«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով դրամի արժեզրկման միտումներ են նկատվում, մինչդեռ վերջին շրջանում, մինչ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, հակառակ գործընթացն էր: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, դոլար-դրամ փոխարժեքը մշտապես կախված է եղել ոչ միայն տնտեսական գործոններից, այլև քաղաքական, ռազմական իրադարձություններից:
«Ինչպես 2016, 2020 թվականներին, այնպես էլ հիմա դրամի փոխարժեքը տատանվում է՝ այս դեպքում ևս պայմանավորված անվտանգային գործոնով: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով մեր երկիրը գտնվում է որոշակի բացասական ազդեցության տակ, որն արտահայտվում է նաև տնտեսական ոլորտում: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը մեծ վնաս է հասցրել ՀՀ քաղաքացիական ենթակառուցվածքներին, որոնք ապահովում են մեր տնտեսության կայունությունը, տնտեսական զարգացումը, ապա տրամաբանական է, որ այդ հանգամանքը պետք է արտահայտվի նաև դոլար-դրամ փոխարժեքի վրա: Նշվածից պետք է հետևություններ անեն նաև այն միջազգային ընկերությունները, որոնք այստեղ ևս հետաքրքրություններ ունեն: Մասնավորապես, հիշեցնեմ Ջերմուկի մոտ գտնվող Ամուլսարի ներդրումային խոշոր նախագծի մասին, որն իրականացվել է ամերիկյան, կանադական կապիտալի կողմից, և հիմա այդ կապիտալը գտնվում է ռազմական գործողությունների թատերաբեմում: Այս տնտեսական վնասները, մեծ հաշվով, ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, ընկերություններին, այլև օտարերկրացիներին են առնչվելու: Ամերիկյան կազմակերպությունը, որը տնօրինում է նշված նախագիծը, պետք է հետևություններ անի, անշուշտ, հայց ներկայացնի Ադրբեջանի դեմ՝ որպես իր գույքին վնասող կողմ»,-«Փաստի» հետ զրույցում ասել է տնտեսագետը:
Նրա խոսքով, ռազմական գործողությունների հետևանքով հասցված վնասներից զատ կան նաև որոշակի բացասական սպասումներ. «Երկրի անկայունության պայմաններում օտարերկրացիները նախընտրում են իրենց գումարները վերածել արտարժույթի՝ վտանգի դեպքում երկրից արագ դուրս հանելու նպատակով: Այս սպառնալիքը կա: Ներդրողները, նաև ֆիզիկական անձինք իրենց համար, այսպես ասած, որոշակի ֆինանսական բարձիկներ են ստեղծում՝ վտանգի դեպքում արագ դուրս գալու կամ քիչ կորցնելու նպատակով: Այս երևույթը իր հերթին է ազդում դոլար-դրամ փոխարժեքի բարձրացման վրա: Ռազմական գործողությունները կարող են հանգեցնել նաև տուրիստական հոսքերի նվազմանը կամ ընդհանրապես դադարեցմանը, մասնավորապես, Ռուսաստանից, որի քաղաքացիները մարտից այստեղ են»:
Սուրեն Պարսյանի դիտարկմամբ, ռազմական գործողությունները նաև ծախսեր են ենթադրում, և կառավարությունը մեծ քանակությամբ դրամ է ծախսում, ինչն իր ազդեցությունը կարող է թողնել շուկայի վրա:
Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում
