8.1 C
Yerevan
7 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » «Հանցագործն, իրոք, անուն ունի, և դա Ադրբեջանն է». ՄԱԿ ԱԽ-ում ագրեսոր կողմին կոչ է արվել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել
Այլ Լուրեր

«Հանցագործն, իրոք, անուն ունի, և դա Ադրբեջանն է». ՄԱԿ ԱԽ-ում ագրեսոր կողմին կոչ է արվել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել

Երեկ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ էր հրավիրել Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականութայն դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի կապակվությամբ։ Newarmenia.am-ը առանձնացրել է ՄԱԿ-ի ԱԽ նիստում հնչած որոշ ելույթների առանցքային հատվածները։

Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչայի ելույթը նշել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը թիրախավորում է հայկական ռազմական դիրքերը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով 105 հայ զինծառայող է զոհվել, իսկ 6 խաղաղ բնակիչ վիրավորվել է կանխամտածված հարձակման հետևանքով։

Նա նաև նշել է, որ երկու երկրներն էլ նամակով դիմել են Գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին՝ 2020 թվականին ՌԴ միջնորդությամբ հաստատված հրադադարի և իրենց տարածքային ամբողջականության խախտումների վերաբերյալ: Ըստ զեկուցողի, ՄԱԿ-ը ի վիճակի չէ ստուգելու զեկույցների առանձնահատկությունները, սակայն նա մտահոգություն է հայտնել այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ՝ դեէսկալացիայի կոչ անելով…

Միրոսլավ Յենչան միջազգային հանրությանը կոչ է արել հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը և կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։

ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ Գաբոնի ներկայացուցիչ: Ընդգծելով, որ ոչ մի ռազմական լուծում կենսունակ չէ, և որ բռնության ցանկացած սրացում միայն զայրույթ և լարվածություն կստեղծի, նա ասել է, որ այս բարդ իրավիճակը տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր գործընկերներին կոչ է անում մոբիլիզացվել լարվածությունը նվազեցնելու համար: Գաբոնի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ կողմերին բանակցային սեղան վերադարձնելու բոլոր նախաձեռնությունները պետք է աջակցվեն, հրադադարը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով պետք է պահպանվի։

Հնդկաստանի ներկայացուցչի ելույթը։ ՄԱԿ-ում հնդկաստանի մշտական ներկայացուցիչը  նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման մասին վերջին հաղորդագրությունները խորը մտահոգություն են առաջացնում։

«Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել: Այս գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարզապես չի կարող լուռ կանգնել և թույլ տալ, որ իրավիճակն էլ ավելի վատթարանա: Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵՄ-ի միջնորդությամբ իրականացվող գործընթացները օգտակար մեխանիզմ են ապահովում բոլոր չլուծված խնդիրները հանգուցալուծելու համար։ Մեր հետևողական պնդումն է, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիության ​​և երկխոսության միջոցով, և որ որևէ հակամարտություն չի կարող ունենալ  ռազմական կամ բռնի լուծում: Մենք խրախուսում ենք երկու կողմերին գնալ դիվանագիտական ​​ուղով՝ հասնելու խնդրի  տևական և խաղաղ լուծմանը»։

Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնա Ջուուլը խորը մտահոգություն է հայտնել երկրների միջև սահմանի երկայնքով լարվածության վերջին աճի առնչությամբ, ներառյալ Հայաստանի ներսում խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հրետանային հարվածների մասին հաղորդումները: …Վերահաստատելով իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի իրականացման համար, նա նաև ողջունել է Եվրամիության և Միացյալ Նահանգների ջանքերը՝ օգնելու բանակցությունների առաջխաղացմանը: Ընդգծելով, որ «ցանկացած չլուծված խնդիր պետք է լուծվի խաղաղ ճանապարհով երկխոսության միջոցով և առկա ձևաչափերի շրջանակներում», նա հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին ամբողջությամբ կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և բարեխղճորեն և առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղան։

Իռլանդիայի ներկայաացուցիչ Կաիտ Մորան, իր հերթին, կոչ է արել, որ բոլոր ուժերը շտապ վերադառնան իրենց դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչև ռազմական գործողությունների վերջին սրումը։ Նա նաև աջակցություն է հայտնել Հարավային Կովկասի ընդհանուր նպատակին, այն է՝ խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում: «Դրան են արժանի այդտեղ ապրող մարդիկ», — ասաց նա՝ հավելելով, որ Իռլանդիան Եվրամիության իր գործընկերների հետ միասին շարունակում է աջակցել նոր ջանքերին՝ ուղղված ավելի լայն հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակի հարցով։

Չինաստանի ներկայացուցչի ելույթը: Չինաստանի մշտական ներկայացուցիչ Գենգ Շուանգը իր ելույթում մտահոգություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջանում վերջին զինված հակամարտությունների և զոհերի կապակցությամբ, քանի որ տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանումը բխում է երկու երկրների շահերից։ Դիվանագետը կողմերին հորդորեց զսպվածություն ցուցաբերել և քաղաքական երկխոսության միջոցով լուծել խնդիրները և տարաձայնությունները։

Չինացի դիվանագետը հույս իր ելոյւթում հույս էր հայտնել, որ կողմերը կշարունակեն պահպանել ձեռք բերված հրադադարը: Շուանգը հիշատակելով, որ նախորդ մայիսին Հայաստանն ու Ադրբեջանը ստեղծել են սահմանազատման կոմիտե, ընդգծել էր, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն անբաժանելի է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից։

Այս համատեքստում դիվանագետը ողջունելով 2020 թվականին 44 օրյա պատերազմը դադարեցնող Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հայտարարել է, որ իր պատվիրակությունը շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և Ռուսաստանի բարի ծառայություններին:

Մեքսիկայի ներկայացուցչի ելույթը: ՄԱԿ-ում Մեքսիկայի մշտական ներկայացուցիչԽուան Ռամոն դե լա Ֆունետե Ռամիրեզը մտահգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանյին շրջաններում տեղի ունեցած բախումների, դրա հետևանքով երկու կողմից առկա զոհերի և խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկությունների շուրջ,  կողմերին կոչ է արել հարգել հրադադարը՝ հիշեցնելով, որ երկու երկրների միջև 2020 թվականի հակամարտությունը «բարձր գին է ունեցել» քաղաքացիական բնակչության և հիմնական ենթակառուցվածքների համար: 

Մեքսիկացի դիվանագետը իր ելույթում նշել էր, որ միջազգային հանրությունը պետք է փորձի խուսափել նմանատիպ դրվագից, իսկ կողմերը պետք է հարգեն և ամբողջությամբ կատարեն նախկինում ստորագրված համաձայնագրերը և լուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով։

Գանայի ներկայացուցիչ Հարոլդ Ադլայ Աղյեմանն ընդգծելով, որ բռնությունը չի կարող լինել այս վեճի կարգավորման «վերջնական դատավորը», ողջունեց սեպտեմբերի 14-ին կողմերի ձեռք բերված համաձայնությունը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: …Նաև ընդգծելով, որ միջազգային միջնորդական ջանքերը կարևոր են կողմերի միջև փոխադարձ անվստահությունն ու դժգոհությունը վերացնելու համար, նա խրախուսեց Գլխավոր քարտուղարի մատուցվող ծառայությունները, ինչպես նաև հորդորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: Բացի այդ, նա խրախուսել է Եվրամիության խորհրդի հովանու ներքո կողմերի միջեւ բանակցությունների վերսկսումը։ «Վեճի լուծում գտնելու հիմքում պետք է լինի երկու կողմերի պատրաստակամությունը՝ կատարել ծանր զոհողություններ, որոնք անհրաժեշտ են խաղաղության գործին», — ընդգծել է նա։

Բրազիլիայի ներկայացուցիչ Ժոաո Ժենեսիո դե Ալմեյդա Ֆիլյոն իր ելույթում ասել է, որ սահմանային բախումները հայկական և ադրբեջանական ուժերի միջև հակասում են 2020 և 2021 թվականներին ձեռք բերված երեք եռակողմ հռչակագրերի ոգուն և տառին և վտանգում են խաթարել երկու պետությունների միջև անհրաժեշտ վստահությունը և վտանգել անցյալ երկու տարվա ընթացքում ձեռք բերված առաջընթացը: Նա աջակցություն է հայտնել երկու երկրների միջև տարածքային հարցերի կայուն դիվանագիտական լուծմանը՝ երկկողմ սահմանների սահմանազատման նպատակով ստեղծված հանձնաժողովի շրջանակներում։

Արաբական Միացիալ Էմիրությունների ներկայացուցչի ելույթը: ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ  Ամերիա Օբաիդ Մոհամմեդ Օբաիդ Ալ-Հեֆեիտին ողջունելով սեպտեմբերի 14-ին ձեռք բերված հրադադարը և դրան հանգեցրած բանակցությունները, հույս հայտնեց, որ դրական զարգացումները կշարունակվեն, որպեսզի երկու կողմերը համաձայնության գան կայուն խաղաղության համար, որը կկանխի խաղաղ բնակչությանը վնասելը:

«Այսօրվա կրկնվող ճգնաժամերի և մարդասիրական տառապանքների աշխարհում ցանկացած սրացում կթուլացնի ներկայիս կարգը», — շեշտել էր արաբ դիվանագետը իր ելույթում՝ կոչ անելով երկու կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորել իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։

Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Ֆերգյուս Ջոն Էքերսլին, ողջունելով սեպտեմբերի 14-ին ձեռք բերված հրադադարը, խորը մտահոգություն հայտնեց շաբաթվա սկզբին սկսված ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունների առնչությամբ: Միայն դիվանագիտության և երկխոսության միջոցով է հնարավոր հասնել կայուն խաղաղության՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան:

ԱՄՆ մշտական ներկայացուցչի ելույքը։ ՄԱԿ-ումԱՄՆ մշտական ներկայացուցիչ  Ռիչարդ Միլսը խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձություններից հետո տիրող իրավիճակով: Միացյալ Նահանգների ներկայացուցիչն իր խոսքում հստակ արձանագրեց, որ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով տուժել են Հայաստանի Հանրապետության խաղաղ քաղաքացիներ:

 «Հարկավոր է անհապաղ վերադառնալ բանակցություններին՝ տևական խաղաղ լուծման հասնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով: Ուզում եմ շատ հստակ լինել այսօր: Միացյալ Նահանգները վճռականորեն պնդում է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Միջազգային հանրությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի օգնի հասնել դիվանագիտական ճանապարհով երկարատև խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ-ի և գործընկերների համակարգման միջոցով, որպեսզի դիվանագիտական ճանապարհով ավարտվի հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան ակտը»:

Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի ելույթը։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչային ներկայացված զեկույցի և հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական դերը գնահատելու համար:

«Ռուսաստանի Դաշնությունը ծայրաստիճան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանցին հատվածներում իրավիճակի կտրուկ սրմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը և դրանից հետո: Դրա հետևանքով մեծ թվով զինծառայողներ են զոհվել, կան տուժածներ նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Խորին ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին: Ուժի կիրառումը անընդունելի ենք համարում և ակնկալում ենք, որ կկատարվեն Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին: Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բարձրացնել լարվածության աստիճանը, ինչպես նաև՝ անշեղորեն պահպանել Ռուսաստանի, Հայաստանի և Հայաստանի առաջնորդների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի ելույթը։  ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ և ներկա պահին Անվտանգության խորհդրի քարտուղար Նիկոլա դե Ռիվիերը իր ելույթում նշել է, որ «Ֆրանսիան մտահոգված է գործողություններով, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին: ՀՀ տարածքում մի քանի վայրեր կրակի են մատնվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել: Սրանք ամենաուժեղ մարտերն են 2020 թվականից ի վեր: Ֆրանսիան իր գործընկերների հետ փորձում է խրախուսել հարգել հրադադարը: Մակրոնը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ: 2020 -ի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները պետք է պահպանվեն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Կողմերը պետք է քննարկեն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը, ինչպես նաև որոշ ուժերի կողմից բռնության դեպքերի կանխումը: Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելուն»։

ՀՀ ներկայացուցիչն, իր հերթին, նշեց, որ այսօրվա հանդիպումը «կայանում է իմ երկրի համար ծանր պահին», քանի որ նրա դեմ հանցավոր ագրեսիայի գործողություններ են իրականացվել։ «Հանցագործն, իրոք, անուն ունի», — ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը խոշոր ռազմական հարձակում է ձեռնարկել՝ ուղղված Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների վրա սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան։ Այս հարձակումը խլեց 105 մարդու կյանք, տասնյակ վիրավորներ, տասնյակ անհայտ կորածներ և վնաս հասցրեց քաղաքացիական բնակավայրերին և ենթակառուցվածքներին: … Հիշեցնելով, որ հայկական պատվիրակությունը բազմիցս ասել է ՄԱԿ ԱԽ-ին, որ Ադրբեջանը ապօրինի կերպով տարածքներ է ձեռք բերում ուժով, նա ընդգծել է, որ վերջին հարձակումները ցույց են տալիս, որ ագրեսիայի քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի, և նույնիսկ կմեծանա իր ծավալների և մասշտաբների առումով՝ պատասխանատվության կանչելու պատշաճ միջոցների բացակայության դեպքում: Ադրբեջանը, ոգևորված անցյալում ուժի կիրառման արդյունքներով, այժմ ձգտում է նորմալացնել բռնությունն ու ագրեսիան՝ ուժով տարածք գրավելու համար:

Նշելով, որ այս ագրեսիան տեղի է ունեցել խաղաղ բանակցությունների համատեքստում, որոնցում Հայաստանը բարեխղճորեն է ներգրավվել, ՀՀ ներկայացուցիչն ասել է, որ սա Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին։ … Նշելով, որ երկար տարիներ «իրար մեղադրելու խաղերն ու շահարկումները եղել են Ադրբեջանի լավագույն ընկերները», և որ, այդ իսկ պատճառով, Բաքուն դեմ է հրադադարի խախտումները բացահայտելու համար միջազգայնորեն վերահսկվող ստուգման մեխանիզմների ստեղծմանը, ՀՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ նման միջոցները կօգնեն պահպանել հրադադարը «որպեսզի խաղաղությունն ու դիվանագիտությունը հնարավորություն ստանան»։ Ներկայիս ագրեսիան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններից հրաժարվելու և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու միտումնավոր որոշում է, ասել է նա։

Այդ ֆոնին ՀՀ ներկայացուցիչը դիմել է ՄԱԿ ԱԽ-ին՝ իր վրա վերցնելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը՝ կոչ անելով ներկաներին շոշափելի միջոցներ ձեռնարկել այսօրվա նիստից հետո։ Դրանք պետք է ներառեն. Ադրբեջանի չհրահրված ագրեսիայի խիստ դատապարտումը; ադրբեջանական ուժերի անհապաղ, անվերապահ դուրսբերման պահանջը; պահանջ, որ այդ երկիրը զերծ մնա Հայաստանի դեմ ագրեսիայի հետագա գործողություններից և լիովին կատարի իր միջազգային պարտավորությունները; պահանջել Բաքվից խաղաղ կերպով ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետ կապված հարցերի, ներառյալ կարգավիճակի հարցի շուրջ բանակցային գործընթացում; և բոլոր հայ ռազմագերիներին ազատելու եւ հայրենադարձելու կոչ։

Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը: Ադրբեջանի մշտական ներկայացուցիչՅաշար Ալիևըիր ելույթում սահմանային բախումների հրարհրման ողջ մեղքը բարդել էր Հայաստանի վրա՝ դա բացատրելով իբր հայկական կողմի կողմից բանակցային գործընթացը տորպեդահարելու ձգտումով:

Ալիևը, փաստացի, անուղղակի կերպով ընդունեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժելու փաստը: Նա, հերքելով հայկական կողմի հնչեցրած մեղադրանքները՝ զավեշտալի որակեց այն հանգամանքը, գրեթե 30 տարի «Ադրբեջանի ինքնիշխան տարածքները օկուպացիայի տակ պահած Հայաստանը», այժմ խանդավառությամբ խոսում է այն նորմերի և սկզբունքների պահպանման անհրաժետության մասին, որոնք անձամբ հետևողականորեն խախտել էր:

Նրա խոսքերով Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը և արտաքին գործերի նախարարությունը սադրիչ հայտարարություններ են արել Արցախի Հանրապետության, իր բնութագրմամբ «ապօրինի ռեժիմի անկախության» տարեդարձի կապակցությամբ, որը Հայաստանը «ստեղծել և պահպանել էր Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:

Նա նշել է, որ Հայաստանն ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերի մնացորդները Ադրբեջանից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները։ Նրա կառավարությունը առաջնահերթություն է համարել ազատագրված տարածքների վերականգնումն ու վերակառուցումը և դրանց վերաինտեգրումը երկրի տնտեսության մեջ, և հետևաբար չի կարող շահագրգռված լինել այնտեղ որևէ ռազմական գործողությամբ։

Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը միջպետական կարգավորման երկու ուղիներն են, որոնք լրացնում են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: Նա վերահաստատել է միջազգային հանրության կոչը՝ համոզել Հայաստանին փոխադարձել Ադրբեջանի առաջարկը, դադարեցնել իր քաղաքական և ռազմական սադրանքները, հրաժարվել իր ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից և բարեխղճորեն ներգրավվել ուղիղ բանակցություններում՝ խաղաղ դիվանագիտական լուծում գտնելու համար բոլոր միջպետական հարաբերություններին։

Բեռնում.....