստանում օտարերկրյա գործակալություն հայտարարված «Настоящее время»  հեռուստաալիքը նույնպես Իզյումի մոտ հայտնաբերված գերեզմաններից նկարներ էր հրապարակել՝ նշելով, որ դրանք ստացել էր ուկրաինացի լրագրողներից: Դրանց իսկությունը լրատվականին հաստատել էր Հատուկ հանգամանքներում անհայտ կորածների հարցերով ուկրաինացի հանձնակատար Օլեգ Կոտենկոն: 

«Խոսքը հարյուրավոր գերեզմանների մասին է։ Բայց պետք է հասկանալ, թե ինչպես են մարդիկ մահացել։ Կարծում եմ, որ դա հենց բռնությամբ վրա հասած մահ է, և կարծում եմ, որ դա հրետակոծության հետևանք է: Չեմ ցանկանա սա Բուչա անվանել: Այստեղ մարդիկ, այսպես ասած առավել քաղաքակիրթ ձևով են թաղված: Տեսել եմ գերեզմանները, որոնք այնքան էլ փոքր չէին: Չէի ցանկանա այդ մասին մտածել, բայց կարծում եմ` այնտեղ կան նաև մահացած երեխաներ»,-ասել էր Կոտենկոն «Настоящее время» -ին: 

Ռուսաստանը, ինչպես գարնանը Բուչայի դեպքերի ժամանակ, այնպես էլ այս անգամ հերքում էր Իզյումի հարակից շրջաններում հայտնաբերված զանգվածային գերեզմանների հետ ունեցած առնչությունների մասին տեղեկությունները և Ուկրաինային մեղադրում սադրանքներ հրահրելու մեջ։

Խարկովի մարզի օկուպացիոն վարչության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն ТАСС գործակալությանը ասել էր. «Վստահաբար կարող եմ ասել, որ եթե մարդիկ ինչ-որ բանից վախենում էին, ապա դա միայն ուկրաինացի պատժիչ ուժերի գնդակոծություններն էին։ Ինչպես և Բուչայում, սա կարող է սադրանք լինել: Ակնհայտ արյունալի սադրանք: Եթե, ինչ-որ դիակներ են հայտնաբերվել, ապա դա կարող է միայն լինել այդտեղ եկած ուկրաինացի պատժիչ ուժերի ձեռքի գործը»:

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին էլ Զելենսկու հայտարարությունը անվանել է «հերթական ստոր սադրանք և սուտ»։ 

Սլուցկու խոսքերով` «հետագա սցենարը արդեն պարզ է. տեղում կհայտնվեն «ճիշտ» լչատվալններն ու լուսանկարիչները, որոնք լուսանկարներ կանեն նույն «ճիշտ» ԶԼՄ-ների համար: Որևէ ապացույց, որևէ մեկը չի տեսնի: Եվ հետո, ըստ հստակ ձևավորված սխեմայի, Ռուսաստանի դեմ մեղադրանքները կսկսվեն նոր պատժամիջոցների ու զենքի խնդրանքով»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրոսելը արդեն հայտնել է, որ կառույցը մտադիր է մոնիտորինգային այց կազմակերպել Իզյում՝ պարզելու այդ անձանց մահվան հանգամանքները: 

Բեռնում.....