14.1 C
Yerevan
27 Սեպտեմբերի, 2022
221395.2 By Google Analytics 25.09.2022
Գլխավոր » ՀՀ-ն փորձում է ՌԴ-ից կախվածության մակարդակը նվազեցնել․ Էդգար Վարդանյան
Գլխավոր Նորություններ

ՀՀ-ն փորձում է ՌԴ-ից կախվածության մակարդակը նվազեցնել․ Էդգար Վարդանյան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստանում էր։ Այցը մեծ ոգևորություն էր առաջացրել շատերի շրջանում, ի պաշտպանություն այցի, մայրաքաղաքում տեղի ունեցան ցույցեր: Միաժամանակ, հասարակության մի մասն էլ բողոքում և պահանջում էր, որ ՀՀ-ն պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմից։ 

Թեմայի շուրջ NewArmenian-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։ 

Պարո՛ն Վարդանյան, Փելոսիի այցին զուգահեռ մի տեսակ մեծ չէ՞ր էյֆորիան, ի՞նչ էր ժողովուրդն ակնկալում այդ այցից։

 Որոշ մարդիկ մեծ սպասելիքներ ունեին այդ այցից, և չեմ կարծում, թե այդչափ բարձր սպասելիքներն արդարացված էին։ Այս պահին ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, և այս պայմաններում միանգամից մեկ օրվա ընթացքում ՀՀ-ն չէր կարող դառնալ ԱՄՆ-ի դաշնակիցը՝ այն առումով, որ միանգամից մեծ ծավալների ռազմական օգնություն ցույց տան, կամ էլ հատուկ կարգավիճակ տային Հայաստանի հետ հարաբերություններին։ Չի կարելի Փլեոսի այցը ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել։ Ակնհայտ էր, որ շատ կարևոր այց էր և կարևոր էր նրանով, որ այն համընկավ Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Փաստացի ձեռքբերված հրադադարը հաստատվել է մեծամասամբ ԱՄՆ-ի ջանքերով։ Նենսի Փելոսիի այցը հրադադարի պահպանման համար կարևոր ազդակ էր՝ ուղղված Ադրբեջանին և տարածաշրջանի խաղացողներին։ 

Տարածված տրամադրութթյուններից, ինչպես հասկանում էինք, ակնկալվում էր ռազմական օգնություն։ Իրատեսակա՞ն է այս պահին ԱՄՆ-ից ռազմական օգնություն սպասելը։ 

-Գիտեք` օգնությունը տարբեր կերպ է լինում, այդ թվում՝ ռազմական։ Չեմ կարող ասել, թե ինչ տեսակի օգնություն կարող է ՀՀ-ն ակնկալել։ Հասկանալի է, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը բավականին սահմանափակում է օգնություն ստանալու հնարավորությունները։ Սակայն, ՀՀ իշխանությունները նաև ասել են, որ փորձելու են տարբեր տեղերից զենք գնել։ 

Նկատենք նաև, որ «փրկիչներ» փնտրող ժողովուրդը, որ 30 տարի ՌԴ-ին էր «փրկիչ» համարում, այժմ հանկարծ սկսեց մեկ այլ «փրկիչ» պահանջել՝ ի դեմս ԱՄՆ-ի։ 

-Նախ պետք է արձանագրենք, որ դաշնակիցը որերորդ անգամ է իրեն այնպես չի դրսևորում, ինչպես որ պարտավոր է։ Դաշնակիցն իրեն ավելի շատ պահում է չեզոք միջնորդի դերում, և, բնականաբար, այս ամենը չի կարող դժգոհությունների առիթ չդառնալ։ Մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ դաշնակցին մեկ օվա ընթացքում հնարավոր չէ փոխել։ Պետք է նկատել, որ Հայաստանի հասարակության կողմից կա լուրջ դժգոհություն, և կա պահանջ վերանայելու արտաքին քաղաքական վեկտորը։ Տարատեսակ հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունում աճում են պրոարևմտյան տրամադրությունները, և հակառակը նվազում՝ պրոռուսականը։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանի հասարակությունն է դաշնակից ընտրել ի դեմս ՌԴ-ի։ Դաշնակցին ՀՀ-ն նախկին ավտորիտար համակարգից է ժառանգություն ստացել։ Հասկանալի է նաև, որ ՌԴ-ի ներկայությունն է ՀՀ-ում մեծ։ Մենք նաև «թավշյա» հեղափոխությունից հետո էլ չենք վերանայել արտաքին քաղաքական վեկտորը։ ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցել չի նշանակում, որ ՀՀ ներկայիս իշխանությունները քաղաքակրթական ընտրություն են կատարել այն առումով, որ կողմ են հանդես գալիս այդ կազմակերպությունների երկրների հետ հարաբերությունների հաստատմանը։ 

Պարո՛ն Վարդանյան, ՀՀ-ում Փելոսիի ելույթից հետո երեկոյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահին՝ կոչ անելով պահպանել հրադադարը։ Ի՞նչ է Բլինկենի զանգը նշանակում։ Արդյո՞ք նա փորձել է Փելոսիի կտրուկ հայտարարության եզրերը մեղմացնել։ 

— Հակառակը, Փելոսին օրենսդիր իշխանության ներկայացուցիչն է՝ Կոնգրեսի ղեկավարը։ Որոշները կարող են մեկնաբանել, որ գործադիր իշխանության տեսակետը չի ներկայացնելու, բայց Բլինկենի այդ քայլը խոսում է այն մասին, որ այն, ինչ ասել է Փելոսին, ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն է։ Բլինկենի հայտարարծ տեքստից կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանից, հրադադարը պահպանողն էլ պետք է լինի Ադրբեջանը։ Իմ կարծիքով՝ ուղիղ տեքստով հաստատում է Փելոսիի խոսքերը և դիրքորոշումը։ Կարող ենք արձանագրել, որ այդ զանգը նշանակում է, որ Փելոսին արտահայտում է ԱՄՆ գործադիր իշխանության դիրքորոշումը։

 — Նշեցիք, որ ՀՀ-ն պետք է փոփոխի իր արտաքին վեկտորը։ Ի՞նչ եք կարծում, այս պահին ՀԱՊԿ-ի հետ կապված ՀՀ-ն պետք է վերանայումներ անի՞՝ հաշվի առնելով նաև հանրային տրամադրվածությունները։ 

— Մենք տեսնում ենք, որ Հայաստանում այդպիսի պահանջ կա․ բազմաթիվ քաղաքական ուժերի առաջնորդներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ են խոսում հօգուտ դրա։ Հանրային տրամադրություններում ևս կա դիրքորոշում ի օգուտ ՀԱՊԿ-ից դուրս գալուն և ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայմանը։ 

Հայաստանում մի կողմից օրենսդիրի մակարդակով տեսնում ենք կոշտ արձագանք ՀԱՊԿ-ի վերաբերյալ, նույնը չենք կարող ասել գործադիրի մասով։ Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ից դո՞ւրս չեն գա։ 

-Չեմ կարծում, որ իշխանությունները կգնան այդ քայլին և ՀԱՊԿ-ից դուրս կգան։ Բայց արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն ավելի կխորացնեն, այսինքն՝ պաշտոնական Երևանը կփորձի տարբեր երկրների հետ խորացնել հարաբերությունները՝ նաև ռազմական առումով՝ փորձելով հակակշռել այն բացերը, որը կա ՀԱՊԿ-ի հետ կապված։ 

— Բայց, ըստ ձեզ, այս ուղղությամբ ՀՀ-ն ունի՞ մշակած ռազմավարական ճանապարհային քարտեզ։

— Արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն կնշանակեր այն դեպքում, երբ կտրուկ փոխվեր վեկտորը, այսինքն՝ կտրուկ դուրս գար ՀԱՊԿ-ից, վերանայեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, այդ թվում՝ դաշնակցային պայմանագրերը։ Եվ դրանից հետո հայտ ներկայացներ ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար։ Սա կնշանակեր արտաքին վեկտորի փոփոխություն, այդ դեպքում արտաքին հարաբերություններում դիվերսիֆիկացիան կխորացվեր։ Փաստացի ՀՀ-ն փորձում է ՌԴ-ից կախվածության մակարդակը նվազեցնել։ Իշխանությունները գնալու են այս ճանապարհով և ոչ թե արտաքին քաղաքականության վեկտոր են կտրուկ փոփոխելու։ Սա այսօրվա իրավիճակը հաշվի առնելով եմ ասում, բայց հնարավոր են այլ իրավիճակներ։ 

 Իսկ կիսո՞ւմ եք այն տեսակետը, թե պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց միաժամանակ վերահաստատել և խորացնել դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ։ 

— ՌԴ-ն է ՀԱՊԿ-ում հիմնական դերակատար ունեցողը։ Նկատել եմ, որ կա այդպիսի թեզ, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից և խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Միգուցե հենց ՌԴ-ն էլ դա է ուզում։ Այս պահի դրությամբ ես չեմ գտնում, որ դա հիմնավոր թեզ է։ Այսօր մենք մոռանում ենք, որ ՌԴ-ի հետ ունենք համապատասխան փոխօգնության պայմանագրեր։ Այն, ինչ ՀԱՊԿ-ից ենք ակնկալում, Մոսկվայից էլ կարող ենք սպասել։ ՌԴ-ն ձեռնպահ է մնում Հայաստանին աջակցելու նպատակով ակտիվ գործողություններ կատարել։ Մոսկվան չի ցանկանում վատացնել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այդ պետությունները դիտարկում է, այսպես ասած, հակաարևմտյան գործունեություն ծավալելու գործընթացում դաշնակիցները։ Այդ պետությունները ՌԴ-ն դիտարկում է նաև որպես այլընտրանքային տնտեսական գործընկերներ։ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, դա նույնպես զսպող գործոն է մեր երկրի համար ակտիվ գործողություններ իրականացնելու։

Բեռնում.....
-->